«Պարոն վարչապետ, ինձ հետաքրքրում է՝ դուք ինչպե՞ս եք վերաբերվում Սերժ Սարգսյանին»,- այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսպիսի հարց ուղղեց Կարեն Կարապետյանին:
Նա ասաց, որ սովոր ենք, որ վարչապետերը կառավարության ծրագրերն ԱԺ-ում ներկայացնելիս անընդհատ հղում են անում նախագահի նախընտրական ծրագրերի վրա, մի քանի անգամ անունը հիշատակում են. «Դուք համարում եք, որ Սերժ Սարգսյանը ձախողե՞լ է իր նախընտրական ծրագիրը կամ գուցե կարծում եք, որ ձեր եւ իր անվան կապվելը կարող է վարկաբեկիչ լինել ձեր կառավարության վրա: Ընդհանրապես ի՞նչ եք մտածում, Սերժ Սարգսյանը պետք է մանրից իրերը հավաքի եւ իշխանության ժառանգականության հարցերը լուծի՞, ինչպե՞ս եք այդ համատեքստում պատկերացնում ձեր դերակատարումը: Ընդհանրապես, կառավարության ներկայացուցիչները ո՞ւմ են համարում ղեկավար՝ Ձե՞զ, թե՞ Սերժ Սարգսյանին:
Վարչապետը պատասխանեց, որ շատ հարգալից է վերաբերվում Սերժ Սարգսյանին. «Ինձ հրավիրել է վարչապետ աշխատելու Սերժ Սարգսյանը: Ինչպես են վերաբերվում կառավարության անդամները ինձ՝ նրանցից հարցրեք»:
Նիկոլ Փաշինյանը նաեւ մենաշնորհների մասին հարց ուղղեց՝ հիշեցնելով Կարեն Կարապետյանի խոսքերը, որ մոնոպոլիաները միշտ չեն վատը՝ կախված նրանից, թե օրինական են դրանք ձեւավորվել, թե՞ անօրինական: Նա ուղիղ հարցրեց՝ հիմա Սամվել Ալեքսանյանի շաքարի բիզնեսի մենաշնորհը օրինակա՞ն, թե՞ անօրինական է ձեւավորվել, Միհրան Պողոսյանի բանանի ներկրման մենաշնորհը:
Կարդացեք նաև
Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ոնց եմ պայքարելու նրանց մոնոպոլիաների դեմ՝ շատ պարզ: Խաղի կանոնները բոլորի համար լինելու են նույն ձեւի: Ոնց են առաջացել նրանց մոնոպոլիաները՝ այս պահին գուցե ձեւակերպումս մի քիչ կոռեկտ չի, բայց լինելու է բաց դաշտ: Ով կլինի ավելի հաջողակ՝ ժամանակը ցույց կտա»:
Նիկոլ Փաշինյանը արձանագրեց՝ սա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանի ժամանակ այդ դաշտը փակ է եղել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ