Լրահոս
Օրվա լրահոսը

«Անտեսված իրականը» կամ «Արթմնի երազներ»

Հոկտեմբեր 20,2016 17:40

 Հարցազրույց նկարիչ՝ Սարո Կալենցի հետ

«Ես ցանկացա ցույց տալ անցած ճանապարհը, որպեսզի կառուցվի նորը…»

Ս. Կալենց

2016 թվականի հուլիսի 8-ին Հ. Կալենց թանգարանում գեղանկարիչ Ս. Կալենցի, նրա կնոջ՝ Լ. Կատասանովայի ինչպես նաև նրանց գաղափարակից մի խումբ հայազգի հեղինակների ջանքերով տեղի ունեցավ «Անտեսված իրականը» խորագրով ցուցադրության բացումը, որտեղ ներկայացված էին շուրջ 30 հայազգի արվեստագետների՝ սյուրռեալիստական շնչով հագեցած ստեղծագործությունները: Բավականին հետաքրքիր էր նաև հենց էքսպոզիցիան՝ այստեղ՝ Հ. Կալենց թանգարանում, մի հարկի տակ էին համախմբվել և՛ սյուրռեալիզմին հարող արվեստագետներ, և՛ ամենևին էլ իրենց սյուրռեալիստների շարքին չդասող հեղինակներ, որոնց աշխատանքները, սակայն բավականին մոտ էին սյուրռեալիստական էսթետիկային և ունեին այլաբանական կոմպոզիցիոն լուծումներ,  ներկայացված էին նաև սիմվոլիստներ, ում ստեղծագործությունները ևս հարում էին սյուրռեալիզմի շեմը, սակայն ակնհայտ էր մեկ բան՝ նրանց բոլորին էլ համախմբել էր մեկ ընդհանուր գաղափարախոսություն՝ «Անտեսված իրականը»՝ սա մի ժամանակահատված էր լի որոնումներով, փորձարարական մտահաղացումներով, ասելիքներով որը սակայն անտեսված էր, և երկար լռությունից հետո անշուշտ կարիք ուներ ներկայացման և լուսաբանման: Բավականին հետաքրքիր էր նաև հենց էքսպոզիցիան ՝ որտեղ ևս համահեղինակները դիմել էին չկրկնվող և կարելի է ասել «սյուրռեալիստական» լուծումների՝ միևնույն հեղինակի աշխատանքները ցուցադրված չէին կողք կողքի, այլ լայն ցուցասրահներում ներկայացված էին ասիմետրիկ դասավորվածությամբ, ինչը՝ թույլ էր տալիս կենտրոնանալ ոչ միայն հեղինակի և վերնագրի այլ ստեղծագործության բուն էության, ասելիքի վրա՝ յուրաքանչյուրում աշխատանքում փնտրելով և գտնելով սեփական պատասխանները:

 

Ցուցադրությանը ներկայացված էին՝ Ե. Քոչարի, Վ. Արամյանի, Ս. Կալենցի, Կ. Առաքելի, Ա. Հայթայանի, Է. Իսաբեկյանի, Կ. Աղամյանի, Ն. Արամյանի, Ա. Արևշատյանի, Դ. Կարեյանի, Է. Կարսյանի, Կ. Գյանջյանի, Է. Պետրոսյանի, Ա. Մանուկյանի, Լ. Ավագյանի և այլ հեղինակների՝ շուրջ 140  ստեղծագործություն:

Ներկայացված էին՝ գեղանկարչական ստեղծագործություններ, գրաֆիկաներ,  քանդակներ ինչպես նաև ռեդի-մեյդ աշխատանքներ:

Մինչ ցուցադրության ավարտը էքսպոզիցիային զուգահեռ կազմակերպվում էին նաև հետաքրքիր հանդիպումներ, ցուցադրվում էին ֆիլմեր և զանազան այլ միջոցառումներ: Ներկայացվեցին նաև HA-SS fest «Լսել արվեստը, Տեսնել ձայնը»  ժամանակակից արվեստի և երաժշտության ամենամյա փառատոնի մասնակիցներից մի քանիսը, ովքեր ցուցադրությունից ոգեշնչված՝ ներկայացրեցին իրենց երաժշտական ստեղծագործությունները և կիսվեցին իրենց տպավորություններով և փորձով: Ամփոփելով ամենը հավելենք միայն, որ այս ցուցադրությունը իր բնույթով  բացառիկ էր և անչափ սպասված ո’չ միայն իրենց` հեղինակների և արվեստի ուսումնասիրությամբ զբաղվողների համար, այլ նաև արվեստասեր հանրության՝ մարդանց ովքեր ուղղակի սիրում  և ընդունում են արվեստն իր բոլոր դրսևորումներով՝  այնպիսին ինչպիսին որ այն կա:

saro-kalenc

Նկարիչ՝ Սարո Կալենց

Ներկա լինելով ցուցադրությանը առիթ ունեցանք նաև փոքրիկ հարցազրույց ունենալու ցուցադրության գլխավոր համահեղինակ և կազմակերպիչ, հայ, արդի սյուրռեալիզմի կարկառուն ներկայացուցիչներից՝ Ս. Կալենցի հետ, որը և ներկայացնում ենք  ստորև:

Ի՞նչ է սյուրռեալիզմը և ի՞նչու սյուրռեալիզմ :

-Իմ կարծիքով՝ սյուրռեալիզմը դա ճանապարհ է՝ ամբողջականն ուսումնասիրելու համար:  Ամբողջականի՝ մի մասն ուսումնասիրելու համար:

Կ՞ա արդյոք ոգեշնչություն և ի՞նչը կարող է ոգեշնչել Ձեզ:

– Գիտեք, նկարելու պրոցեսը դա անպայման պահանջում է ոգեշնչում, սակայն ոչ ամենևին ավանդական ոգեշնչումը, որ գիտենք, ինչ որ «մուսա» է որ գալիս է, ո՛չ, հոգեբանական հավասարակշռություն, ֆիզիկական կարողություն, սրանք են այն պայմանները` որոնց միջոցով դու կարողանում ես մի ամբողջականություն լինել՝  երբ միտքը զուգահեռ աշխատում է, և այս ամենի համար, իհարկե, պետք է որոշակի պայմաններ, թեկուզ՝ դա կոչվի ոգեշնչում, բայց ոգեշնչումը երևի պոետներին է ավելի սազական, մերը՝ տաժանակիր, ամենօրյա, լուրջ աշխատանք է:

Ինչո՞վ էր տարբերվում 20-րդ դարի՝ «դասական» սյուրռեալիզմը, հայ, արդի սյուրռեալիզմից:

– Երկուսի միջև կա մի զուգահեռ՝ ժամանակը առաջարկում է թեմա, ժամանակն է առաջարկում տարվել սյուրռեալիզմով կամ աբստրակցիայով կամ որևէ այլ բանով, մեզ մոտ արվեստը սովորաբար մեծ բացթողումներ ունի, զարմանալի են տարբեր հեղինակների լինելը: Տարբերությունը հետևյալն էր՝ ժամանակաշրջանները տարբեր էին, սակայն խնդիրը նույնն էր, սա իրոք արվեստի ընդունված մտածելակերպ էր, որը կարծես թե ճանապարհ փնտրելու, դրանից խուսափելու, շրջանցելու, ինչ որ միջոց  էր պետք և մեզ համար այդպիսի օրինակ հանդիսացավ Բիթլների («Beatles») հիփփիական շարժումը: Տիրող շարժումը նոր կապիտալիստական սիստեմի պայքարի միջոց էր՝ սա, իհարկե, բառացի չէին կարող ընդունել մեզ մոտ, սակայն   դեռ մեր երիտասարդ տարիներին դեռ խնդիրը հետևյալն էր՝  մենք ուզում էինք՝ նոր ասելիք, նոր ճանապարհ, նոր արտահայտչամիջոցներ այդ ժամանակ եթե այնտեղ ծնունդ առավ դադան, որից հետո առաջացավ սյուրռեալիզմը, ինչը շատ բնականոն զարգացում ապրեց, ապա մեզ մոտ սյուրռեալիզմը ուղղակի ձև էր, որ հնարավորություն էր տալիս ասելիք ունենալու, քանի որ եղավ մի ժամանակահատված՝ շատ դաժան նկարչության համար, և մեր՝ տեղային նկարչական  դպրոցն այնպիսի դաստիարակություն էր տալիս, որը թույլ չէր տալիս շեղվել ընդունված ուղղուց՝ մեր ամենաբարձր գագաթը դա Սարյանն էր՝ դեկորատիվ նկարչության լավագույն արտահայտություններից մեկը, սակայն դա դեռ չեր բավարարում: Մարդիկ համարձակություն էին ձեռք բերում մտնել քաղաքականության մեջ, ժամանակին դեռ ոչ ոք չէր համարձակվում խոսել այս մասին, և սրանք այլաբանական  արտահայտչամիջոցներ էին: Այդ ժամանակ՝ դեպի արևելք բացեցին դռները՝ դեպի Չինաստան, Հնդկաստան, նոր ուսմունքների ի հայտ գալը (Դաոսիզմ, Կոնֆուցիոնիզմ), իրենք ոչ մի կերպ չէին համակերպվում սովետական մտածելակերպի հետ, և մենք անդադար միջոցներ  էինք փնտրում՝ դա շրջանցելու, քանի որ դա մեր ասելիքն էր, մեր հետաքրքրություններն էին, և մենք անդադար փնտրում էինք… Եթե դասական սյուրռեալիստներն ունեին երաժշտական կամ  գրական իրենց նախատիպերը, ապա մեզ մոտ արդեն երաժշտական նախասիրություններն ավելի ուրիշ էին օրինակ՝ Լեդ Զեփելին («Led Zeppelin»), Դիփ Փարփլ («Deep Purple»), և գրականությունն է ուրիշ,  օրինակ՝ Ռեյ Բրեդբերրի («Ray Bradbury»), հեղինակներ՝ ովքեր հիմք դարձան նոր մտքի, երաժշտության նոր մուտքի, նաև հնդկական դասական երաժշտության լավ օրինակների ի հայտ  գալը, և այս ամենը մեզ ստիպում էր նոր ասելիք և ասելու նոր ճանապարհներ գտնելու, նոր ձևեր փնտրելու:  Եվ եթե ուշադրությամբ դիտեք ցուցադրությունը, ապա կտեսնեք, որ այդ ձևերը հարյուրավոր են: Ինչքան նոր անուններ և տարբեր արվեստագետներ են ներկայացված: Մենք չունեինք մեծ սյուրռեալիստական խմբեր, ինչպես որ դասական սյուրռեալիստների մոտ էին, մենք կազմում էինք փոքրիկ խմբեր ունենալով ընդամենը մեկ Դալիի վերատպությունը և մի փոքրիկ հոդված՝ գրված Դալիի դեմ, և այդ դեմ գրված հոդվածը մեզ ծառայում էր որպես ուղեցույց: Մենք հանդիպում էինք փոքրիկ խմբերով, մեր մեջ կային՝  դերասաններ, ռեժիսորներ, նկարիչներ, երաժիշտներ, մենք վարում էինք շատ հետաքրքիր զրույցներ՝ վեճում էինք՝ ունենալով այդ  մի փոքրիկ ուղեցույցը: Ով այս ամենը ապացույցն էր այն բանի, որ մենք ամեն ինչ չէ, որ վերցրել ենք արևմուտքից, այլ որ սա տեղի ծնունդ էր՝ այն գալիս է մեր ակունքներից: Եվ որ այս ցուցադրությունը այդ ամենի վառ օրինակն է: Եվ մեզ համար մի մեծ ուղեցույց կար՝ դա Քոչարն էր, ով մեզ համար օրինակ հանդիսացավ ասելու՝ որ մենք ևս կարող ենք…

ruben_arevshatyan

 Ի՞նչ է արվեստը Ձեզ համար:

– Արվեստը՝ դա Աստծու հետ կապվելու ամենալավ միջոցն է, արվեստը օրենքների չի ենթարկվում, և եթե փորձ անենք այն օրինաչափությունների վերածելու՝ կհանդիպենք փակուղու: Սա աստվածային վիճակ է, և յուրաքանչյուր արվեստագետ արժանի է հարգանքի, քանի որ յուրաքանչյուր արվեստագետ՝ մի փոքրիկ միջնորդ է՝ Աստծու և մարդու միջև:

Նարե Զաիմցյան (նկարչուհի-արվեստաբան)

 

Հոդվածը հրապարակվում է ԱՌԱՎՈՏ թերթի եւ Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի (ԱԻԿԱ Հայաստան) Քննադատական Հանդեսի համագործակցության շրջանակներում։ https://aica.am/criticalreview/hy

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31