Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Խաչատրյանական փառատոնը թույլ է տալիս լսել որակյալը որակյալ կատարմամբ»,- հանդիսատեսը՝ Խաչատրյանի փառատոնի մասին

Հոկտեմբեր 21,2016 12:07

Խաչատրյանի միջազգային փառատոնի 3-րդ սիմֆոնիկ համերգը հոկտեմբերի 20-ին ղեկավարում էր իտալացի դիրիժոր Բեատրիչե Վենեցին։ Ծրագրում հնչել են Էդուարդ Հայրապետյանի կամերային նվագախմբի համար Պավանը, Քշիշտոֆ Պենդերեցկու երեք թավջութակի և նվագախմբի համար գրված թիվ 1 Կոնչերտո գրոսսոն` (մենակատարներ՝ Արամ Թալալյան, Գայանե Խաչատրյան (Գերմանիա), Անուշ Յավրումյան), Լյուդվիգ վան Բեթհովենի Լեոնորա թիվ 3 նախերգանքը և Առաջին սիմֆոնիան։

Նշենք, որ իտալացի դիրիժոր Բեատրիչե Վենեցին այս տարի հունիսին մասնակցել էր Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների միջազգային մրցույթին՝ արժանանալով հատուկ մրցանակի՝ 2016-2017թթ. համերգաշրջանի ընթացքում հնարավորություն ստանալով հանդես գալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավիրյալ դիրիժորի դերում: Բեատրիչե Վենեցին նկատում է, որ իր համար մեծ փորձառություն էր մասնակցել Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին, հետո նաև՝ խաչատրյանական փառատոնին։ Երիտասարդական նվագախմբի հետ իր համագործակցությունն էլ շատ բարձր է գնահատում՝ ասելով, որ այստեղ աշխատում են բարձրակարգ երաժիշտներ։
Թավջութակահարուհի Անուշ Յավրումյանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտներից է և առաջին անգամ է որպես մենակատար հանդես գալիս նվագախմբի հետ։ Անուշ Յավրումյանը նկատում է, որ փառատոնին հրավիրված են բազմաթիվ պրոֆեսիոնալ երաժիշտներ, դիրիժորներ, որոնցից և՜ իրենք՝ երաժիշտները, և՜ հանդիսատեսը շատ բան են քաղում։

Թավջութակահարուհի Գայանե Խաչատրյանն այժմ ուսումը շարունակում է Գերմանիայում։ Ծանոթ էր խաչատրյանական փառատոնին և շատ ուրախ է հրավեր ստանալ՝ մասնակցելու նրա շրջանակներում։

Խաչատրյանի անվան փառատոնի համերգներին մեծ սիրով սպասում է նաև հանդիսատեսը։ Նառա Աբգարյանը փառատոնի երեկոների մշտական ունկնդիրներից է։ «Ամեն տարի սրտի թրթիռով եմ սպասում Խաչատրյանի փառատոնի հերթական մեկնարկին և ընթացքին` ակնկալելով հերթական նորարարությունը դասական երաժշտության ասպարեզում: Այն ինձ համար վերածվում է իսկական տոնի, երբ բեմում տեսնում եմ հարազատ դարձած աշխարհահռչակ երաժիշտ-մենակատարների, դիրիժորների և ամենակարևորը՝ իմ սիրելի նվագախմբին` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Խաչատրյանական փառատոնն ինձ համար դասական երաժշտության լավագույն տոնն է: Այն անցկացվում է բարձր մակարդակով, թույլ է տալիս լսել որակյալը որակյալ կատարմամբ և յուրաքանչյուր համերգի մի քանի ժամը մոռանալ առօրյա խառնաշփոթը` տրվելով երաժշտության կախարդական մեղեդիներին»,- ասում է Նառա Աբգարյանը:
Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի են կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ) և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։ Միջազգային փառատոնի հովանավորներն են «Ջերմուկ գրուպ» ընկերությունը, «Անի պլազան», «Երևանի կոնյակի գործարանը», ԱրմՍվիսԲանկը։

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31