Հավաքականի ղեկը հայկական ֆուտբոլի ամենավառ դեմքերից մեկի՝ Արթուր Պետրոսյանի կողմից ընդունելը որոշակի հույս է արթնացրել մարզասերների մի մասի մեջ։ 2000 թվականից Շվեյցարիայում բնակվող Արթուրը երկար ժամանակ հեռու է մնացել մեր ֆուտբոլի, Հայաստանի հանրային կյանքում կատարվող տարաբնույթ իրադարձություններից, ունի, պահպանել է լավ իմիջ հասարակության մեջ, չի ասոցացվում որեւէ խմբի, ուժի կամ կուսակցության հետ, ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում նրա անունը երբեւէ կապված չի եղել որեւէ խարդախության, խաղերի առուծախի հետ եւ այլն։ Մի խոսքով, Արթուր Պետրոսյանը ամբողջապես դրական կերպար է, հետեւաբար հասկանայի է մարդկանց այս հատվածի կարծիք- գնահատականը։
Մեծ հաշվով Արթուրի՝ որպես հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքի գնահատականը տալու են միայն եւ միայն հավաքականի ցուցադրած արդյունքները, ընդ որում, արդեն նոյեմբերի 11-ին մեր ընտրանին Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Երեւանում հյուրընկալելու է մեր խմբի առաջատար Մոնտենեգրոյի հավաքականին։ Արթուր Պետրոսյանի ամբողջապես դրական իմիջի առաջին «փորձաքարը» դառնալու է մինչ այդ խաղը «օդում կախված» միակ հարցը՝ Յուրա Մովսիսյանը հրավիրվելո՞ւ է հավաքական, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ բացասական պատասխան է լինելու, եւ արդեն մինչ Մոնտենեգրոյի հետ խաղը որոշակի հիասթափություն առաջանալու է։
Մոնտենեգրոյի հետ խաղում ոչ դրական արդյունքի դեպքում էլ Արթուր Պետրոսյանը կհայտնվի այն նույն ծանր վիճակում, ինչ եղավ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հետ։ Մոնտենեգրոյին հաղթելու դեպքում Արթուրի հեղինակությունը չի սասանվի, թեեւ հարցեր կմնան եւ ժամանակ առ ժամանակ դրանք կհնչեն։
Արմեն ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում