Շատ են մարդիկ, որոնք իրենց առաքելությունն են համարում ինչ-որ չարիքի դեմ պայքարելը: Կաթոլիկները պայքարել են բողոքականների դեմ եւ հակառակը: «Կարմիր բանակը» պայքարել է «սպիտակ բանակի» դեմ, Արեւմուտքը պայքարում է «Իսլամական պետության» դեմ, Միացյալ Նահանգները պայքարում է Ռուսաստանի դեմ: Եթե դրանց բոլորին տեղերով փոխես, ապա արդյունքը նույնն է ՝ պայքար:
Ինձ թվում է՝ դա հնացած եւ անարդյունավետ մոդել է: Եթե դու կարմիր կամ սպիտակ, բոլշեւիկ կամ մենշեւիկ ես, ինքդ արժանի այլընտրանք չես ստեղծում, ինքդ քեզնով այդպիսի այլընտրանք չես հանդիսանում, ապա քո «պայքարը» եւ անգամ «հաղթանակը» ոչ մի կոպեկի գին չունի: ԻԳԻԼ-ը մարդկության դեմ հանցագործություններ է կատարում, այո: Բայց դա ոչ միայն հրոսակների մի խումբ է, այլեւ ունի հարյուր հազարավոր համակիրների բանակ: Արեւմուտքն այդ մարդկանց համար դարձե՞լ է հումանիզմի եւ ազնվության օրինակ: Հավանաբար՝ ոչ. հակառակ դեպքում այդ համակիրների թիվը կտրուկ կպակասեր: «Կարմիր բանակը» գյուղացիներից խլում էր վերջին կովը եւ «կոլխոզ» էր սարքում, բայց «սպիտակ բանակը» նույնպես չէր տալիս արժանապատիվ կյանքի երաշխիք: Իշխանությունը «գող-ավազակ» է, բա ինչո՞ւ այդպես ասողներին ժողովուրդը չի դնում «գահին»: Որովհետեւ նրանք ոչինչ չեն ասում՝ բացի նրանից, որ իրենք են ուզում գողություն ու ավազակություն անել:
Նույնը լրագրության մեջ: Պետք չէ պայքարել որակյալ լրագրության համար, պետք է որակյալ լրագրող լինել: Պետք չէ քննադատել երիտասարդներին, թե նրանք համակարգչի մոտ նստած «լուրեր» են բստրում: Պետք է օրինակ ցույց տալ, թե ինչպես է պետք լուր գրել: Թող ընթերցողը այդ լուրը եւ «լուրը» կողք կողքի դնի եւ որոշի, թե որն է իրեն պետք:
Նույնը նաեւ տնտեսության մեջ: Անհրաժեշտություն չկար պայքարել «ԱրմենՏելի» դեմ: Պարզապես կողքը դրվեցին «Վիվասելն» ու «Օրանժը», եւ «ԱրմենՏելն» այլեւս դադարեց չարիք լինելուց՝ շարունակելով այս մրցակցային դաշտում մատուցել իր ծառայությունները:
Պետք չէ պայքարել Սամվել Ալեքսանյանի դեմ: Միակ բանը, որի կարիքը կա՝ բիզնեսի համար հավասար պայմաններ ստեղծելն է: Թիրախը, նպատակը պետք է դրական լինի: Եթե դու ինչ-որ բան ես ձեռնարկում որեւէ մեկին «վատություն» անելու համար, դու դառնում ես նույնպիսի չարիք, որպիսին է քո «պայքարի» թիրախը: Սպանելով վիշապին՝ ինքդ դառնում ես վիշապ: Հայտնի պատմություն է:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լավ ա ասում ախպերս, լռիվ տոշնի յա:
Դե որ ըտենց ա, ուրեմն ըսենց.`
Մարմնավաճառությունը չարիք է, բայց ունի միլիոնավոր համակիրներ և հաճախորդներ (մեկն էլ ես): Պետք չի պայքարել մարմնավաճառության դեմ, այլ ինքդ ստեղծիր մի քանի մարմնավաճառ ու … Արդեն չգիտեմ ինչ գրեմ: Բայց նման ստացվեց: