Ինչու կառավարության ծրագրում դետալներով նշված չէ, թե ինչպես եք կրճատելու ստվերը: Ինչպիսի գործուն մեխանիզմներ պետք է կիրառվի մենաշնորհների դեմ: Այսօր այս ԱԺ-ում հարցը Խաչատուր Քոքոբելյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ուղղեց վարչապետ Կարեն Կարապետյանին:
Վարչապետը պատասխանեց, որ ծրագրի հիմնական մասը հենց դրան է վերաբերում. «Երբ ասում ենք ազատ, պարզ, մրցակցային, հավասար պայմաններ՝ մոնոպոլիաները, գերիշխող դիրքերը կամ կայանում են օբյեկտիվորեն, կամ չեն կայանում»:
Վարչապետն ասաց, որ գուցե չեն նշել, որ այս գործողությունը գերշխողի, մենաշնորհատիրոջ, ստվերի դեմ է, բայց ակնհայտ է, որ հենց դրան է ուղղված. «Մենք ռեալ այսօր մեր հիվանդությունների, մեր վիճակի դիագնոզ տալու անհրաժեշտություն ունենք: Երբ այդ դիագնոզի վրա վստահ չենք կամ կայացած չենք, բոլոր մնացած ենթադրությունները կլինեն օդից: Վաղը մենք կսկսենք արդարանալ, թե ինչու սա այսպես կամ այնպես չէ: Ինչ վերաբերում է ստվերի դեմ պայքարելուն, գուցե դուք ճիշտ եք, պետք է գրեինք՝ ստվերի դեմ պայքարի համար անելու ենք ու թվարկեինք, բայց եթե դուք ունեք ուրիշ առաջարկություն, մենք կլսենք ձեր առաջարկությունը»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ վարչապետին հարցրեց. «Ասում եք, որ օր առաջ պետք է սկսել կառավարությունից: Դուք ունեիք բավականաչափ հնարավորություն կառավարությունից սկսելու, բայց բացի անձերի փոփոխությունից, ի՞նչ է արվել կառավարությունում»:
Կարդացեք նաև
Վարչապետը պատասխանեց, որ հանձնարարվել է վերանայել բոլոր կառույցների աշխատանքը եւ կրճատումներ անել. «Հստակ հանձնարարական կա կրճատելու ՊՈԱԿ-ները, կենտրոնացնելու գնումների կառույցները, կենտրոնացնելու ԾԻԳ-երը: Մենք հանրությանը կներկայացնենք»:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ հարցրեց՝ մենք անընդհատ խոսում ենք՝ ստվեր, մենաշնորհ, կոռուպցիա: Տպավորություն է, թե դրանք Անորսալի Ջոն են, մենք չգիտենք, թե որտեղ է ստվերը, մենաշնորհը. «Մի քանի մենաշնորհատեր այս դահլիճում նստած են: Եկեք Անորսալի Ջոնի պատմությունը չսարքենք»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ բոլորն ակնկալում են ոչ ստանդարտ լուծումներ, որո՞նք են դրանք՝ ստվերի դեմ, մենաշնորհատերերի, որոնց անուն առ անուն բոլորը գիտեն, ի՞նչ է անելու՝ նրանց կանգնացնելու համար:
Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ասում եք՝ դեկլարատիվ է, ազգանուններ չենք գրել, ճիշտ եք: Բայց մենք չենք խոսել կոռուպցիայի դեմ ոչ ստանդարտ եղանակներով պայքարելու մասին: Խոսել ենք ոչ ստանդարտ եղանակներով էկոնոմիկայի զարգացման մասին: Կոռուպցիայի դեմ պայքարը շատ ստանդարտ է, մենք ֆիքսել ենք ոնց ենք պայքարելու: Կանենք, թե չենք անի՝ դուք կտեսնեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ