«Synopsis Armenia» ընկերության հինգ մարզաձեւերի (սեղանի թենիս, վոլեյբոլ, ֆուտբոլ, սքվոշ եւ շախմատ) ներքին առաջնությունների հաղթողներին ու մրցանակակիրներին պարգեւատրեց ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Պարգեւատրման արարողությունից հետո պարոն Մուսայելյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ընկերությունում արդեն 10 տարի կարեւոր տեղ է հատկացվում աշխատակիցների առողջ ապրելակերպը կազմակերպելուն: Նրա խոսքերով, շուրջ հազար աշխատակիցները զբաղվում են հիմնականում նստակյաց բնույթ ունեցող ինժեներական մտավոր գործունեությամբ: «Մեզ համար շատ կարեւոր է մտածել նրանց առողջության մասին: Ձեւավորվել են տարբեր մարզական ակումբներ, որոնք շաբաթվա կոնկրետ օրերի եւ ժամերի կանոնավոր մարզվում են «Գրանդ Սպորտում»: Նրանց եւ մյուս ցանկացողների համար տարվա ընթացքում կազմակերպում ենք նաեւ տարբեր մարզաձեւերի ներքին առաջնություններ: Այս տարվա արդյունքներն ամփոփել ենք եւ հիմա «Սինոփսիսի շաբաթվա» շրջանակներում պարգեւատրում ենք հաղթողներին եւ մրցանակակիրներին», – ասաց տնօրենը:
Հարցին՝ մոտավոր վիճակագրություն կա՞, թե աշխատակիցների քանի տոկոսն է ներգրավված սպորտում, Հովիկ Մուսայելյանը պատասխանեց. «Ցավոք, մոտավորապես հիսուն տոկոսը: Ասում եմ՝ ցավոք, որովհետեւ ինքս չեմ մտնում նրանց մեջ, ինչը արդարացում չէ, եւ կուզենայի, որպեսզի առնվազն 90 տոկոսը լիներ: Ամեն անգամ որոշում եմ, որ ես էլ եմ սկսելու: Բայց աշխատանքիս ծանրաբեռնվածությունը խանգարում է»: Սակայն տնօրենը իր աշխատակիցների ներկայությամբ խոստացավ, որ շուտով ինքն էլ կմիանա ընկերությունում առողջ ապրելակերպի գործընթացին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ