Այսօր կառավարության շենքի մոտ նաիրիտցիները կրկին բողոքի ցույց էին անում:
«Նաիրիտ« գործարանի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ գործարանում ներդրում կատարելու ցանկություն հայտնած «EU-ASIA Business Finance Center Holding» ընկերության ներկայացուցիչ Աշոտ Գրիգորյանը կառավարությանը ներկայացրել է իր ծրագիրը, սակայն կառավարության անդամները ներդրողին թերահավատորեն են մոտենում:
Տիկին Շահվերդյանի ներկայացմամբ՝ Աշոտ Գրիգորյանը կառավարություն է ներկայացրել ներդրումային ծրագիրը, ըստ որի՝ առաջարկել է գործարանի պարտքերը սառեցնել:
«Ժամանակին Հովիկ Աբրահամյանն ասել էր՝ եթե ներդրող կա, ես պատրաստ եմ 1 դոլարով էլ տալ, նախկինում վարչապետն առաջարկում էր 10 տարով սառեցնել պարտքերը: Հիմա Գրիգորյանն առաջարկում է 5 տարով հարկային արտոնություններ տալ: Այս ամենը պետք է բանակցության արդյունքում ձեռք բերվի»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Ներդրողները նաեւ հանդիպում են ունեցել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում, որի արդյունքներն առայժմ պարզ չեն:
Մեր հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն ներդրողից, արդյոք վստահելի՞ է, տիկին Շահվերդյանը պատասխանեց. «Կառավարությունը կարծես թե չի հավատում իրենց, ինչպես ինքն է (նկատի ունի Աշոտ Գրիգորյանին Ն.Բ.) արտահայտվում: Չեն հավատում՝ թող անեն իրենց առաջարկը, հետո համաձայնություն տան: Կառավարությունն ասել է՝ կարող ա 1 դոլարով տանք, ինքը հետո վաճառի գործարանը: Բայց կառավարություն, դուք էլ ձեր պայմանները դրեք: Գրիգորյանն էլ ասում է՝ պարտավորությունը չեմ անի, թող վերցնեն ձեռքիցս գործարանը, ներդրումն էլ ձեզ մնա»:
Մանրամասն՝ տեսանյութում
«EU-ASIA Business Finance Center Holding» ընկերությունը կառավարության հետ հանդիպումից հետո համագործակցության առաջարկ է անում՝ «Պատրաստել եւ ստորագրել նախնական պայմանագիր ՀՀ կառավարության եւ «EU-ASIA Business Finance Center» հոլդինգի միջեւ համատեղ «Համահայկական ԵՄ –Ասիա» հիմնադրամ ստեղծել: Սրա ֆինանսավորման գործընթացը կազմակերպելու համար հոլդինգը պատրաստ է կառավարության հետ ստեղծել համատեղ ընկերություն՝ հայկական ոչ պետական կազմակերպություն եւ կազմակերպությանը ֆինանսավորել եվրոպական համապատասխան ֆոնդերի օգնությամբ: Նման կազմակերպությունը կխթանի վերոհիշյալ ««Համահայկական ԵՄ-Ասիա» հիմնադրամի ստեղծմանը եւ կսատարի նախապես մի շարք աշխատանքների արագ ֆինանսավորմանը: Հոլդինգը պատրաստ է քննարկելու «Նաիրիտի» վերաթողարկման հարցը»,-գրված է ընկերության առաջարկությունում:
Հոլդինգն առաջարկում է գործարանը վերաթողարկել 2 փուլով, նախ բացել ացետիլենային արտադրամասը, հետո բութադիենայինը: Հոլդինգի առարկության մեջ նշված է, որ ացետիլենային արտադրամասի վերականգնման եւ արտադրության համար բավարար է 20-30 միլիոն եվրոյի ներդրում: Նախնական հաշվարկներով՝ մոտ 6 ամսյա աշխատանքներից հետո կարելի է կազմակերպել կաուչուկի առաջին խմբաքանակի առաքումն արտասահման՝ տարեկան 8-10 հազար տոննայի չափով:
Այս ընկերության առաջարկվող պայմաններն են՝ «Կառավարությունը «Նաիրիտը» հանձնում է հոլդինգին խորհրդանշական մեկ եվրոյով: «Նաիրիտի» շուրջ կուտակված բոլոր տիպի պարտքերը կառավարությունը վերցնում է իր վրա: «Նաիրիտին» տրվում են հարկային արտոնություններ՝ 5 տարով (կոնկրետ արտոնությունների տեսակները ենթակա են քննարկման: «Նաիրիտի» ողջ տարածքը հայտարարվում է «ազատ տնտեսական գոտի», որտեղ մենք պատրաստ ենք տեղադրելու նոր արտադրություններ (արտադրամասերի տեսակները կներկայացվեն աշխատանքների ընթացքում): Հին պարտքերի հետ կապված խնդիրները եւ դատական գործընթացները չեն վերաբերում հոլդինգին. Կառավարությունը դրանց հետ կապված ողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա»:
Նշենք, որ այսօր Ազգային ժողովում վարչապետ Կարեն Կարապետյանն ասել էր՝ «Նաիրիտի» վերաբերյալ կոնկրետ առաջարկ գոյություն չունի, ձեւակերպված առաջարկություն, որի շուրջ բանակցենք, գոյություն չունի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ