Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կհետևի Երևանի, Արարատի դատախազների ու ՀՀԿ-ական տիկնանց օրինակին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2016 16:07

Շիրակի թեմի Սուրբ Յոթվերք եկեղեցու «Բարեգործական ջոկատը» Գյումրիում արդեն 4-րդ անգամ իրականացնում է «Մեկ բացիկ, մեկ բնակարան» ծրագիրը։ Ինչպես հայտնի է՝ երիտասարդները, փողոցներում ցրտին կանգնելով կամ դռնեդուռ ընկնելով, բացիկները վաճառում են խորհրդանշանական գումարով՝ մեկ հատը 400 դրամով ու ամեն տարի բնակարան են գնում անօթևանության ճիրաններում տառապող բազմազավակ մի ընտանիքի համար։

Ծրագրի ղեկավար Արման Գևորգյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ծրագիրը սկսել են իրականացնել ամսի 17-ից, մի փոքր ուշ է ստացվել տեխնիկական խնդիրների պատճառով, այն կտևի մոտ երկու ամիս։ Երիտասարդները սովորաբար մինչև դեկտեմբերի 7-ը հանձնում են բնակարանը։

Արման Գևորգյանը նշեց, որ 8 հազար բացիկ են տպագրել այս տարի, դա արել են սեփական միջոցներով՝ անցած տարվա խնայողությունների հաշվին, այդ պատճառով էլ այս տարվա բացիկները, մյուս տարիների համեմատ, քանակով քիչ են։ «Տարբեր ակցիաներ ենք իրականացնելու․Գյումրիի գրեթե բոլոր բուհեր բացիկներ են ուղարկվել։ Մենք կապ ենք հաստատել նաև ուսանողական տարբեր խորհուրդների հետ տարբեր քաղաքներում, բացիկներն ունենալու են նաև օնլայն գնումներ։ Քաղաքապետարանն արդեն արձագանքել է՝ հայտարարելով, որ աջակցելու է մեր ծրագրին, մոտ 75 պատգամավորների փոստային հասցեներին ուղարկել ենք ծրագրի մասին տեղեկատվություն և ժամկետներ ենք նշել, որի ընթացքում մեզ պատասխանեն, պատասխան դեռ ոչ մեկից չենք ստացել։ Դիմելու ենք նաև տարբեր կառույցների՝ երիտասարդական կառույցների, հասարակական կազմակերպությունների, պետական հիմնարկների, թակելու ենք բոլոր պետական պաշտոնյաների դռները, հնարավորությունների սահմանում, ուզում ենք, որ բոլորը իրենց ներդրումն ունենան այս կարևոր ծրագրում»,-ասաց Արման Գևորգյանը։

bacik_1

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ մոտավորապես 5 միլիոն դրամ է անհրաժեշտ՝ Գյումրիում բնակարան գնելու համար։

Այս տարվա բացիկի վրա համառոտ ներկայացված են անցած տարվա արդյունքները, կա օրացույց, շնորհակալական խոսք։ Ծրագրի պատասխանատուի ասելով, բարեգործությանը մասնակցող բոլոր մարդկանց անունները ամեն օր հրապարակելու են իրենց ֆեյսբուքյան պաշտոնական կայքում։

Նշենք, որ անցած տարի բարեգործական այս ծրագրին մեծ մասնակցություն են ունեցել Շիրակի մարզի նախկին դատախազ, այժմ Երևանի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, որի հորդորով բարեգործական այս ծրագրին մասնակցություն ունեցան նաև իր ընկերները, Արարատի մարզի դատախազ, ծնունդով գյումրեցի Համբարձում Մելիք-Սարգսյանը, Շիրակի մարզի ոստիկանությունը՝ նախկին ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ-ական պատգամավոր, ծնունդով դարձյալ գյումրեցի Նաիրա Կարապետյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և այլք։

Նշենք, որ երիտասարդները սովորաբար բնակարան հատկացնում են օթևան ունենալու հույս չունեցող բազմազավակ ընտանիքներին, նրանց ընտրում են վիճակագրությամբ։ Այնքան հուզիչ է տեսարանը, երբ երիտասարդները անակնկալի են բերում ընտրված ընտանիքին՝ հայտնելով նրանց բնակարան ստանալու ուրախալի լուրը։

Երիտասարդները նախորդ տարի սեփական տուն գնեցին հանրակացարանի մութ, կիսախարխուլ սենյակում բնակվող Մարտիրոսյանների 4 երեխա ունեցող ընտանիքին, տեսանյութերը նրանց մասին է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31