Այսօր տնտեսագետ, Հայաստանի ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը «Ազատ շուկայական տնտեսություն՝ Հայաստանի միակ հեռանկարը» խորագրով տնտեսական համաժողովի ժամանակ նշեց, որ իր համար, որպես տնտեսագետի, շարունակում է մնալ այն հարցը, թե արդյոք զարգանո՞ւմ է Հայաստանի տնտեսությունը. «Տարիներ շարունակ պաշտոնական տեղեկատվությունը մեզ ցուցանիշներ է հայտնում, բայց այդ ցուցանիշների պարագայում Հայաստանի փողոցներում ժպտացող մարդկանց թիվը չի ավելանում, դեռ ավելին՝ միակ ցուցանիշը, որ Հայաստանը աչքի է ընկնում բավականին բարձր աճով, այն արտագաղթն է»:
Այս տեսանկյունից՝ տնտեսական վիճակը վերլուծած տնտեսագետը՝ վերցնելով վերջին տարիների ճգնաժամը, որը, ըստ նրա, բերել է տնտեսության մեջ որակական տեղաշարժերի՝ փաստեց, որ ճգնաժամը բացահայտեց այն «հիվանդությունները», որն ունի Հայաստանի տնտեսությունը:
Նա խոսելով ճգնաժամային տարիների ընթացքում դրական տեղաշարժերի մասին՝ առանձնացրեց արտահանման տեմպի առաջանցիկ աճը՝ ներմուծման տեմպերի նկատմամբ եւ անգամ ներմուծման տեմպերի ծավալների կրճատումը. «Դրական է, քանի որ հայաստանյան տնտեսությունը, եթե մեկ բառով բնութագրենք «իմպորտահեն»՝ ներմուծահեն տնտեսություն է դարձել: Տնտեսության մեջ քանի որ ամենաորոշիչը ներմուծումն է, որի ծավալները հասել են մոտավորապես 4,5 միլիարդ դոլարի համարժեք ապրանքներ, այն պարագայում, որ տնտեսության ծավալները՝ ՀՆԱ-ն մոտավորապես 10 միլիարդ դոլար է կազմում»:
Բագրատ Ասատրյանը դրական է համարում տնտեսության մեջ դիվերսիֆիկացիան, մասնավորապես արդյունաբերության առաջանցիկ աճը տնտեսության այլ ոլորտների նկատմամբ, որը, ըստ նրա, ե՛ւ դրական է, ե՛ւ մտահոգությունների տեղիք կարող է տալ. «Քանի որ բոլորս էլ գիտենք, որ շարժիչ ուժը եղել է հանքարդյունաբերությունը»:
Կարդացեք նաև
Ըստ մասնագետի՝ Հայաստանում հանքարդյունաբերությունը զարգանում է այնպես, որ հասարակությունը դրանից համարյա ոչինչ չի ստանում, հաշվի չեն առնվում ո՛չ բնապահպանական, ո՛չ տնտեսական խնդիրները. «Առանձին անհատներ հարստանում են, որը ընթանում է շատ արագ տեմպերով»:
Հաջորդ դրական տեղաշարժը, պարոն Ասատրյանի գնահատմամբ ֆինանսական միջնորդության աճն է. «Այս ցուցանիշով Հայաստանը մոտենում է միջին տնտեսությամբ զարգացվածություն ունեցող երկրների շարքին»:
Տնտեսության բացասական երեւույթներին անդրադառնալով՝ տնտեսագետը նշեց տնտեսական աճի տեմպերի անկումը. «2008 թվականից մինչեւ հիմա մեզ դոլարով «կշռելու» դեպքում՝ նահանջ ենք ապրել»:
Հաջորդ բացասական երեւույթը բանախոսը նշեց օտարերկրյա ներկրումների ծավալների շեշտակի անկումը, որը, ըստ նրա, կտրուկ խորացել է վերջին 2 տարիների ընթացքում. «Իսկ պետական պարտքի ցուցանիշով մենք սկսեցինք «փայլել»՝ այն հասել է վտանգավոր 10 տոկոս սահմանին»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ