«Հարգելի պատգամավորներ,
կառավարության հարգելի անդամներ,
թույլ տվեք նախ եւ առաջ շնորհավորել Հայաստանի Հանրապետության նոր կառավարությանը գործունեության ծրագրի ներկայացման առթիվ, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին եւ պատգամավորներին՝ շահագրգիռ քննարկման համար:
Մեր հանրապետությունը, տեւական ժամանակ կանգնած լինելով ամենատարբեր մարտահրավերների առաջ, շարունակական եւ նպատակային բարեփոխումների անհրաժեշտություն ունի` երկրի տնտեսության, հասարակական ու քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում: Այդ բարեփոխումները մենք սկսել ենք վաղուց, անցել ենք բավականին ծանր եւ դժվարին փուլեր եւ ներկայում էլ կանգնած ենք նոր որակի բարեփոխումների իրականացման շեմին: Ես համոզված եմ, որ բարեխիղճ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ, անկախ երկրում տեղի ունեցող քաղաքական մրցակցության տարատեսակ դրսեւորումներից, մենք ի զորու ենք հաղթահարելու այն բոլոր մարտահրավերները, որոնք ծառանում են մեր երկրի առջեւ:
Կառավարության գործունեության ծրագիրը, կարծում եմ, իրատեսական հիմքի վրա ստեղծված, հստակ գործողություններ ենթադրող եւ կոնկրետ արդյունքներ ակնկալող փաստաթուղթ է` կառուցված ներկայի հնարավորությունների եւ ապագայի պատկերացումների վրա: Առաջադրելով նոր մոտեցումներ ու գաղափարներ՝ այն հիմնվում է նաեւ արդեն իսկ իրագործվող կենսունակ գաղափարների ու բարեփոխումների շարունակականության ապահովման մարտավարության վրա, որոնք սկսվել են նախորդ կառավարությունների գործունեության տարիներին եւ պետք է ապահովեն դրանցով հետապնդվող խնդիրների լուծումը:
Կարդացեք նաև
Հարգելի գործընկերներ,
Հայաստանի նոր կառավարությունն իր առաքելությունն ստանձնել է աշխարհաքաղաքական բարդ պայմաններում եւ խորհրդարանական կառավարման համակարգին անցման ամենապատասխանատու փուլում: Սա նշանակում է, որ նոր կառավարությունը պետք է օպերատիվորեն լուծի ոչ միայն երկրի կայուն զարգացման ընթացիկ եւ ռազմավարական, այլեւ այդ անցումային փուլում ի հայտ եկող առանձնահատուկ խնդիրները, ընդ որում քաղաքական բարեփոխումների տեսանկյունից շատ կարճ ժամանակահատվածում եւ կառավարման ոչ ստանդարտ մոտեցումներով: Այս առումով, կարծում եմ, առաջիկա մեկ-երկու տարիներին խորհրդարանին եւս շատ ինտենսիվ աշխատանք է սպասվում կառավարման նոր համակարգի օրենսդրական հիմքերի ձեւավորման տեսանկյունից:
Սա այն կարեւոր հանգամանքներից մեկն է, որն արտացոլված է նաեւ կառավարության ծրագրում` մի շարք ոլորտների կտրվածքով առանձնահատուկ ամրագրելով մի քանի ամսից մինչեւ մի քանի տարվա առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ եւ դրանց լուծմամբ ակնկալվող կոնկրետ արդյունքներ: Այն ենթադրում է նաեւ ավելի տքնաջան աշխատանք, ավելի մեծ անձնական ու միաժամանակ միասնական պատասխանատվություն գործադիր եւ օրենսդիր մարմինների համար:
Բարձր եմ գնահատում նաեւ ծրագրի հիմքում դրված կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված գաղափարախոսությունը, ինչը չափազանց կարեւոր է մեր հանրապետության ռեսուրսային սահմանափակ հնարավորությունների, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական առկա իրողություններով պայմանավորված արտաքին օժանդակության ծավալների նվազման տեսանկյունից: Համոզված եմ, որ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության մակարդակի բարձրացումը ոչ միայն կընդլայնի մեր երկրի ֆինանսական հնարավորությունները, այլեւ իրական նախադրյալներ կստեղծի բնակչության եւ իրավաբանական անձանց հարկային ու ֆինանսական «բեռի» զգալի թեթեւացման համար:
Հարգելի գործընկերներ, ամփոփելով ելույթս՝ ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհավորել կառավարությանը, կոչ եմ անում քվեարկության միջոցով հավանություն տալ ներկայացված ծրագրին՝ վստահ լինելով, որ կառավարությունը պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումով եւ մեր աջակցությամբ կկարողանա իրագործել այն»:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն