Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 31-րդ նստաշրջանին հոկտեմբերի 20-ին քննարկումներ են տեղի ունեցել Հայաստանում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած Տեղական կառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ: 2016թ. հուլիսին Էրեբունու ՊՊԾ գնդի գրավումից և սեպտեմբերի սկզբին նոր կառավարության ձևավորումից հետո սրանք առաջին քննարկումներն էին:
Կոնգրեսի զեկուցող Լիզա Անսալան փաստել է, որ չնայած 2016թ. նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանը 2016թ. սեպտեմբերի 18-ին Հայաստանում ընթացած ՏԻՄ ընտրություններում առաջնորդվել են 2011թ. Ընտրական օրենսգրքով: Դա հանգեցրել է անորոշության՝ կապված իրավական համակարգի հետ, և անխուսափելիորեն ազդել է ընտրությունների ընդհանուր մթնոլորտի վրա:
Ընտրության օրը տեղերում աշխատող դիտորդական խմբերը պարզել են, որ տեխնիկական առումով ընտրությունները լավ կազմակերպված են եղել և, ընդհանուր առմամբ, համապատասխանել են միջազգային ստանդարտներին: Միաժամանակ, Անսալան ընդգծել է, որ քաղաքական մրցակցությունը եղել է շատ ցածր մակարդակի վրա, քանի որ մեծ թվով թեկնածուներ շեղվել են քաղաքական արշավից: Արդյունքում հանրությունը քիչ հետաքրքրություն է ցուցաբերել:
Կոնգրեսի որոշ առանցքային առաջարկներ վերաբերվել են այն կրկնվող դեպքերին, երբ քաղաքացիները դե ֆակտո ապրում են արտասահմանում, բայց ներառված են ընտրական ցուցակներում, ինչպես նաև ընտրատեղամասերում մեծահասակների և հաշմանդամություն ունեցողների քվեարկության խնդրին: «Հայաստանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեարկության օրերի ցրվածությունը պետք է կարգավորվի՝ թափանցիկություն ապահովելու և տեղերում հանրության գիտակցությունը բարձրացնելու նպատակով»,- եզրափակել է Լիզա Անսալան:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ