Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը վերսկսել է ճնշումներն իր քննադատների նկատմամբ. Human Rights Watch

Հոկտեմբեր 20,2016 15:45

Ադրբեջանի կառավարությունը վերսկսել է ճնշումներն իր քննադատների և անկախ խմբերի նկատմամբ: Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում:

«Հետապնդումների ենթարկված, բանտարկված, աքսորված. Ադրբեջանի շարունակական ճնշումները կառավարության քննադատների, փաստաբանների և քաղաքացիական հանրության նկատմամբ» վերտառությամբ 75 էջանոց զեկույցը փաստում է քաղաքացիական հանրությանը ճնշելու Ադրբեջանի կառավարության կենտրոնացված ջանքերը: Զեկույցը կազմվել է ավելի քան 90 իրավապաշտպանների, անկախ կազմակերպությունների ղեկավարների, լրագրողների, իրավաբանների և կուսակցական ակտիվիստների հետ զրույցների հիման վրա:

Իրավապաշտպանները կարծում են, որ 2016թ. Ադրբեջանի իշխանությունները կեղծ, քաղաքական ենթատեքստով մեղադրանքներ են ներկայացրել և հետապնդումներ իրականացրել ակտիվիստների, լրագրողների և այլ անձանց նկատմամբ: Կառավարությունը ձևավորել է նեղ քաղաքական և օրենսդրական շրջանակ՝ կաթվածահար անելու անկախ խմբերի աշխատանքները: Քննադատներին պաշտպանել փորձող փաստաբանները առերեսվել են հաշվեհարդարի և աշխատանքից ազատվելու հետ: Չնայած 2016թ. սկզբին իշխանություններն ազատ արձակեցին մի քանի իրավապաշտպանների, նրանցից շատերը շարունակում են մնալ բանտում կամ ստիպված են եղել լքել երկիրը, ասվում է զեկույցում:

2015թ. նավթի համաշխարհային գների անկումը զգալի հարված հասցրեց Ադրբեջանի՝ վառելիքի արտահանումից կախված տնտեսությանը: Կառավարությունն այժմ իր արդյունահանող ինստիտուտների համար լրացուցիչ միջազգային ֆինանսական ներդրումներ է փնտրում՝ Կասպից ծովից Եվրոպա գազ հասցնելու նպատակով:

ԵՄ-ը և Ադրբեջանը պատրաստվում են համագործակցության շուրջ նոր բանակցություններ սկսել, որը կամրապնդի նրանց քաղաքական ու տնտեսական կապերը:

2015թ. ապրիլին Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) իջեցրեց խմբում Ադրբեջանի կարգավիճակը՝ այդ երկրում անկախ խմբերի նկատմամբ ճնշումների պատճառով: Նախատեսվում է, որ հոկտեմբերի 25-26-ին Աստանայում տեղի կունենա ԱՃԹՆ ղեկավարության հանդիպումը, որտեղ կորոշվի՝ արդյոք Ադրբեջանը կարող է վերադառնալ խումբ որպես լիարժեք անդամ: Ադրբեջանի կառավարությունը ոչ մի նշանակալից քայլ չի կատարել՝ քաղաքացիական հասարակության հարցում ԱՃԹՆ պահանջները կատարելու ուղղությամբ, ասվում է զեկույցում:

2016թ. Ադրբեջանի կառավարությունը հետապնդումներ է իրականացրել ավելի քան 20 քաղաքական և երիտասարդ ակտիվիստների նկատմամբ՝ նրանց դեմ ներկայացնելով կեղծ մեղադրանքներ, ինչպիսիք են անօրինական բիզնես-գործունեությունը կամ թմրանյութեր պահելը: Իշխանությունները ձերբակալություններ են իրականացրել նաև ԱՄՆ-ում ապրող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու հիմքով, որին Թուրքիայում մեղադրում են հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Ընդ որում, ձերբակալվածների նկատմամբ կիրառվել է ծեծ, բռնաբարության, ազգականների նկատմամբ բռնության սպառնալիքներ` խոստովանություն կորզելու համար:

HRW-ի իրավապաշտպանները փաստում են, որ Ադրբեջանում ձերբակալությունների ալիքը սաստկացավ, երբ ակտիվիստները սկսեցին խոսել 2016թ. սկզբին երկրի տնտեսական անկման, տարադրամի արժեզրկման և ինֆլյացիայի մասին, և հատկապես սեպտեմբերին՝ սահմանադրական հանրաքվեից առաջ:

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները քաղաքական ակտիվիստներին և խաղաղ ցուցարարներին ձերբակալելու համար հաճախ դիմում են կասկածելի վարչական մեղադրանքների, ինչպիսիք են «հանրային վայրերում հայհոյանքը» և «խուլիգանությունը»: Իշխանությունների թիրախ են դառնում նաև Facebook և այլ սոցցանցերում իրենց հասցեին քննադատություններ հնչեցողները:

2015թ. վերջին և 2016թ. սկզբին կառավարությունն ազատ արձակեց ձերբակալված մի քանի ակտիվիստների, այդ թվում իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսներին, Ինթիգամ Ալիևին, Ռասուլ Ջաֆարովին և լրագրող Խադիջա Իսմայիլովային: Այնուամենայնիվ, նրանց դեմ մեղադրանքները չեն հանվել, ոմանց նկատմամբ երկրից դուրս գալու սահմանափակումներ են դրվել, ոմանց արգելվել է շարունակել իրենց գործունեությունը, մի մասն էլ պարզապես երկրից հեռացել է:

Human Rights Watch-ի իրավապաշտպանները նաև փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունները հետապնդումների են ենթարկում այն լրագրողների և ակտիվիստների հարազատներին, որոնք հեռացել են երկից և շարունակում են իրենց գործունեությունը վտարանդիության մեջ: Վերջին տարիներին իշխանությունների թիրախում են հայտնվել նաև այն փաստաբանները, որոնք ստանձնում են քննադատների պաշտպանության գործը:

Բացի այդ, կառավարությունը նաև փաստացի անհնարին է դարձնում մի շարք անկախ խմբերի գործունեությունը: 2014թ. ընդունված օրենքներն ու կարգավորումները պարտադրում են, որպեսզի և՛ դոնորները, և՛ կազմակերպությունները առանձին-առանձին թույլտվություն ստանան իշխանություններից յուրաքանչյուր դրամաշնորհի համար: Ավելին, դրամաշնորհներ տալու համար արտասահմանյան դոնոր-կազմակերպությունները պետք է գրասենյակ ունենան Ադրբեջանում:

Իրավապաշտպանները նշում են, որ Ադրբեջանի կառավարությունը միջազգային իրավունքով սահմանված պարտավորություններ ունի՝ պաշտպանելու խոսքի և հավաքների ազատությունը: Կառավարությունը պետք է անհապաղ պայմաններ ստեղծի անկախ խմբերի համար, որպեսզի նրանք կարողանան իրականացնել իրենց օրինական աշխատանքներն առանց միջամտությունների, այդ թվում չեղարկի միջազգային ֆինանսավորում ստանալու սահմանափակումները: Կառավարությունը նաև պետք է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակի քաղաքական ենթատեքստով կալանավորվածներին:

Բացի այդ, իրավապաշտպանները խորհուրդ են տալիս ԵՄ-ին և ԱՄՆ-ին արգելել իրենց տարածք այն պաշտոնյաների մուտքը, որոնք պատասխանատու են անարդարացի դատավարությունների և բանտարկությունների համար: Իսկ միջազգային ֆինանսական կազմակերպություններին խորհուրդ է տրվում արդյունահանման նախագծերում ներդրումներ կատարել միայն այն ժամանակ, երբ կառավարությունը երաշխավորի անկախ խմբերի և ակտիվիստների ազատ գործունեությունը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31