ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումը շարունակվում է: Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա շնորհավորեց կառավարությանը եւ կոչ արեց՝ հավանություն տալ կառավարության ծրագրին:
ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ կառավարությանը շնորհակալություն հայտնեց, որ չի պարտադրել 500 էջ կառավարության ծրագիրը կարդալ, այլ՝ մոտ 30 էջանոց տարբերակով է բավարարվել:
Հակոբ Հակոբյանը գտնում է, որ աղքատությունը, որը 60 տոկոսից տքնաջան աշխատանքի շնորհիվ դարձրել են 30 տոկոս, ավելի կրճատելու համար պետք է հետեւյալ քայլերն անել. «Պետք է կրճատել պետական համակարգում աշխատող մարդկանց քանակը, որովհետեւ նրանք հավելյալ արժեք չեն ստեղծում: Պատկերացրեք մի պետություն, որի երկու ձեռքերը ձախ կողմում են, աջը ոչինչ չունի: Հիմա հարկավոր է պետության երկու ձեռքերը դնել իրենց տեղերը, որ ամեն ձեռքը ֆունկցիոնալ կատարի այն, ինչ պետք է անի: Մարդիկ, որոնք ազատվում են, նրանց համար պետք է ստեղծել աշխատատեղ: Հողի ապրող մարդը պետք է զբաղվի հողագործությամբ: Քաղաքում ապրող բնակիչը պետք է կրթություն ստանա այնքան, որ կարողանա զբաղվել փոքր ու միջին բիզնեսով: Պետք է զբաղեցնել մարդկանց»:
Կարդացեք նաև
Հակոբ Հակոբյանն ասաց, որ եթե մենք պարենային ապրանքի 1 տոկոս գնաճ ենք ունենում, հասարակությունը կորցնում է 15 մլրդ դրամ: Գնաճ չունենալու համար պետք է ինքդ արտադրես քեզ հասանելիք ապրանքը: Կդառնաս պոտենցիալ արտահանող. «1 դոլար արտահանվող ապրանքը հավասար է 1.3 դոլար ներմուծվող ապրանքին»:
Պատգամավորը նշեց, որ կառավարության ծրագրի մասին բացասական ելույթ համարյա չի լսել. «Կախարդական փայտիկ ոչ մեկը չունի եւ չի կարող ունենալ, բայց միասնությունը, հանուն նպատակի համատեղ փոխըմբռնումը կծառայի քաղաքական այն նպատակին, որի անունը կախարդական փայտիկ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ