Ղարաբաղյան հակամարտության հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը վերջին շրջանում հանգեցրել է ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում որոշակի լարվածության։
Ղարաբաղ
Եթե դեռեւս 2016 թվականի հուլիսի չորսին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ԱՄՆ անկախության օրվա առթիվ ուղղված նամակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս էր հայտնում, թե Միացյալ Նահանգների ջանքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դրական արդյունքներ կտան, ապա արդեն հոկտեմբերին նույն Ալիեւը կասկածի տակ է դնում ԱՄՆ միջնորդական դերը կարգավորման գործընթացում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։
Վաշինգթոնի հանդեպ Ալիեւի վերաբերմունքի նման փոփոխությունը, թերեւս, կապված է հոկտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի արած հայտարարության հետ։ Պետքարտուղարը, ըստ այդմ, հայտնել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ներկայում համապատասխան պայմաններ չկան, քանի որ հակամարտող կողմերի առաջնորդները պատրաստ չեն դրան։ Ալիեւը այս հայտարարությանն արձագանքել էր ծայրաստիճան կտրուկ՝ ելույթ ունենալով կառավարության նիստի ժամանակ։
«Այս հայտարարությունը, մեղմ ասած, զարմանք է առաջացնում։ Մեղադրել Ադրբեջանին հակամարտության չկարգավորման մեջ առնվազն անարդար է։ Մենք չենք ընդունում նման հայտարարություններ։ Կարծում ենք, որ մոտակա ժամանակում այդ արտահայտությունները պետք է փոփոխվեն ամենաբարձր մակարդակով։ Հակառակ դեպքում միջնորդական առաքելությունը կարող է հայտնվել կասկածի տակ»,- մասնավորապես, ասել է Ալիեւը՝ նշելով նաեւ, որ բանակցային գործընթացում Ադրբեջանի վրա գործադրվում են ճնշումներ՝ Ղարաբաղի կարգավիճակը ճանաչելու համար։
Փաստացի, ԱՄՆ պետքարտուղար Քերիի խոսքերին Իլհամ Ալիեւի այս արձագանքը վկայում է այն մասին, որ Վաշինգթոնի եւ Բաքվի հարաբերություններում լարվածության նոր փուլ կարող է սկսվել։
Մարդու իրավունքները
Այժմ, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ հիմնական տարաձայնությունները վերաբերում են Ադրբեջանում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության սահմանափակումներին։ Այս հարցի շուրջ կողմերի միջեւ լարվածությունը գագաթնակետին էր հասել 2014-ի վերջին, երբ հայտնի լրագրողուհի Հադիջա Իսմաիլովայի ձերբակալությունից հետո Բաքվում փակվեց, «Ազատություն» ռադիոկայանի խմբագրությունը, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ Ադրբեջանում լրջագույն խնդիրներ կան մարդու իրավունքների եւ խոսքի ազատության հետ կապված։
Պատահական չէ նաև, որ 2016-ի գարնանը, ապրիլյան պատերազմից եւ ԱՄՆ-ում անցկացվող միջուկային գագաթաժողովին Ալիեւի մեկնելուց առաջ Ադրբեջանում ազատ էին արձակվել մի քանի հայտնի քաղբանտարկյալներ: Այդ կերպ Ադրբեջանը ցանկանում էր շահել Վաշինգթոնի դրական դիրքորոշումը, հետագայում նաեւ Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում օգտագործելու համար։ Սակայն բանակցային գործընթացի՝ Ադրբեջանին ոչ ձեռնտու ընթացքը, թերեւս, հետ պահեց Բաքվին այդ ռազմավարությունից։ Արդեն ամռանը եւ հատկապես սեպտեմբերին Ադրբեջանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի նախօրեին Բաքվի իշխանությունները նորից գործի դրեցին քաղաքական բռնաճնշումների մեխանիզմները, ինչը, տրամաբանորեն, նոր լարվածություն է առաջ բերում ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում։
Այս ամենի ֆոնին, թերեւս, կարեւոր է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ռուսական Интерфакс գործակալությանը տված հարցազրույցը, որում դիվանագետը հատուկ կերպով հիշեցնում Ադրբեջանին սպառազինության մատակարարման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի սահմանած արգելքը եւ, փաստացի հայտնում, որ Միացյալ Նահանգները որեւէ զենք չեն տրամադրում հակամարտող կողմերին։
Նկատենք նաեւ, որ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները ներկա փուլում գտնվում են այնպիսի ճգնաժամային վիճակում, որ նույնիսկ հոկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զերծ մնաց Ալիեւին Ադրբեջանի անկախության 25-ամյակի առթիվ շնորհավորելուց։ Փոխարենը՝ հոկտեմբերի 19-ին հայտարարությամբ հանդես եկավ Բաքվում ԱՄՆ դեսպանությունը՝ շնորհավորելու հետ մեկտեղ Ադրբեջանի իշխանություններին հիշեցնելով մարդու իրավունքների, խոսքի ազատության եւ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին։
Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»