Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռ Կամսարի անտիպներից

Հոկտեմբեր 21,2016 14:30

Վաղուց է, ինչ աշխարհի մասին բան չեմ գրել: Չեմ գրել, որովհետեւ աշխարհը հիվանդ է: Սպասում էի, որ կամ մեռնի, կամ առողջանա՝ նոր գրեմ, բայց դժբախտաբար ո՛չ այս է լինում, ո՛չ այն: Ամերիկան եւ Ռուսաստանը, որ ներկայացնում են ողջ աշխարհը, բռնված են ծանր դիզենտերիայով:

Ուզում են իրար հետ հաշտ ապրել՝ չեն կարող:

Երբեմն աղիքները գալարվում են, նիգ է գալիս, սաստիկ ուզում են բարեկամներ լինել, նստում են գարշոկի՝ տեսնում են ոչինչ չի դուրս գալիս:

Քամի:

Ամերիկան ու Ռուսաստանը գարշոկները վերցրած, մեկ տանում են Ժնեւ նստում, մեկ՝ Նյու Յորք, մեկ Վաշինգտոն, բայց ոչինչ դուրս չի գալիս: Իսկ իրար հետ խաղաղ ապրելու նիգ է գալիս։

Այս տեսակ հիվանդներին տեղ տալն էլ դժվար է, հա՜:
Ամեն պետություն ներս չի առնի: Մեկ էլ տեսար լուծեց եւ իրենց բարեկամությամբ ապականեց ողջ երկիրը:

Ո՛չ հաշտություն, ո՛չ կռիվ՝ առաջին անգամն է պատահում դիվանագիտական աշխարհում, այն էլ այսքան երկար ժամանակով:

Առաջները այսպես չէր: Մի պետություն դուրս էր կանչում թշնամի պետությանը փողոց, քաշվում էին մի պատի տակ եւ իրար տալիս:

Այնքան, որ մեկն ու մեկը մեռներ ու դրանով հարցը լուծվեր:
Իսկ հիմա պատերազմը ատոմային է, հետեւաբար, նրա հետեւանքով կարող է ամբողջ աշխարհը կործանվել՝ ոչ ոք չի համարձակվում առաջինն սկսել: Դաշույնները հանելով ու նորից տեղը դնելով պատյանները մաշվեց:

Երբեմն մտածում եմ. «Մարդիկ չե՞ն կարող արդյոք վայրի գազաններից օրինակ վերցնել: Նրանցում էլ կա Ամերիկա եւ Ռուսաստան: Այդ առյուծն ու վագրն են: Ինչպե՞ս կարողացել են այս զույգ «պետությունները» այսքան տարի ապրել միեւնույն մոլորակի վրա, առանց իրար ոչնչացնելու»:

Հետո էլ ինքս ինձ պատասխանում եմ. «Ոչ, մարդը գազանից օրինակ վերցնել չի կարող, որովհետեւ վագրը երբեք չի ստիպում առյուծին, որ նա էլ վագր դառնա: Ասում է մեր տարբեր կերպարանքները չեն խանգարի, որ երկուսս էլ գազաններ լինենք: Աշխարհն այնքան լայն է, որ ամեն ոք ազատ կարող է շարժել իր պոչը, առանց իրար խանգարելու»:
Ասենք՝ անհարմար էլ կլիներ, եթե բանական մարդը ինքզինքը կոտրեր եւ գնար վայրի գազաններից օրինակ վերցներ:

Մենք բանական, նրանք անբան…
1961թգ

 

«Առավոտ»

20.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31