«Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Գրիգորյանը որոշակի նկատառումներ է ներկայացնում ՀՀ կառավարության նոր ծրագրի «Բնապահպանություն» հատվածի վերաբերյալ:
«Կառավարության ծրագրի նախագծի՝ բնապահպանական մասի վերաբերյալ նկատառումներ
Արթուր Գրիգորյան, «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպության ղեկավար
Ամենահատկանշական գիծը, որ ցայտուն կերպով արտահայտված է ՀՀ այս կառավարության ծրագրի նախագծի՝ բնապահպանությանն առնչվող հատվածում, խիստ անբավարար մասնագիտական մոտեցումն է: Ծրագրի տեքստում չկա տրամաբանական կառուցվածք և համակարգվածություն:
Կարդացեք նաև
Չնայած ՀՀ բնապահպանության նախարարին կից՝ հանրային խորհրդում նախապես տեղի ունեցած հանդիպման ընթացքում չափազանց մատչելի և հիմնավոր կերպով ներկայացվեցին ոլորտի համակարգային առաջնահերթությունները, իսկ նորանշանակ նախարարը անձամբ նշումներ կատարեց դրանց վերաբերյալ, այժմ մենք տեսնում ենք ոլորտի առաջնահերթությունններից բացարձակապես կտրված, ոչ պրոֆեսիոնալ մի տեքստ: Ծրագրի նախագծում տեղ գտած բնապահպանական մասը մատնում է նաև այս կառավարության՝ բնապահպանության համար պատասխանատու անձանց ցածր իրազեկվածությունը մինչ այժմ Հայաստանում իրականացվող՝ շրջակա միջավայրին վերաբերող կոնցեպտուալ միջազգային ծրագրերի բովանդակությանը:
Մասնավորապես, ծրագրի կետերը կամ ձևակերպված են չափազանց ընդհանուր, ոչ չափելի կերպով (ինչ-որ հերթական անիմաստ հայեցակարգերի, բնապահպանական դաստիարակության մոտեցումների մշակում և այլն), կամ առնչվում են համակարգային ամբողջականությունից զուրկ, խիստ մասնավոր դեպքերի (ինչ-որ առանձին ազգային պարկերի և արգելավայրերի կառավարման պլանների հաստատում և այլն): Իսկ բնապահպանական գերխնդիր հանդիսացող՝ հանքարդյունաբերության վերաբերյալ սահմանված է մի դրույթ, որն անգամ մոտ չէ ոլորտի համակարգային առաջնահերթություններին՝ «ռեկուլտիվացիոն ֆոնդի կառավարման համակարգի ներդնում»:
Ծրագրի բովանդակությունից հետևում է, որ բնապահպանության համար պատասխանատուները իրազեկ չեն այն մասին, որ գերմանական KFW բանկի բազմամիլիոնանոց ֆինանսավորմամբ վաղուց արդեն իրականացվում են գործընթացներ բնության հատուկ պահպանվող տարածքների (այդ թվում ազգային պարկերի և արգելավայրերի) կառավարման պլանների հաստատման, տարածքների քարտեզագրման և դրանց կադաստրային հաստատման, աշխատակազմի մասնագիտական հմտությունների բարձրացման վերաբերյալ: Այս համատեքստում մի քանի տարածքներ ամբողջական գործընթացից կտրելն ու կառավարության ծրագրում ամրագրելը անհասկանալի է:
Նույն կերպ՝ մեկ այլ գերմանական կազմակերպության GIZ-ի կողմից վաղուց արդեն արվել է անտառների մանրակրկիտ ուսումնասիրություն, ներդրվել են այնպիսի տեխնոլոգիական համակարգեր, որոնք թույլ են տալիս, ցանկության դեպքում օն-լայն ռեժիմով հետևել ապօրինի ծառահատումների գործընթացին: Ավելին, այդ տեխնոլոգիաների միջոցով «անտառապահները» կարողանում են նույնիսկ հետևել, թե իրենց վերահսկողությունից դուրս որքա՞ն ծառ է հատվել ու իրենց «փայը» չի տրվել: Այս իրողությունների պայմաններում վերցնել ու ծրագրի նախագծում գրել, թե կառավարությունը պատրաստվում է ներդնել նորագույն տեխնոլոգիաներ անտառների ապօրինի հատումները կանխելու համար, իրազեկ մարդկանց մոտ հեգնական ժպիտ է առաջացնում:
Եթե կառավարության ծրագիրն ընդունվի այսպիսի ցաքուցրիվ, միմյանց հետ տրամաբանական շաղկապվածություն և համակարգային կառուցվածքային չունեցող նախադասությունների շարանով, ապա տպավորություն կստեղծվի, որ այս՝ «դրայվ» կառավարության վազքը ևս մինչև մարագն է…
Ընդերքօգտագործում.
Իմ կողմից ներկայացնեմ ընդամենը մեկ համակարգային առաջնահերթություն՝ իր մի քանի դրույթներով, որն այս կառավարությունը կարող է ձևակերպել և լուծել: Հանքարդյունաբերության բնապահպանական խնդիրները՝
1.Հանրայնացնել հանքարդյունաբերությանն առնչվող տեղեկատվությունը՝ թույլտվություններ, լեռնահատկացման ակտեր, գաղտնիք չհանդիսացող երկրաբանական տվյալներ, ընկերությունների բաժնետերերի ցանկը (beneficial owners) և այլ տվյալներ: Այս առաջնահերթությունը բխում է նաև տարբեր միջազգային գործընթացներով Հայաստանի ստանձնած պարտավորություններին, ինչպիսին է նախորդ կառավարության ձախողած՝ Բաց կառավարման նախաձեռնությունը (Open Government Partnership (OGP)), կամ նոր սկսվող Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (Extractive Industries Transparency Initiative (EITI)):
2.Մշակել հանքարդյունաբերության ռազմավարություն, որը մինչ օրս Հայաստանը չունի: Սա ևս մեկ համակարգային գործընթաց է, որն իրականացվում է Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ, սակայն դուրս է մնացել մեր կառավարության բնապահպանական ծրագրից, մինչդեռ կանաչ տնտեսության զարգացման հայեցակարգի մշակումը դուրս չի մնացել: Եվ ոչ ոքի մտքով կարծես չի անցել, որ առանց հանքարդյունաբերության ռազմավարություն ունենալու չի կարող կենսունակ լինել և դառնալու է միջազգային դոնորներից գումար ողորմելու և դրանցով թուղթ սևացնելու հերթական միջոցը:
3.Կանոնակարգել Շրջակա միջավայրի վա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացը: Ներկայումս ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետներն են տրամադրում այն եզրակացությունները, որոնք հիմք են հանդիսանում հանքավայրերի շահագործման թույլտվություն տրամադրելու համար, սակայն մեկ-երկու փորձագետը օբյեկտիվորեն ի զորու չեն մասնագիտական լիարժեք գնահատում իրականացնել բազմաֆունկցիոնալ հանքարդյունաբերական նախագծերին, և պետական բնապահպանական փորձաքննությունը վերածվում է խիստ ձևական և կոռումպացված մի գործընթացի: Այս համակարգային խնդիրը ևս ներկայացված չէ:
4. Անհրաժեշտ է իրականացնել ընդերքօգտագործման թափոնների դասակարգում և առկա պոչամբարների նախագծային ծավալների ու լցվածության աստիճանի պաշտոնական հավաստագրում: Օրինակ, Քաջարանի հանքավայրը ներկայացրել է նախագիծ, որով պատրաստվում է տարեկան արդյունահանել 22 միլիոն տոննա հանքաքար, որից առաջանալու է նույնքան թափոն: Ո՞րտեղ պետք է ընկերությունը լցնի իր թափոնները: Չնայած ընկերությունը պնդում է, թե Արծվանիկի պոչամբարը դեռ բազում տարիներ կարող է ծառայել, սակայն մասնագետները պնդում են, որ այդ պոչամբարի նախագծային ծավալները վաղուց արդեն լցված են: Որևէ պետական մարմնից մեզ այդպես էլ չհաջողվեց ստանալ պաշտոնական տեղեկատվություն Հայաստանում առկա պոչամբարների նախագծային ծավալների և լցվածության չափի վերաբերյալ, ինչն ինքնին հսկայական կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»:
ԷկոԼուր