ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 22-ամյա Լևոն Սահակյանին սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։
2016 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 23.20-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «ձախ կրծքավանդակի և աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բժշկական օգնության է դիմել 1994թ. ծնված Լևոն Սահակյանը։ Տուժածը հայտարարել էր՝ նախկին Շիրակ հանրախանութի մոտ վայր է ընկել:
Անմիջապես հիվանդանոց է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի գործողություններ՝ երիտասարդի մարմնական վնասվածքներ ստանալու իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Բժիշկների տեղեկացմամբ՝ վնասվել է երիտասարդի սիրտն ու թոքը։
Նախնական տվյալների համաձայն՝ երիտասարդին կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքը պատճառվել է Թերլեմեզյան 3 հասցեում, և դեպքի վայր է հանդիսանում «Պատանի լրագրողների» դպրոցը։ Կատարված զննությամբ նշված հասցեի բակում և դպրոցի ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ դպրոցի տնօրեն Վ.Ղազարյանի աշխատասենյակում՝ արնանման հետքերով ծալովի դանակ։
Կարդացեք նաև
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։
Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, և սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Վ.Ղազարյանը։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին