Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժվար է Հայաստանից հաջողության հասնելը արվեստի բնագավառում»

Հոկտեմբեր 21,2016 13:30

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը՝  իր լոնդոնյան այցելության, գիտական կոչման եւ ժամանակակից հայ արվեստագետների՝ դրսում գնահատված չլինելու մասին:

– Պարոն Եսայանց, վերջերս մեկնել էիք Լոնդոն՝ ցուցահանդեսների կազմակերպման դասընթացի, ի՞նչ տվեց այցելությունը Ձեզ:

– Բրիտանական խորհուրդը լոնդոնյան հանրահայտ Whitechapel պատկերասրահի հետ համատեղ անցկացրեց «Կազմակերպելով ժամանակակից արվեստի ցուցադրություններ» դասընթացը՝ Միջազգային թանգարանային ակադեմիայի շրջանակներում: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի աջակցությամբ ես հնարավորություն ստացա մասնակցելու դասընթացին, որին ներկա էին տասնվեց այլ թանգարանային մասնագետներ, արվեստաբաններ, կուրատորներ աշխարհի շուրջ տասը երկրից: Շատ կարեւոր, օգտակար եւ հագեցած դասընթաց էր, որի շրջանակներում եղան թե՛ տեսական, թե՛ գործնական դասաժամեր. ծանոթացանք՝ ինչ նոր տենդենցներ կան, ինչպիսի տեխնիկական լուծումներ են կիրառվում ցուցադրությունների կազմակերպման հարցում, շփվեցինք արվեստագետների հետ եւ այլն:

-«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը համագործակցում է բազմաթիվ թանգարանների հետ, արդյոք թանգարանն իր տեխնիկական հագեցածությամբ եւ լուծումներով համապատասխանո՞ւմ է միջազգային չափանիշներին (աուդիոգիդ, տարբեր լեզուներով էքսկուրսիաներ)։

– Ուրախալի է, որ շատ դեպքերում մեր թանգարանը չի զիջում միջազգային ստանդարտներին: Ինչ վերաբերում է աուդիոգիդի ձեւաչափին, ապա Հայաստանում դեռեւս այն չի կիրառվում. դա մի մշակույթ է, որը, վստահ եմ, շուտով կներդրվի մեզ մոտ եւս, իսկ շրջայցերը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում հասանելի են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, արաբերեն լեզուներով:

-Դուք արվեստագիտության թեկնածու եք՝ Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի ամենաերիտասարդ գիտությունների թեկնածուն, գիտական կոչումը ի՞նչ փոխեց Ձեր կյանքում:

-Անկեղծ պետք է լինեմ եւ ասեմ, որ ինձ ավելի շատ բան տվեց ոչ թե գիտական կոչումը, այլ այն աշխատանքը, որը ես արել եմ այդ կոչումն ստանալու համար: Եթե կոչումից հետո զուտ գիտական գործունեությամբ չես զբաղվում, ինչպես ես, ապա այն առավելություններ չի տալիս. խոսքը նոր հետազոտություններ կատարելու, գիտական հանդեսներում հոդվածներ գրելու մասին է: Ես ավելի շատ պրակտիկ գործունեությամբ եմ զբաղվում եւ արվեստաբանական գիտելիքներս օգտագործում եմ ցուցադրությունների կազմակերպման հարցում, այդ թվում՝ գրում եմ որոշակի տեքստեր մեր կատալոգների համար:

-Դուք մասնագիտացված եք ժամանակակից արվեստի ուսումնասիրության մեջ, մերօրյա արվեստագետներից ովքե՞ր են ճանաչված Հայաստանի սահմաններից դուրս:

-Հայաստանյան ժամանակակից նկարիչներն արտերկրում ներկայացված չեն ըստ արժանվույն, դժվար է Հայաստանից հաջողության հասնելը արվեստի եւ մշակույթի բնագավառում, այդ պատճառով շատ արվեստագետներ իրենց գործունեությունը ծավալում են Հայաստանից դուրս: Մեր ժամանակակից նկարիչներից Տիգրան Ձիթողցյանն է ամենից հայտնին, սակայն դժվարանում են նրան հայաստանցի նկարիչ համարել, քանի որ նա ապրում է Նյու Յորքում: Չնայած, 2015 թվականին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում կայացավ նրա անհատական ցուցադրությունը, որը մեջ հաջողություն ունեցավ:

-Արտերկրում արվեստաբանները վայելում են ավելի շատ հարգանք եւ վաստակ, քան Հայաստանում, դա այդպե՞ս է։

-Արվեստաբանները ճանաչված չեն հասարակության լայն շերտերի համար, նրանք ճանաչված են արվեստով հետաքրքրվողների շրջանակում, իսկ վաստակի առումով կարծում եմ՝ էական չէ, թե որ երկրում ես ապրում, եթե զբաղվում ես մտավոր գործունեությամբ, ապա միանշանակ հարգանք ես վայելում:

-Մենք՝ հայերս, սովորության համաձայն՝ շատ ենք բողոքում մշակութային քաղցից եւ շատերն ասում են, թե մշակույթն անկում է ապրում, ի՞նչ կարծիքի եք Դուք:

-Չէի ասի, թե կա մշակութային քաղց. միայն հետեւելով ֆեյսբուքյան շաբաթական միջոցառումներին՝ կարելի է մեծ ակտիվություն նկատել, եւ ամեն ինչ այնքան վատ չէ, որքան ներկայացնում են: Մշակութային քաղցն ավելի գլոբալ առումով կա ամբողջ աշխարհում, եւ արդեն շատ վաղուց է դիտարկվում այդ թեզը, որ հասարակությունը մշակութային դեգրադացիա է ապրում, որ արվեստը մահանում է, բայց ես այդ կարծիքին չեմ:

-Հիմա մենք նստած ենք շատ քննադատված արվեստի գործի կողքին՝ Բոտերոյի «Ծխող կինը» արձանի մոտակայքում, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ մեր հասարակությունը չի կարողանում ազատվել բարդույթներից եւ ըստ արժանվույն գնահատել նաեւ այս արվեստը:

-Ինձ թվում է՝ մենք արդեն անցնում ենք այդ սահմանը, եւ մեր հասարակությունն աստիճանաբար ավելի տոլերանտ է մոտենում այս ամենին, եւ մեր թանգարանի առաքելությունն է համաշխարհային արվեստի լավագույն ստեղծագործությունները ներկայացնել Հասյաստանում, իսկ հայկական մշակույթի լավագույնը ցուցադրել աշխարհին։ Այդ սկզբունքով Գաֆէսճեանի քանդակների պարտեզում ներկայացված նմուշներն աշխարհի լավագույն արվեստագետների ստեղծագործություններն են: Արվեստի լավագույն ստեղծագործությունները միշտ էլ հակասական արձագանքներ են ստացել, սակայն դա չի թերացնում նրանց արժեքը:

 
Զրուցեց ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Լուսանկարը՝ Արմեն Եսայանցի Ֆեյսբուքյան էջից

«Առավոտ»

20.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31