Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ ողորմելի, ձեզ ո՞վ է իրավունք տվել մոռանալ ցեղասպանությունը». Հայրիկյանը՝ ՀՀ կառավարության ծրագրի մասին

Հոկտեմբեր 20,2016 14:28

Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի վիճակը թույլ է: Նա այս օրերին հացադուլ է անում: ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե որպես ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու և ներկայացուցչական խորհրդի անդամ՝ Կարո Եղնուկյանին կոչ են անում, իսկ կուսակցական լեզվով պահանջում դադարեցնել հացադուլը: Նա տեղեկացրեց, որ այս օրերին հացադուլի մեջ գտնվելով Կարո Եղնուկյանն իր դեղերը չի ընդունում, ինչը կարող է վտանգավոր լինել, այդ պատճառով Եղնուկյանն այս օրերին թուլացել է:

Դիմելով պարոն Եղնուկյանին՝ ԱԻՄ նախագահն ասաց. «Բավարարվիր քո բողոքի ցույցով, 12 օրվա բողոքի ցույցը բավարար է, մեկ է այս իշխանությունները դրանից բան չեն հասկանում»:

Պարույր Հայրիկյանը թեև շեշտեց, որ Հայաստանի թիվ մեկ թշնամին համարվող պուտինյան Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարություններին վերապահումով է վերաբերվում, միևնույն ժամանակ նկատեց, որ Լավրովի հայտարարություններում միայն բացասականը պետք չէ տեսնել. «Եթե հարցը չենք դիտարկում որպես աշխարհի կողմից մերժվող ՌԴ-ի ԱԳ նախարարի հայտարարություն, ապա տեսանելի է, որ Լավրովը խոսում է այն մասին,որ Թուրքիան կարող է դերակատարություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, եթե ՀՀ-ի հանդեպ որդեգրած դիրքորոշումից հրաժարվի: Այնպես չէ, որ ինքը հակահայկական հայտարարություն է անում: Է, հայերն էլ են ասում նման բաներ: Նույն այս կառավարության ծրագրում գրված է՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների բարելավում: Այ ողորմելի, ձեզ ո՞վ է իրավունք տվել մոռանալ ցեղասպանությունը: Ես Թուրքիայի հետ ունեմ նախապայմաններ՝ պիտի ցեղասպանություն ճանաչես, դուրս գաս նվազագույնը Կարս-Արդահանից, հետո միայն կարող ենք իրար հետ խոսել: Նույնիսկ Թուրքիայի՝ մերժելու պայմաններում սրանց տարրական ազգային արժանապատվությունը չի հերիքում խոսելու այն մասին, որ թուրքեր նախապայմաններ դուք է եք դնում, բայց նախապայմաններ մենք պիտի դնենք»:

Պարոն Հայրիկյանը մտահոգված է նաև նոր սահմանադրության այն դրույթով՝ համաձայն որի՝ եթե որևէ ուժ չունի 50 տոկոսից ավելի, ապա նոր ընտրություն պիտի լինի: Պարույր Հայրիկյանը վրդովվեց. «Այսպիսի այլանդակություն, ստորություն, չկա: Ես չգիտեմ նման այլանդակության Գագիկ Հարությունյանը ոնց գնաց, նման ստորություն որևէ իրավագետ չէր կարող թույլ տալ իր ազգի նկատմամբ»:

Վկայակոչելով այն փաստը, որ ներկայիս կառավարությունն առավելագույնը 5-6 ամիս կարող է աշխատել՝ պարոն Հայրիկյանը նշեց, որ կառավարության ծրագրին լուրջ վերաբերվելն այնքան էլ լուրջ չէր լինի:

Պարոն Հայրիկյանը արտաքին քաղաքականության ոլորտում այս ծրագրով նահանջ է նկատում. «Գոնե վերջին 5-6 տարիներին նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի բերանից հնչել է ցեղասպանության հետևանքների վերացում արտահայտությունը: Այս ծրագրում դրա մասին խոսք չկա: Նույն գաղթական փախստական հայի մոտեցումն է: Հարյուր տարի է անցել, դեռ ցեղասպանությունը պիտի ճանաչվի՞»:

Դառնալով այն փաստին, որ ծրագրում խոսվում է ժողովրդավարության մասին՝ պարոն Հայրիկյանն ասաց. «Ի՞նչ իրավունք ունեք դուք խոսելու ժողովրդավարության մասին, երբ ժողովրդավարության հիմքը հանդիսանող սահմանադրությունն ընդունվեց կեղծիքներով ու կոպիտ խախտումներով: Նոր սահմանադրության մեջ ժողովրդավարությունը երկու անգամ կրճատված է: Այս իրավիճակում, երբ քո ժողովրդի երկրի կառավարման մասնակցության հնարավորությունը երկու անգամ կրճատում ես, ի՞նչ իրավունք ունես ժողովրդավարություն բառը ընդհանրապես օգտագործելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31