Հինգշաբթի՝ հոկտեմբերի 20-ից, Հայաստանի Հանրապետությունում սկսվում է թվային հեռարձակման անցման գործընթացը: «Արմենպրեսի» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը ներկայացրեց տեխնիկական մանրամասները:
«Աշխարհում թվային հեռարձակման տարբեր ձեւաչափեր կան, որոնք ունեն էական տարբերություն: Հայաստանի Հանրապետությունը որպես տեխնիկական ձեւաչափ ընդունեց DVB T2 ձեւաչափը, որը եվրոպական հեռարձակման ձեւաչափերից է եւ դրականորեն տարբերվում է հայտնի այլ ձեւաչափերից առաջինը նրանով, որ շատ ավելի տարողունակ է դարձնում առանձին վերցրած մեկ անալոգային կապուղին հեռուստածրագրերի հաղորդման համար եւ թույլ է տալիս 1 անալոգային կապուղու մեջ տեղավորել շատ ավելի շատ հեռուստատեսային ծրագրեր:
Մյուս կողմից՝ իր հերթին տեխնիկական ձեւաչափը ունի նաեւ սոցիալական ուղղվածություն. Կան թվային հեռարձակման ձեւաչափեր, որոնք ամբողջ անցման ֆինանսական բեռը բաշխում են մի դեպքում հեռարձակող կազմակերպությունների վրա, մի դեպքում՝ տնային տնտեսությունների: Հայտնի ամերիկյան ձեւաչափը շատ ավելի էժան է իրականացնում տեխնիկական համակարգերի վերազինումը, ցավոք, ավելի թանկ են դառնում կենցաղային այն սարքերի վերազինման մասում, որոնք քաղաքացիները պետք է վերցնեն իրենց վրա»,- ասաց նա:
Գրիգոր Ամալյանը նշեց, որ Երեւանում հեռարձակվում են 18 հեռուստածրագրեր, որոնցից 5-ն այսօր արդեն հեռարձակվում են HD որակով. «Կարծում եմ՝ մոտ ժամանակներում մեր հեռուստաընկերությունները լսարանին կներկայացնեն նաեւ ինտերակտիվ բաղադրիչներ, մասնավորապես՝ ձայնային ուղեկցմամբ լեզուների ընտրության հնարավորությունը եւ այլ հնարավորություններ, որոնք հնարավոր չէր իրականացնել անալոգային հեռարձակման պարագայում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ