ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը չի շտապում գնահատել կառավարության գործունեությունը:
Ըստ նրա, մեկ ամսվա գործունեությանը ճիշտ չէ գնահատական տալ, նույնիսկ վեց ամսվա գործունեությանը չպետք է գնահատական տալ, քանի որ տնտեսության աճը վեց ամսում չի երեւա:
Նա այսօր «Հենարան» ակումբում կառավարության ծրագրին անդրադառնալով, ասաց՝ կառավարության ծրագիրը իրատեսական է, այնտեղ շատ հստակ ժամանակացույցով կոնկրետ ոլորտների բարելավման իրատեսական պահանջներ են դրված. «Վերացական բաների քիչ կհանդիպեք»:
Ըստ նրա, ծրագրի կարեւորագույն մոտեցումն այն է, որ հստակ իրավիճակի ախտորոշման ու վերլուծությանն ուղղված գործողություններ կան, կարճաժամկետ ծրագրեր եւ երկարաժամկետ ծրագրերի հայեցակարգերի մշակման փուլ:
«Կառավարությունն իր ծանրաբեռնվածության հաշվին, ոչ արդյունավետ աշխատանք չկատարելու համար ստեղծում է ռազմավարական կենտրոն, այն պետք է գործի ոչ միայն բյուջեի հաշվին, այլ ներդրումների հաշվին»,- ասաց տիկին Մուրադյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, պետք է խթանվեն ներդրումները, ինչի համար էլ հենց նախատեսել են ներդրումային հիմնադրամ ստեղծել. « Ծրագրում կա ոչ միայն տնտեսության զարգացման ուղղությամբ կոնկրետ գործողություններ, այլեւ քաղաքացու համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, նրա անվտանգությունն ու արժանապատիվ ապրելու իրավունքի իրացման բոլոր պայմանները»:
Նա նաեւ ասաց, որ կառավարության ծրագրում Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթներն են ու Սահմանադրությունը. « Այս ծրագիրը գալիս է կենսագործել Սահմանադրության փոփոխությունները»:
Մեր հարցին, թե ինչպես է վեց ամսվա կյանք ունեցող կառավարությունն իրագործելու ծրագրով առաջարկված երկարաժամկետ գործողությունները, տիկին Մուրադյանը պատասխանեց. «Այս կառավարությունը նաեւ շարունակում է նախորդ կառավարության որոշ ծրագրեր, իսկ ծրագրի երկարաժամկետ լինելը պայմանավորված չէ այս կառավարության կամ նախորդի լինելով. պահանջն այն է, որ դրվեն այնպիսի երաշխիքներ, որոնք Սահմանադրության կենսագործումը կապահովեն, իսկ Սահմանադրությունը փաստաթուղթ է թե այս, թե հաջորդ կառավարության համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ