«Բարդ է մենաշնորհատերերի դեմ պայքարել: Դուք կունենա՞ք այնքան վճռականություն՝ կտրելու այն ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը: Եթե կունենաք՝ no comment: Ես առանձնապես լավատես չեմ, ես իրատես եմ: Եթե դուք փորձեք կպնել այստեղ նստած մոնոպոլիստներին, որոնք 2017-ի ապրիլի 2-ին ընտրակեղծիքներով ապահովելու են իշխանության վերարտադրությունը, ես չգիտեմ, թե ձեզ հետ ինչ կլինի, ձեր անվտանգության: Եթե դուք պատրաստ եք կտրել այդ ճյուղը, մենք պատրաստ ենք լինել ձեր դաշնակիցը»,- այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում Կարեն Կարապետյանին դիմելով՝ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա ասաց՝ բոլորս էլ գիտենք, թե ովքեր չեն մուծում հարկերը, որտեղ է ստվերը, որտեղ է կոռուպցիան. «Այս ամենը հայտնաբերելու կարիք չկա, վաղուց հայտնաբերված է: Մնում է մեկ բան՝ ձեզ թույլատրվա՞ծ է: Ես չեմ կասկածում, որ դուք եկել եք այդ խնդիրները լուծելու, բայց ձեզ թույլատրվա՞ծ է կտրել այդ ճյուղը»:
Նա ասաց, որ կասկածում է, թե իշխանությունը գնալու է ինքնահրկիզման եւ ինքնազոհման, եւ կտրելու է այդ ճյուղը, այդ երազին Նաիրա Զոհրաբյանը չի հավատում:
Անդրադառնալով հարկային-մաքսային խնդիրներին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Հայաստան այնքան է սխտորի անվան տակ այլ ապրանք ներկրվել, որ այդքան սխտորով հնարավոր կլիներ Չինաստանի եւ Հնդկաստանի բնակչությանը միասին ապահովել սխտորով:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ