Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետը` Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի շատ կետերի դեկլարատիվ բնույթի մասին

Հոկտեմբեր 20,2016 20:35

Aravot.am-ը կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանին խնդրեց կարծիք հայտնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի կրթական եւ գիտական հատվածի վերաբերյալ:

«Կառավարության ներկայացրած ծրագրում կրթության բնագավառին առնչվող շատ կետեր արտահայտում են ոլորտում վաղուց հասունացած խնդիրներ, որոնք տարիներ շարունակ ոչ միայն չեն լուծվել, այլ առհասարակ դրանց որևէ անդրադարձ չի եղել, թեպետ փորձագիտական շրջանակները, հասարակական կառույցները, քաղաքական ուժերը պարբերաբար կառավարության ուշադրությունը հրավիրում էին այդ հարցերին։ Այսպես, օրինակ, Հայ Ազգային Կոնգրեսի ծրագրում ընդգրկված է պետպատվերի փոխարինումը նպատակային և կրթաթոշակային ֆինանսավորմամբ, դրված է նաև անձեռնմխելի ֆոնդերի ստեղծման հարցը։ Այդ և մի քանի այլ հարցերով նոր կառավարության ծրագրային կետերը կարելի է առաջադիմական համարել»,-նշեց պարոն Կարաբեկյանը։

Կրթության փորձագետը նաեւ հավելեց. «Միևնույն ժամանակ ծրագրային կետերից շատերը կրում են բացառապես դեկլարատիվ բնույթ։ Սակայն ամենամեծ մտավախությունը, ինչպես և միշտ, ծրագրային կետերով նախատեսվող մեխանիզմների ստեղծման ընթացքի անհստակությունն է, դրանց արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե ձևավորվելիք մեխանիզմները որքանով կմշակվեն մասնագիտական հանրության լայն ներգրավմամբ. ակնհայտ է, որ եթե ինչպես միշտ, դրանց հիմքում ընկած լինեն պաշտոնյաների նեղ շրջանակի կողմից մշակվող փաստաթղթերը, չապահովվի մասնակցային քննարկումը՝ շահագրգիռ բոլոր կողմերի և առաջին հերթին նրանց, ովքեր այնուհետև կիրառելու են այդ մեխանիզմներն իրենց անմիջական աշխատանքում՝ սկսած դպրոցների ուսուցիչներից և բուհերի դասախոսներից, այդ բոլոր կետերը կմնան թղթի վրա։

Հենց այդպիսի մասնակցային մշակույթի ձևավորումն է կառավարության առաջնահերթ խնդիրը։ Հայաստանի կրթական ոլորտի գլխավոր խնդիրը՝ անարդյունավետ կառավարումն և քաղաքական վերահսկումը, ակադեմիական ազատությունների գրեթե բացակայությունը և դասավանդողների մասնագիտական և սոցիալական անպաշտպանվածությունն է, որն իր հերթին հանգեցնում է կրավորական դիրքորոշման մասնագիտական և ակադեմիական խնդիրներ բարձրացնելու հարցում։ Ահա այս մթնոլորտը պիտի կարողանա փոխել կառավարությունը, այդժամ բոլոր այն անհրաժեշտ քայլերը, որոնք արտահայտված են ներկայացված ծրագրում, ինչպես նաև շատ այլ խնդիրներ, որոնք այդտեղ չեն արտահայտվել, կգտնեն իրենց լուծումը։ Ի վերջո, Հայաստանի առջև բոլոր ոլորտներում ծառացած խնդիրները այնքան տեսանելի են, որ պարզապես պետք է կամք ու համապատասխան միջավայրի ձևավորում, դրանք արդյունավետ կերպով լուծելու համար»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը`Սամվել Կարաբեկյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31