Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի «տնային առաջադրանքը»

Հոկտեմբեր 21,2016 12:00

Մեծ խաղի փոքր նրբերանգները

Առաջիկա օրերին սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հարցազրույց է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը, որը հայտնել է, որ պատրաստվում են ուսումնասիրել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաեւ պարզելու են հակամարտության գոտում ռազմական իրավիճակը:

Այն, որ համանախագահները վճռական են տրամադրված Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցում, իհարկե՝ դրական է: Եթե խոսքը վերաբերում է սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների ներդրմանը, ապա այն միանշանակ բխում է հայկական կողմի շահերից: Մինչդեռ նույնը չի կարելի ասել Ադրբեջանի դեպքում, որտեղ հետեւողականորեն ցույց են տալիս, որ դեմ են այդ մեխանիզմների կիրառմանը:
Այնպես որ՝ համանախագահների կոշտ պահվածքն այս հարցում միայն կօգնի գործընթացին: Այս առումով կարելի է հասկանալ վերջին օրերին Բաքվից նյարդային գնահատականների տարափի պատճառները: Մեկ Միացյալ Նահանգներից, մեկ Ռուսաստանից հնչող ոչ լավատեսական հայտարարությունները ԼՂ կարգավորման հարցում սպասումների առումով լրացուցիչ գործիք են, որպեսզի Ալիեւից ներկա փուլում միջնորդները պահանջեն գոնե ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ինչը չի մտնում Ալիեւի «ծրագրերի» մեջ: Այդ է պատճառը, որ նա որոշեց համանախագահների այցից առաջ հանկարծ «մեծահոգաբար» Ղարաբաղին «ինքնավարություն» շնորհել՝ այն ներկայացնելով որպես Բաքվի «զիջումը»:

Ուշագրավ է նաեւ, որ ռուսաստանցի համանախագահը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միասնական փաթեթ է, եւ դրանից առանձին բաղադրիչների դուրսբերումը ապակառուցողական է: «Մենք բազմիցս մեր կարծիքն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձի հարցով: Այդ հարցը պետք է դիտարկել կարգավորման մյուս բաղադրիչների, այդ թվում՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցի, բոլոր փախստականների վերադարձի, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի պահպանման, խաղաղապահ գործողությունների անցկացման հետ համատեղ: Կարգավորման հարցը միասնական փաթեթ է, եւ դրանից առանձին բաղադրիչներ դուրս հանելու ցանկացած փորձ, որին մեկ կամ մյուս կողմը նախապատվություն է տալիս, ապակառուցողական է»,- ասել է Պոպովը:
Սա նույնպես պաշտոնական Բաքվի` կարգավորման բովանդակությունից ու փիլիսոփայությունից դուրս շարունակական հայտարարություններին ի պատասխան հնչեցրած ուղերձ է:

Եթե ամփոփենք, ապա կարող ենք արձանագրել, որ համանախագահները տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում փորձելու են հասկանալ, թե ինչպես է կատարել «տնային առաջադրանքը» Ալիեւը: Առանց պայմանավորվածությունների կատարման բանակցությունների շարունակմանը հազիվ թե կողմ լինի Սերժ Սարգսյանը, ուստի միջնորդներն այս փուլում, թերեւս, բավական խստապահանջ են:

Չպետք է մոռանալ վերջերս Ալիեւի մեկ այլ` խիստ ուշագրավ հայտարարությունը. «Փակ դռների հետեւում մեզ վրա ճնշում է գործադրվում, որպեսզի մենք համաձայնություն տանք Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը»։ Այսինքն` Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում պայմանավորվածությունների շրջանակը տեխնիկական հարցերից բացի` ունի նաեւ առարկայական հարցերի շուրջ կոնկրետ պատասխանների ակնկալիք, որից խուսափում է Ալիեւը:

Համանախագահների առաջիկա այցն, այսպիսով, կարելի է, թերեւս, կարեւորներից մեկը համարել` բանակցային հետագա գործընթացի ապահովման տեսանկյունից: Նրանք նախ պարզելու են հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ռազմական իրադրությունը, ինչպես նաեւ Ալիեւից կոնկրետ պատասխաններ պետք է փորձեն ստանալ:

Սակայն Պոպովի հարցազրույցում կա մեկ այլ հետաքրքրական հատված: Անդրադառնալով հոկտեմբերի սկզբին Մոսկվայում կայացած համանախագահների հանդիպմանը՝ Պոպովը նախ հայտնել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ում անցկացված հանդիպմանը մանրամասն քննարկվել են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների արդյունքները, ապա հավելել է, թե Սերգեյ Լավրովը գործընկերներին տեղեկացրել է Ռուսաստանի ինքնուրույն միջնորդական ջանքերի մասին, կիսվել Երեւանում եւ Բաքվում Ղարաբաղյան խնդրի շուրջ իր զրույցների գնահատականներով: «Ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները հաստատել են կարգավորման հարցում իրենց երկրների մոտեցումները, որոնք արտահայտում են «եռյակի» հավաքական դիրքորոշումը»,- նշել է Պոպովը:

Եթե ադրբեջանական լրատվամիջոցը չի խեղաթյուրել ռուսաստանցի համանախագահի խոսքը, ապա կարելի է արձանագրել, որ ռուսաստանցի համանախագահի մակարդակով պարզ ասվել է, որ գոյություն ունեն «Ռուսաստանի ինքնուրույն միջնորդական ջանքեր», որոնց առնչությամբ էլ քննարկումներ են ընթացել Մոսկվայում, ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահներին էլ ծանոթացրել են դրանց շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները:

Եթե Մոսկվայի «ինքնուրույն ջանքերը» տեղավորվում են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների առաջարկությունների ու պայմանավորվածությունների շրջանակում, դա, անշուշտ, դրական է, սակայն եթե «Ռուսաստանի ինքնուրույն ջանքերը» այն են, ինչի մասին խոսում էր վերջերս ԵԽԽՎ ամբիոնից Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, թե` «Ռուսաստանը խելամիտ առաջարկություններով է հանդես եկել, այն է` հայերի հեռացումը Ադրբեջանի հինգ օկուպացված շրջաններից», ապա այս դեպքում լուրջ մտորումների ու եզրահանգումների առիթ կա:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

20.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31