Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսի հին ու նոր ճանապարհը վրձնահարվածներում

Հոկտեմբեր 21,2016 13:00

Լոռու մարզի Օձուն գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղի ունեցավ հայ-չինական «Մետաքսի հին ու նոր ճանապարհը» բացօթյա գեղանկարչության փառատոնի փակման արարողությունը:

10 օր շարունակ հայ եւ չինացի նկարիչները կտավին էին հանձնում Լոռու բնաշխարհի ինքնատիպ անկյունների պատկերները: Չինացի նկարիչները ներկայացնում էին Նանկին քաղաքը եւ առաջին անգամ էին Հայաստանում, ուր իրենց համար նոր աշխարհ են բացել:
Նախեւառաջ ներկաներին եւ արվեստագետներին փոխանցվեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ջերմ մաղթանքները հայ-չինական «Մետաքսի հին ու նոր ճանապարհը» բացօթյա գեղանկարչության փառատոնի ավարտի առթիվ: Նա մեկ շաբաթ առաջ եղել էր Օձունում եւ հանդիսավոր կերպով բացել փառատոնը։

«Ես արդեն առիթ եմ ունեցել Ձեզ հետ հանդիպելու ու ծանոթանալու փառատոնի բացման օրը եւ հիացել Ձեր ստեղծած աշխատանքերով,- ընդգծվում է ուղերձի տեսքով արվեստագետներին ուղղված նախարար Արմեն Ամիրյանի խոսքում,- հիմա՝ փառատոնի փակման օրը՝ դուք արդեն առատ հունձք ունեք, որը կարող է ցուցահանդես դառնալ ինչպես Երեւանում, այնպես էլ Չինաստանում: Սա կարեւոր քայլ եմ համարում հայ-չինական մշակութային կապերի զարգացման եւ ամրապնդման գործում»:

Կազմակերպիչների եւ աջակիցների անունից «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանն ասաց, որ այս բացօթյա ցուցադրությունը վկայում է նկարիչների արդյունավետ ստեղծագործության մասին: Նրանք իսկապես փորձել են հասկանալ Լոռվա աշխարհը՝ իր ամբողջության մեջ:

«Նման փառատոները ստեղծագործական ինքնատիպ հարթակներ են, – շարունակեց Սերգո Երիցյանը,- այստեղ հայ եւ չինացի նկարիչները միմյանց առջեւ բացում էին իրենց ստեղծագործական գաղտնիքները, լարված օրվանից հետո նրանք շարունակում էին քննարկումները օձունցի Սերգո Դավթյանին պատկանող հյուրատանը, որի բակում արդեն հանպատրաստից նկարչական ցուցասրահ կար, զրուցարանը՝ քննարկման ամբիոն»:
«Հայկական ներկապնակ» ծրագրի գեղարվեստական ղեկավար Գագիկ Ավետիսյանն ավելացրեց, որ նման փառատոների ժամանակ միշտ անպակաս են «վարպետաց դասերը», դրանք թույլ են տալիս երեխաներին, պատանիներին ու աղջիկներին, երիտասարդներին շփվելու իսկապես վարպետ արվեստագետների հետ:
«Մեր հյուրերը ճանաչված պրոֆեսորներ-գեղանկարիչներ են, պատկերացրեք նրանք փորձում են օգնել, աջակցել, որ ծնունդ առնի սկսնակ նկարչի գործը»,- ասաց Գագիկ Ավետիսյանը:

«Հավատացեք, որ ձեր եկեղեցիները, ամրոցները, խաչքարերը բնության անկրկնելի գեղեցկություններն արդեն շատ հարազատ են դարձել,- ասաց մեր զրուցակիցը՝ Վանգ Չաոն,- որքան բան կորցրած կլինեինք, որ Հայաստան եկած չլինեինք: Չինաստան, մեր Նանկին քաղաք վերադառնալով, մենք ոչ միայն մեր ճեպանկարները պիտի կտավներ դարձնենք, այլեւ պատմենք մեզ համար հարազատ այս հզոր քաղաքակրթություն ունեցող երկրի ու նրա ժողովրդի մասին: Ես իմ ընկերներին պիտի հորդորեմ Հայաստան այցելել»:
Չինացի նկարիչները փառատոնի փակումից հետո եղան նաեւ Երեւանում, հյուրընկալվեցին Հայաստանում Չինաստանի դեսպանատանը՝ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Երլունի կողմից, իրենց գոհունակությունն արտահայտելով փառատոնի կազմակերպվածության եւ արդյունավետության հետ կապված:

Նրանք եղան նաեւ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, Մատենադարանում, Ծիծեռնակաբերդում, Հայոց ցեղասպանության թանգարանում, Հայաստանի պատկերասրահում, Փարաջանովի տուն-թանգարանում:

«Մենք հեռանում ենք Հայաստանից Ձեր երկրի մի մասնիկը մեր սրտում՝ կրկին այստեղ վերադառնալու, ստեղծագործելու ցանկությամբ,- հրաժեշտից առաջ ասաց նկարիչ-քանդակագործ Վանգ Չաոն,- կուզենայի Հայաստան վերադառնալ եւ մեր երկու ժողովուրդների բարեկամությունը, ինչու ոչ՝ հայոց պատմությունը եւ լինելությունը մատնանշող քանդակ ստեղծել»։

 
ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ
Օձուն-Երեւան

Լուսանկարը`
Գրիգոր Ավետիսյանի

«Առավոտ»

20.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31