Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր գծերի» ու տեսախցիկների նկատմամբ էլ է խիստ վերահսկողություն պետք. Թաթուլ Մանասերյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2016 17:20

Aravot.am-ի հարցին, թե տեսախցիկները, «կարմիր գծերը» նույնպե՞ս պետք է դառնան պետական, ինչպես որ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում կայացրեց մաքսային բրոքերների ինստիտուտը «պետականացնել», տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը պատասխանեց, որ թե’ «կարմիր գծերի», թե’ տեսախցիկների նկատմամբ պետությունը պետք է լուրջ եւ խիստ վերահսկողություն սահմանի: Պարոն Մանասերյանը հիշեցրեց օդի տուրքի ժամանակները, երբ այդ տուրքից պետական բյուջե խորհրդանշական գումարներ էին մտնում, իսկ մեծ մասը գրպանվում էր: Ըստ նրա, պետությունն ավելի շատ պետք է ունենա կարգավորող գործառույթ:
Մանրամասները` տեսանյութում

Թաթուլ Մանասերյանը, որն այսօր «Փաստարկ» ակումբում անդրադարձավ կառավարության նոր ծրագրին` որպես առավելություն նշելով «ուռճացված» հաստիքներից ազատվելու վարչապետի պատրաստակամությունը, նկատեց. «Ժամանակն է ազատվել պորտաբույծներից, որոնք իրենց պաշտոններում ամբողջ օրը միայն համակարգչային խաղեր են խաղում»: Տնտեսագետի համոզմամբ, պետական ապարատը քառորդ մասով կարելի է կրճատել, հատկապես, որ մի գերատեսչությունը, շատ հաճախ, կրկնում է մյուսի գործառույթները:

Մեր այն դիտարկմանը, թե նախորդ կառավարությունն էլ էր ընդունում, որ պետական ապարատն ուռճացված է, բայց քայլեր չէր ձեռնարկում` վախենալով սոցիալական «բունտից», այժմ նոր վարչապետը մեծ թվով հաստիքների կրճատում է նախատեսում , ի՞նչ պետք է անի, որ սոցիալական խնդիրը մեղմի, պարոն Մանասերյանը պատասխանեց. «Արդյունավետ սոցիալ-տնտեսական քաղաքականություն պետք է վարի եւ դրանով նպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը:…..Ինքը պետությունը չի կարող աշխատանքի տեղավորել որեւէ մեկին, կամ այդ մտահոգությունից ելնելով` թողնել ուռճացված աշխատակազմ»:

Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ նոր ծրագրում նաեւ պարգեւատրումների կրճատում է արված. «Նախկինում անգամ յոթանիշ թվերով պարգեւատրումներ են արվել»:

Թաթուլ Մանասերյանը կառավարության ծրագրից առանձնացրեց այն հատվածը, որտեղ խոսվում է քաղաքացու արժանապատիվ ապրուստի, նրանում լավատեսություն արթնացնելու, արդար հասարակության մեջ ապրելու եւ կենսամակարդակի բարձրացման մասին. «Ծրագրում նաեւ մեծ տեղ է հատկացվել տնտեսական անվտանգությանը, ինչի մասին ես բազմիցս բարձրաձայնել եմ, թե ինչ կարեւոր է տնտեսության համար չափելի դարձնել սպառնալիքները: Ոչ թե ասել, որ արտաքին պարտքը վատ է, այլ ասել` ինչից հետո է դա վատ, ինչից հետո է սպառնալիք դառնում»:

Aravot.am-ի հարցին, թե կիսո՞ւմ է, արդյոք, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն մտահոգությունը, որ մեր երկրին սպասվում է թաքնված դեֆոլտ, պարոն Մանասերյանն ասաց, որ առանց հիմնավոր փաստերի նման հայտարարություն անելը ճիշտ չէ. «Պետք է պահանջեք, որ ցանկացած նման արտահայտություն անող անձնավորություն հիմնավորում ներկայացնի, նման արտահայտությունները շատ բացասական, լուրջ հետեւանք է թողնում տնտեսության վրա, մենք, իհարկե, խնդիրներ ունենք, բայց եթե հիմնավորումներ չկան եւ առաջարկներ մարդը չի ներկայացնում, խորհուրդ կտամ շրջանցել նման արտահայտությունները»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31