Զարուհի Խաչատրյանի ժամանակը
Հաճախ չենք հանդիպում արտիստի, որը հանդես գա եւ հայալեզու, եւ ռուսալեզու բեմադրություններում: Օրինակ, ժամանակին Արմեն Ջիգարխանյանը, ունենալով ռուսական կրթություն եւ հանդիսանալով Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմ է բարձրացել Լենինի կերպարով՝ Մ. Պոգոդինի «Հանուն հեղափոխության» պիեսում կամ՝ Ռաֆայել Քոթանջյանը, որ հավասարապես ռուսերենով ու հայերենով կերտել է իր հերոսներին` մեզ հայտնի բազմաթիվ ֆիլմերում: Էլ չենք խոսում Վահրամ Փափազյանի մասին, որը խաղում էր մի քանի լեզուներով՝ անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն եւ այլն:
75-ամյա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում եղել է ժամանակահատված (մինչեւ 1960-65թթ.), երբ Հայաստանում ծառայող սպաների խնդրանքով ռուսերենով բեմադրություններ էին ներկայացվում՝ դերասաններ Վարդուհի Շահսուվարյանի, Հայկ եւ Իզաբելա Դանզասների, Նվարդ Ալիխանյանի, Կարպ Խաչվանքյանի եւ ուրիշների մասնակցությամբ:
Մեր օրերում էլ հայկական կրթությամբ մեկ-երկու դերասանի ենք հանդիպում, որոնք հիանալի են մեկնաբանում իրենց կերպարները ռուսերենով: Նրանցից մեկը կոմեդիայի թատրոնում շուրջ քառորդ դար ստեղծագործող Զարուհի Խաչատրյանն է: Հանդիսատեսի հիշողության մեջ դեռ թարմ են Կարինե Խոդիկյանի «Վերադառնում եմ, մոռացեք» մոնոներկայացումը, որը դերասանուհին Ուկրաինայում կայացած փառատոնի ժամանակ ներկայացրել էր ռուսերեն ու դարձել հաղթող «Հայ կնոջ կերպարի լավագույն մարմնավորում» անվանակարգում: Իսկ երբ տարիներ առաջ «Արմմոնո» փառատոնի ժամանակ նա հանդես եկավ նույն դրամատուրգի «Լույսը կբացվի» մոնոներկայացմամբ, մեր հետաքրքրությանը, թե ինչու է խաղում ռուսերեն, Զարուհի Խաչատրյանն ասել էր, որ դա փառատոնի կազմակերպիչների առաջարկն էր, քանի որ մեր երկիր ժամանած հյուրերը Ռուսաստանից եւ Եվրոպայից էին:
Դերասանուհին իր որոշ գործընկերների, այդ թվում՝ Անի Քոչարյանի, Սաթենիկ Հախնազարյանի, Մարիամ Ղազարյանի, Արթուր Կարապետյանի եւ մյուսների հետ վերջերս է վերադարձել Լոս Անջելեսից, որտեղ ներկայացրել են Գ. Խանջյանի «Ինձնից պրծում չկա» եւ Ժ. Հարությունյանի «Պարոն Բաբիկը եւ ուրիշներ» ղազանչյանական բեմադրությունները: Այս ներկայացումներում տարբեր են դերասանուհու կերպարները. առաջինում նա իմիջմեյքեր է ու ջանում է հանրության աչքերին թոզ փչել, ներկայանում է կեղծ բարերար, ավելին՝ սովորեցնում է նիստուկաց, շարժուձեւ, ամեն կերպ փորձում է ապացուցել, որ այն, ինչ արվում է, հենց իրենց՝ մարդկանց համար է: Երկրորդում դերասանուհին սիրուհու կերպար է մարմնավորում: Այդ «քայլին» է նա դիմում լավ ապրելու համար:
Կարդացեք նաև
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Զարուհի Խաչատրյանը հավաստիացրեց, որ երկու կատակերգություններն էլ հիանալի է ընդունել հանդիսատեսը թե Երեւանում, թե Լոս Անջելեսում:
Դերասանուհին համաձայնելով ռեպլիկին, թե արդեն 26 տարի հանդիսանում է կոմեդիայի թատրոնի «ծառան», նաեւ հավելեց. «Թատերական ինստիտուտում ուսանել եմ Զավեն Տատինցյանի արվեստանոցում, դիպլոմային աշխատանքներս՝ Լալի Ռոսեբայի «Պրեմիերա» եւ Պարոնյանի՝ Հասմիկ Բոխյանի երաժշտությամբ «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացումներն էին՝ Արմեն Էլբակյանի ռեժիսուրայով: Եվ հենց Էլբակյանն էր, որ խորհուրդ տվեց ընտրել կոմեդիայի թատրոնը: Իսկ թատրոնում առաջին բեմելս 1990թ. Ժորժ Ֆեյդոյի «Կասկածը կնոջ սրտում» կատակերգությունն էր (ռեժիսոր՝ Մ. Սիմոնյան): Այստեղ սեթեւեթող, ամուսնուս դավաճանող կին էի: Տարիներ են անցել, բազմաթիվ կերպարներ եմ մարմնավորել»: Չենք կարող մեկառմեկ անդրադառնալ դերասանուհու կերտած բոլոր կերպարներին, բայց նշենք մեկ-երկուսը, որտեղ նա մասնագետների ուշադրությունն է գրավել իր երաժշտական ունակությամբ ու պլաստիկայով: Նկատի ունենք Արմեն Էլբակյանի ռեժիսուրայով երկու ներկայացումները՝ Վ. Կոտոյանի երաժշտությամբ Մոլիերի «Ժորժ Դանդեն» եւ Ստեփան Լուսիկյանի հայտնի «Մեծապատիվ մուրացկանները»:
Կատակեցինք, թե տարիներ առաջ եկել խարիսխ է ձգել այս թատրոնում ու երեւի ճշմարիտ են այն խոսակցությունները, թե արվեստագետը հեռու է անխտիր բոլոր թատրոններում առկա ինտրիգներից: «Դա չափազանցված է, նույնիսկ մարդն ինքն իր հետ է կոնֆլիկտ ունենում: Եթե դա չլինի, ինչպե՞ս կշարժվես առաջ: Եվ երբ դադարում է ներսումդ կոնֆլիկտը, դա, իմ համոզմամբ, կործանման սկիզբն է: Կուտակված էներգիադ պետք է ինչ-որ ձեւով դուրս գա, որին անպայման հետեւում է նոր ստեղծագործության ծնունդը»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հետո էլ նշեց. «Դերասաններս ագահ մարդիկ ենք, երբ նոր գործ չենք ունենում՝ խելագարվում ենք»: Զարուհի Խաչատրյանի այս պատասխանի առիթով ասենք, որ նրա վերջին նոր դերը Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»-ի հիման վրա Երվանդ Ղազանչյանի բեմադրած «Ձեր աստվածը փողն է» ներկայացումում էր, որի պրեմիերան կայացել է մեկ տարի առաջ: Այստեղ դերասանուհին դրամատիկ զարգացումներով վարպետորեն կերտեց հերոսի մոր կերպարը: Ստացվում է՝ արդեն եկել է դերասանուհու խելագարվելու ժամանակը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
20.10.2016