Քվեմո Քարթլիում, որը խիտ բնակեցված է ադրբեջանցիներով, շարունակում է զարգանալ հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունների օրը սկսված կոնֆլիկտը: 6 երիտասարդ է կալանավորվել (19-24 տարեկան), որոնց մեղադրում են ընտրատեղամասի վրա հարձակման և ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար: Նրանք բոլորը Միխայիլ Սահակաշվիլիի «Ազգային շարժման» երիտասարդական թևից են:
Տեղի ադրբեջանական երիտասարդությունը վրդովված է ձերբակալություններով և ազնիվ քննություն է պահանջում: Մասնավորապես, մարդիկ խոսում են այն մասին, որ իշխող «Վրացական երազանք» կոալիցիան ներկայացրել է տեղացի վրացի Թամազ Նավերիանիին՝ որպես իր մեծամասնական թեկնածուի և անտեսել է տեղացի ադրբեջանցի թեկնածուին, որին առաջադրել է հենց համայնքը։
«Այդ մասին բարձրաձայն քչերն են խոսում, սակայն մեծամասնությունն աջակցում էր Իմամ Քուլիևին («Ազգային շարժման» մեծամասնական թեկնածու), դա առաջին դեպքն էր, երբ տեղացի երիտասարդը մասնակցում էր ընտրություններին: Նրա պարտությունն ընկալվեց որպես ընտրությունների կեղծում, քանի որ նրան բավականին շատ մարդ էր աջակցում», -անանունության պայմանով ասել է Մառնեուլի ադրբեջանցի բնակիչը:
Վրաստանի Մառնեուլի շրջանի Կիզիլաջլո գյուղում զանգվածային կռիվ է սկսվել հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունների օրվա երկրորդ կեսին, որի արդյունքում ձախողվել է ընտրություններն այդ ընտրատարածքում: Այդ օրը գյուղի բնակիչներից մեկը պատմել է, որ մարդիկ տեսել են, թե ինչպես է նույն մարդը մի քանի անգամ ընտրատեղամաս մտել և քվեարկել: Միանգամից մի քանի կուսակցության դիտորդներ, որոնք ընտրատեղամասի դրսի կողմից են կանգնած եղել, վրդովվել են և պահանջել կասեցնելը գործընթացը: Նրանց պահանջն անտեսվել է, և սկանդալն արագ վերաճել է զանգվածային կռվի՝ հազարավոր մարդկանց և հատուկ նշանակության ջոկատի մասնակցությամբ:
Ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած արտակարգ ճեպազրույցի ժամանակ, հաղորդվել է, որ ձերբակալված երիտասարդներն Կիզիլաջլոյի միջադեպի ժամանակ աչքի են ընկել առանձնապես ագրեսիվ պահվածքով: Նրանք մարդկանց կոչ են անում ներխուժել ընտրատեղամաս և առևանգել քվեատուփը, ոստիկանների վրա քարեր նետել:
Արդեն հաջորդ օրը կալանավորվածներին (նրանց անունները չեն նշվում) 2 ամիս նախնական կալանքի են դատապարտել:
Ձերբակալվածների բարեկամներն այլ վարկած ունեն: Նրանց խոսքով, զինված հատուկ ջոկատայիններն առանց զգուշացման ներխուժել են նրանց տներ առավոտյան 5-ին: «Անսպասելի աղմուկ բարձրացավ, մենք նույնիսկ միանգամից չհասկացանք, թե ինչ է կատարվում: Նրանք զինված էին ինքնաձիգներով: Կոտրեցին ամեն ինչ, ինչ հանդիպեց նրանց ճանապարհին, տանը ոչ մի չկոտրած բան չի մնացել», -հայտնում է ձերբակալվածներից մեկի բարեկամը:
Ձերբակալվածների փաստաբան Դավիթ Կոկոիշվիլին ասում է, որ մեղադրյալներից 3-ին ծեծել են, նույն բանն է հաստատում «ազգային շարժման» անդամ Էլենե Խոշտարիան, որը ներկա էր դատական նիստին:
Երիտասարդների բարեկամները պնդում են, որ հատուկ ջոկատայինները ֆիզիկական վիրավորանք են հասցրել ոչ միայն ձերբակալվածներին, այլ նաև նրանց ընտանիքի անդամներին և անգամ հղի կանանց: Տեղացիներից շատերն են այսօր ուշադրություն հրավիրում այն բանի վրա, որ դատի են տվել միայն ադրբեջանցիներին, չնայած որ կռվին մասնակցել են նաև վրացիներ:
ՆԳՆ-ն օպերատիվ կերպով հերքեց փաստաբանի պնդումը և հայտարարեց, որ կարող է փաստաթղթերով հիմնավորված ապացույցներ ներկայացնել՝ արձանագրություններ և լուսանկարներ:
Փորձագետ Գիա Խուխաշվիլին հայտնել է, որ Քվեմո Քարթլիում լուրջ խնդիրների առաջացման վտանգ կա, և պետությունը պետք է ուշադիր լինի այդ շրջանի հանդեպ:
«Մառնեուլին միշտ իշխանությունների համար լավ հնարավորություն է եղել. տեղի բնակիչները լիարժեք ընտրողներ չեն համարվել, և իշխանությունները չարաշահել են նրանց հարմարվողականությունը: Եվ ահա այս տարի իրադարձությունները բոլորովին այլ սցենարով զարգացան: Դրականն այստեղ այն է, որ մարդիկ տարբեր քաղաքական հայացքներ են արտահայտում, այլ ոչ թե քվեարկում են իշխող ուժի օգտին: Իշխանությունները պետք է հիշեն, որ էթնիկ փոքրամասնությունների թեման ծայրահեղ զգայուն է, և պետք է այնպես գործել, որ մարդկանց մոտ չպաշտպանված լինելու և անարդարության զգացում չառաջանա: Հակառակ դեպքում կոնֆլիկտն ավելի լուրջ բնույթ կսկսի կրել»:
Կիզիլաջլո գյուղի 48-րդ ընտրատեղամասի ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչվել շաբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ին, այստեղ նոր փուլ է սպասվում:
Գիորգի Զեդգինիձե