ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք տասնութերորդ
Գլուխ հիսունհինգերորդ
Կարդացեք նաև
ԲՋՋԱՅԻՆ
Կինոգետ Հասմիկյանն էն կարծիքին է, որ էս վեպիս ցանկացած հատված պատրաստի սցենար է, բայց, այդուհանդերձ, էդ կարծիքին լինելով ու մնալով՝ ինքն այլեւս չի կարդում էս վեպիս նորանոր հատվածները, որովհետեւ, իր ասելով, ինքը հին մարդ է եւ համակարգչով գեղարվեստական գրականություն ու մանավանդ վեպ չի կարդում, եւ չնայած իր կարծիքով ինքը հին մարդ է, այդուհանդերձ, ի տարբերություն ինձ, բջջային հեռախոս ունի, եւ Արիսն էլ բջջային ուներ, եւ գեղանկարիչ Հակոբ Հակոբյանն էլ իր կյանքի ամենավերջին ամիսներին բջջային ունեցավ, բայց երեքն էլ «Առավոտի» թերթային տարբերակից հետո՝ «Առավոտի» կայքում այլեւս էս վեպս չէին կարդում, իսկ Արիսն սկսեց իր վեպը գրել եւ տպագրել Վասակի «Տարեգիր» թերթում, եւ, կարող եմ վկայել, որ ինքն իր վեպը գրելուց ավելի մեծ հաճույք էր ստանում, քան՝ իմ վեպը կարդալուց, բայց, ցավոք սրտի, իր վեպն ավելի կարճ կյանք ունեցավ, քան՝ Վասակի թերթը, որովհետեւ տեւական հիվանդությունն Արիսին տարավ մեզանից, եւ չնայած իր կյանքի ամենավերջին տարիների ստեղծագործական ոգեւորության մեջ Արիսը հասցրեց իրեն ու մեզ հրամցնել իր վեպի առաջին հատորը, ցավոք, երկրորդն ավարտել չհասցրեց, իսկ ինչ վերաբերում է կինոգետ Հասմիկյանին, վերջինս հաջողությամբ շարունակում է ապրել ու դասավանդել Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում եւ արդեն շաբաթ օրերն ինձ իր բջջայինով չի զանգահարում, որովհետեւ արդեն շաբաթօրյա «Առավոտում» չի կարդում էս վեպիս հերթական հատվածը, եւ ցանկության դեպքում էլ չի կարող կարդալ, որովհետեւ արդեն տարիուկես կլինի՝ էս վեպս ոչ թե «Առավոտ» օրաթերթում է լույս տեսնում, այլ ընդամենը՝ «Առավոտի» կայքում, ու էն էլ՝ ոչ թե շաբաթ, այլ՝ ուրբաթ օրերին, եւ իր բջջայինով ինձ զանգելն էսպես նշում ու շեշտում եմ, որովհետեւ մեր նոր հեռախոսի էկրանին նաեւ զանգահարողի համարն է նշվում, եւ վերջին անգամ, երբ Հասմիկյանն ինձ զանգահարեց, զարմանքով տեսա, որ Հասմիկյանն ինձ բջջայինով է զանգահարել, եւ մեզանում գնալով ավելի ու ավելի է նվազում բջջային հեռախոս չունեցողների թիվը, եւ շատերն ավելի ու ավելի են զարմանում բջջային չունենալուս կապակցությամբ, եւ էս բջջայինի թեման բացելս ամենեւին պատահական չի, եւ էս թեման հիմա միանգամայն թարմ տպավորությամբ բացեցի, որովհետեւ երեկ երեկոյան ինձ զանգահարել էր Ելենա անունով մի լրագրողուհի, որն ուզում էր ինձանից հարցազրույց վերցնել հենց բջջայինի թեմայով, ավելի ճիշտ՝ բջջային հեռախոս չունենալուս թեմայով, եւ երբ իրեն ասացի, որ հարցազրույց տալու տրամադրություն ու հավես չունեմ, շատ զարմացավ եւ նույնիսկ բացատրություն պահանջեց, եւ երբ բացատրություն չգտնելով՝ ասացի, որ հատկապես բջջային հեռախոսի թեմայով չեմ ցանկանում հարցազրույց տալ, ինքն ավելի զարմացավ եւ ասաց, որ առաջին անգամ է հանդիպում մտավորականի, որը հրաժարվում է հարցազրույց տալ, եւ նեղացած ավելացրեց, որ առաջին անգամ է հանդիպում մտավորականի, որը բջջային հեռախոս չունի, եւ, ըստ ամենայնի, վերջին հանգամանքն իրեն ավելի էր հետաքրքրում, որովհետեւ երբ արդարանալով իրեն ասացի, որ հարցազրույց չտալուս պատճառն ասելիք չունենալս է, ինքն ասաց, որ իրեն ընդամենը բջջային հեռախոսի մասին ասելիքս է հետաքրքրում, եւ երբ իրեն ասացի, որ բջջայինի մասին էլ ասելիք չունեմ, ինքը բարկացած գոռաց՝ «հաջողությո՛ւն» եւ հեռախոսն անջատեց:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ: