«Արտաբյուջետային շատ միջոցներ նախատեսված են գործող վարկային պայմանագրերով, մյուս մասն էլ համարվում են բյուջեի մաս: Եվ եթե դրանք թափանցիկ են, ապա մեծ խնդիր այստեղ չեմ տեսնում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն`անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի երեկ հնչեցրած առաջարկներին:
Տեր-Պետրոսյանը, հիշեցնենք, առաջարկել էր վերացնել նախարարությունների, պետական այլևայլ գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները եւ անմիջապես վավերացնել ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոնվենցիայի` պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածը՝ օժտված նաեւ հետադարձ ուժով:
Դավիթ Հարությունյանը խնդիր չի տեսնում քննարկելու Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած կետերը, մինչդեռ ապօրինի հարստացման մասին էլ կառավարության ծրագրում խոսվում է։ «Դրամահոսքի շրջանառությունը սահմանափակելն, օրինակ, եւս կոռուպցիայի բացառման կարեւորագույն գործիքներից մեկն է այն մի շարք գործիքների հետ, որոնք թվարկված են կառավարության ծրագրում։ Միեւնույն ժամանակ կան նաեւ շատ այլ գործիքներ, որոնք թվարկված չեն, բայց դրանց վրա մենք աշխատում ենք», – ասաց նա։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ