Լրահոս
Օրվա լրահոսը

Դասական երգեցողության մեներգիչների հանրապետական 7-րդ մրցույթը՝ նվիրված Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100–ամյակին

Հոկտեմբեր 20,2016 17:43

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերության, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ` ս. թ. հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 6-ը կանցկացվի մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 7-րդ մրցույթը՝ նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին:

Դասական երգեցողության մեներգիչների հանրապետական մրցույթն անցկացվում է 1999 թվականից, 2008 թվականից` 3 տարին 1 անգամ: Մրցույթն անցկացվում է հանրապետության շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, նրանց մասնագիտական ներուժի խթանման, հետագա գործունեության ծավալման և տաղանդի դրսևորման, ինչպես նաև հայ օպերային արվեստի երախտավորների հիշատակն արժևորելու նպատակով: Հանրապետությունում արդեն անցկացվել է 6 մրցույթ, որին մասնակցել են 288 երիտասարդ երգիչ-երգչուհիներ: Մրցույթները նվիրվել են Արշավիր Կարապետյանի /1999 թ./, Թամարա Շահնազարյանի /2004 թ./, Պավել Լիսիցիանի /2011 թ./, Գոհար Գասպարյանի /2008 թ. և 2014 թ./, իսկ 2006 թվականին և այս տարվա մրցույթները՝ Տաթևիկ Սազանդարյանի հոբելյաններին: Մրցույթների լավագույն դափնեկիրները համալրել են ոչ միայն ազգային օպերային թատրոնի, այլև արտերկրի առաջատար օպերային թատրոնների ստեղծագործական կազմերը և այսօր շատերը համարվում են հեղինակավոր թատրոնների առաջատար մենակատարներ:
Այս տարի մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել պետական կոնսերվատորիայի, ՀՀ և ԼՂՀ երաժշտական և արվեստի քոլեջների 41 երգիչ-երգչուհիներ, ուսանողներ և շրջանավարտներ:

Մեներգիչների հանրապետական 7-րդ մրցույթի հաղթողների համար սահմանվում են հետևյալ մրցանակները (կանանց և տղամարդկանց անհատական). 1-ին կարգի մրցանակ՝ դիպլոմ և 300.0 հազարական դրամ, 2-րդ կարգի մրցանակ՝ դիպլոմ և 250.0 հազարական դրամ, 3-րդ կարգի մրցանակ՝ դիպլոմ և 200.0 հազարական դրամ: Հատուկ մրցանակներ՝ ամենաերիտասարդ մասնակիցներին. «Հույսի մրցանակ» 100.0 հազ. դրամ, Տ. Սազանդարյանի օպերային ստեղծագործությունների երկացանկից՝ լավագույն կատարման համար 100.0 հազ. դրամ, լավագույն կոնցերտմայստերի համար 100.0 հազ. դրամ: Հատուկ մրցանակներ կարող են սահմանել ստեղծագործական միությունները, հասարակական կազմակերպությունները, անհատ անձինք:

Մրցույթն անցկացվում է 3 փուլով. I փուլը՝ հոկտեմբեր 24-27-ին, II փուլը՝ հոկտեմբեր 29-30-ին և կանցկացվեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի դահլիճում, իսկ III փուլը՝ նոյեմբեր 3-4-ը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում: Մրցույթի վիճակահանության փուլը և հանդիսավոր բացումը՝ համերգային ծրագրով կկայանա ս. թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 14:00-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում /4-րդ հարկ/: Վիճակահանության փուլին կանցկացնեն՝ Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ՝ Դավիթ Ղազարյանը /մրցույթի կազմկոմիտեի նախագահ/, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն՝ Անդրանիկ Արզումանյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր՝ Շահեն Շահինյանը, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը:

Մրցույթի դափնեկիրների գալա համերգը և մրցանակների հանձնման արարողությունը կկայանա՝ ս. թ. նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

 

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31