Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ներկայացրեց, թե ինչ է ինքը պատրաստվում անել: Նա ասաց, որ կոռուպցիայի եւ հովանավորչության դեպքերը բացառելու միջոցով բանակում լուծելու են արդարության եւ թափանցիկության մթնոլորտի ամրապնդման, բանակում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորման խնդիրներ. «Համատեղ ջանքերով մենք պետք է կոտրենք այն կարծրատիպը, թե զորամասը երբեմն-երբեմն նվերներ տանելու եւ գեղեցիկ ելույթ ունենալու վայր է: Բանակը ՀՀ-ի ամենամեծ ինստիտուցիոնալ կառույցն է»:
Նա ՊՆ-ի առաջնահերթ խնդիրներից մի քանիսն ընդգծեց՝ բավարար ռազմական կարողությունների ստեղծում, որի համար պետք է մարտի վարման նոր ձեւեր մշակեն, իրականացնել բանակի խելացի վերազինում, նաեւ ԶՈՒ-ն պայմանագրային զինծառայողներով համալրման գործընթացն ակտիվացնել. «Զինծառայողների, նրանց ընտանիքների անդամներին, զինվորական հաշմանդամներին, զոհված, մահացած, անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին պատշաճ սոցիալական երաշխիքների ապահովում: Այս գաղափարի տակ արդեն դրված է շատ հստակ ծրագիր, որը շուտով ներկայացվելու է ԱԺ-ի քննարկմանը»:
Սարգսյանն ընդգծեց նաեւ կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունների ընդլայնումը: Նա ասաց, որ կանանց համար ոչ միայն զինծառայության համապատասխան պայմաններ պետք է ստեղծեն, այլ նաեւ ծառայողական առաջխաղացման հավասար իրավունքներ եւ երաշխիքներ ապահովեն:
Նախարարն ասաց, որ եթե ազգն ու բանակն ընդառաջ գնան միմյանց պետականաշինության այս փուլում, կունենանք պետական կառավարման ավելի մշակված համակարգ եւ կշարունակենք քայլել հաղթանակների ճանապարհով:
Կարդացեք նաև
Վիգեն Սարգսյանը նշեց, որ ավելի կոնկրետ իր ծրագիրը կներկայացնի ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ