«Ռուսաստանը շատ խորը գնաց…Տարիներ շարունակ Մինսկի խմբի համանախագահներն ինչ-որ տեղ պաշտպանում էին Հայաստանի այն դիրքորոշումը, որ հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների պետք է լուծվեն: Թուրքիան եւ Ադրբեջանը հակառակն էին պնդում եւ հարցն իրենց ուզած կերպով կապում Ղարաբաղյան խնդրի հետ: Հիմա, փաստորեն, Ռուսաստանն ընդունեց Թուրքիայի այդ դիրքորոշումը»,- այսօր «Մեդիա Կենտրոնում» անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ վերջերս Երեւանում արված հայտարարությանը, թե «Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Արցախյան հակամարտության կարգավորման հարցում», ասաց «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավար Մանվել Սարգսյանը:
Ըստ նրա, Լավրովի հայտարարությունը երկու ուղերձ ունի՝ կամ համաձայն է Թուրքիայի՝ Արցախի խնդրում դիրքերն ուժեղացնելուն, կամ գուցե Թուրքիան դրանով պատնեշ է դնում հայ-թուրքական հարաբերությունների առաջ:
Խոսելով ԱԺ փոխնախագահի՝ Լավրովին ուղղված պատասխանից, Մանվել Սարգսյանն ասաց. «Որոշ պաշտոնյաներ փորձում են նուրբ կերպով արդարացնել Ռուսաստանի դիրքորոշումը: Նույնը տեսանք, երբ Ադրբեջանը զինվում էր…Ռուսաստանի համար այսօր մեծանում է թյուրքական գործոնը՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան: Դժվար է հարաբերությունները լուծել թուրք հարեւանների հետ: Ռուսաստանը ՀՀ-ին պարտադրում է ստանձնել վտանգավոր դեր՝ այդ հարեւանների հետ հարաբերություններում: Հայաստանը տարբեր փուլերում, ինչպես օրինակ ապրիլյան պատերազմի ժամանակ, օգտագործվում է որպես մտրակ՝ այդ երկրների դեմ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»