Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորության Մաստրիխտ քաղաքում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան մինչ գագաթնաժողովի մեկնարկը այցելել է քաղաքի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի, որտեղ կարճատև հանդիպում է ունեցել եկեղեցական վարչության անդամ «Անի» հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցել համայնքային առօրյայի, խնդիրների, ծրագրերի, հայրենիքի հետ համագործակցության ամրապնդման հնարավորությունների շուրջ, նաև պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Հայոց պատմական մայրաքաղաքի հիշատակին անվանված «Անի» հայ համայնքը մշտապես ակտիվորեն մասնակցում է համահայկական խնդիրների շուրջ հոլանդահայկական կազմակերպությունների միջոցառումներին:
2012թ. Լիմբուրգի նահանգի կաթոլիկ եկեղեցու որոշմամբ Քրիստոսի համբարձման եկեղեցին նվիրվել է հայկական համայնքին, որը 2013թ. տարեսկզբին օծվել է Սուրբ Կարապետ` ի հիշատակ Ամստերդամի հին հայկական եկեղեցու: Նվիրատվությունն իրականացվել է ի երախտագիտություն Սուրբ Գրիգոր Լուսավորչի աշակերտ և Մաստրիխտի սուրբը համարվող հայազգի Սուրբ Սերվատեսի, ինչպես նաև քաղաքի ու նահանգի զարգացման գործում «Անի» համայնքի և ընդհանրապես Մաստրիխտում ապրող հայերի ունեցած դրական ներդրման:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ