Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսկ ո՞ւր է «Հայոց լեզու» բաժինը

Հոկտեմբեր 21,2016 10:38

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի պետական լեզուն հայերենն է, իսկ 15-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ հայոց լեզուն եւ մշակութային ժառանգությունը պետության հոգածության եւ պաշտպանության ներքո են: Կարեն Կարապետյանի ներկայացրած կառավարության ծրագրում ոլորտային բաժանում կա` «Էներգետիկ ենթակառուցվածքներ եւ բնական պաշարներ», «Մարդու իրավունքներ եւ արդարադատություն», «Կոռուպցիայի դեմ պայքար» եւ այլն: Մշակույթի մասին բաժին կա, հայոց լեզվի մասին` ոչ մի հիշատակում: Միակ տողը, որտեղ հայերենը հիշել են, ծրագրի «Մշակույթ» բաժնի հետեւյալ ձեւակերպումն է. «Երաժշտական եւ արվեստի դպրոցների համար հայալեզու 20 անվանում ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում եւ տպագրում»:

Բնական է, որ հայերեն պետական լեզվով հանրապետությունում կառավարությունը աշխատելու է հայերեն, բոլոր ծրագրերը, որ խոստանում է կառավարությունը` ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասսայական տարածման վերաբերյալ ազգային ծրագիր, սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի եւ գործիքակազմի արդյունավետության բարձրացման վերաբերյալ հայեցակարգ, վերականգնվող էներգետիկայի ոլորտում միկրոկայանների մասսայականացմանն ուղղված խթանիչ ծրագիր եւ այլն, լինելու են հայերեն: Սակայն հայոց լեզվին հատուկ ուշադրություն դարձնելը հաստատ ավելորդ չէր լինի: Կարելի է ընդամենը մեկ ժամ պտտվել Երեւանի փողոցներով, եւ հայատառ, բայց չգիտեմինչերեն անվանումներից գլխացավ կսկսվի. Սքուեր ուան, Այ բուտիկ, Ֆոն շոփ, Բոդի արտ, Արտ շուզ, Ունո շուզ, Սթայլ Հաուզ, Լեդի Զոն, Դի ընդ Էյջ գրուպ, Դեյդի օպտիկ, Կվադրո եւ այլն: Նույն պատկերն է մարզերում` քիչ պակաս ծավալով: Սա աղետ է: Ոչ ավել, ոչ պակաս:

Կառավարության ծրագրի «Կոռուպցիայի դեմ պայքար» բաժնում գրված է. «Պետական համակարգի աշխատանքի առօրյայից պետության զարգացմանը խանգարող ամենամեծ խոչընդոտների՝ հովանավորչություն, յուրացումներ, կաշառակերություն ու կոռուպցիայի այլ դրսեւորումներ, վերացնելու համար առավելագույն ջանքերի գործադրում»: Լավ է: Մնաց արվի: Լավ կլիներ, եթե «Հայոց լեզու» բաժին լիներ, որտեղ կնշվեր. «պետական լեզվին խանգարող ամենամեծ խոչընդոտների՝ հայատառ օտար բառերի գործածությունից անհապաղ հրաժարում, գործածողներին վարչական պատասխանատվության ենթարկում»: Ոչ ավել, ոչ պակաս: Հակառակ դեպքում մի օր մեր Հայաստանի Հանրապետությունը կդառնա «Արմենիա ռեփաբլիք» կամ «Ղեպուբլիկ Աղմենի», կամ «Արմենիա ռեբուբլիկա», կամ «Արմենիո ջումհուրիեթ»:

Վստահ եմ, որ Կարեն Կարապետյանի կառավարությանը չի գրավում նման հեռանկարը: Մարդիկ այնքան են շտապել օր առաջ ոտքի հանել Կարեն Կարապետյանի ձեւակերպմամբ՝ «չափազանց ծանր վիճակում գտնվող» տնտեսությունը, որ մոռացել են (մի պահ մոռացել են) մայրենիի մասին: Ազգային ժողովում ծրագրի քննարկումը դեռ ընթացքում է: Դեռ կարելի է լրացումներ անել:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

«Առավոտ»

21.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31