«Այս օրենքով կարծես թե փորձ է արվում լռեցնել մարդկանց եւ հետո ասել՝ բողոքներ չեն եղել եւ կառավարության ծրագիրը կատարվում է»,- հոկտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Քրեական օրենսգրքում կրկնակի քվեարկության վերաբերյալ սուտ մատնության մասին դրույթին, ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Նա նշեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ շուրջ 500 բողոք են ստացել, նրանցից մոտ 80-ով քրեական գործ է հարուցվել եւ պատիժը եղել է տուգանքներով. «Բազմաթիվ են եղել խախտումները, որոնք չեն գրանցվել եւ բացի այդ՝ 500 բողոքները չեն արտացոլում այն խախտումները, որոնք տեսել են մեր դիտորդները եւ արձանագրել: Տվյալ դեպքում փոխարեն ընտրական գործընթացների նկատմամբ լիներ անխուսափելի պատիժը եւ կեղծիքներ չլինեին, դրանով վստահությունը բարձրանար, տպավորությունն այնպիսինն է, որ սրանով հաջորդ ընտրությունների ժամանակ նրանք 500-ի փոխարեն սպասում են, որ կլինի բողոքների շատ ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդիկ չեն ասի. կարող է քրեական գործ հարուցվել նրանց նկատմամբ: Արդյոք սա՞ է նշանակում ընտրությունների նկատմամբ վստահության բարձրացումը»:
Ավետիք Իշխանյանը քրեական պատասխանատվության սահմանումը վտանգավոր միտում է համարում. «Սա ինձ հիշեցնում է ԽՍՀՄ-ում հակասովետական ագիտացիայի հոդվածը, սա, փաստորեն, նույն բանն է՝ կեղծիքների մասին բարձրաձայնելու համար մարդանց նկատմամբ քրեական պատասխանատվություն սահմանել: Այդ ի՞նչն էր ստիպել նրանց, որ որոշել են այդպիսի հոդված ընդունել, եղե՞լ են այդպիսի դեպքեր, որ կեղծ են եղել, թո՛ղ ցույց տան, որ կեղծ են եղել: Արդյոք այդպիսի դեպքեր եղե՞լ են, որ պատճառ հանդիսանան սրան: Սա քողարկված ահաբեկում է դիտորդական խմբերի նկատմամբ: Պետք է ամեն կերպ կանխել այս հոդվածի ընդունումը: Բայց եթե նույնիսկ ընդունեն այդ հոդվածը, ես խոստանում եմ, որ բացարձակապես բանի տեղ չեմ դնելու»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»: