Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության նոր ծրագրով նախատեսված է ոստիկանական ուժերի ընդլայնում. Արմեն Գրիգորյան

Հոկտեմբեր 20,2016 14:36

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի համոզմամբ, վարչապետ Կարեն Կարապետյանը երկար չի մնա իր պաշտոնին, որովհետեւ, ըստ նրա, Սերժ Սարգսյանը դրա համար չփոխեց Սահմանադրությունը:

Անդրադառնալով նոր կառավարությանն ու փոփոխություններին՝ պարոն Գրիգորյանն ասաց, որ բացի Կարեն Կարապետյանի երաժշտական հոլովակի հրապարակումից որևէ դրական բան դեռ չի տեսել նոր կառավարությունից, իսկ իբրեւ թե տեղի ունեցող փոփոխություններն էլ նկատելի չեն.

«Երբ ՀՀԿ-ն որոշի զիջել իշխանությունը, այն ժամանակ կհավատամ փոփոխություններին, որոնք իբրեւ թե տեղի են ունենում մեր երկրում»:

Պարոն Գրիգորյանն արդեն հասցրել է ծանոթանալ կառավարության ծրագրին ու մտահոգվել, հատկապես ոստիկանական ուժերի ընդլայնման հարցից.

«Հայաստանում 2008-2015 թվականներին տնտեսությունը գրեթե չի աճել, մինչդեռ բյուջեն աճել է մոտ երկու անգամ, իսկ ոստիկանության բյուջեն՝ 5 անգամ: Սա այն դեպքում, երբ, օրինակ, բանակի բյուջեն աճել է ընդամենը 2,2 տոկոսով: Սրանով հանդերձ՝ օրակարգում շարունակում է մնալ ոստիկանական ուժերի ընդլայնումը: Կարծում եմ, հենց այդ խնդիրն է հանգեցրել նրան, որ «Սասնա ծռերի» անդամները գրավել են հենց ոստիկանական ուժերի շենքը, ոչ թե քաղաքական որևէ ինստիտուտ»:

Կառավարության ծրագրում Կարեն Կարապետյանն էլ, ինչպես նախորդ վարչապետերը, չեն շրջանցել մենաշնորհների դեմ պայքարը, ինչը քաղաքագետը անիրատեսական համարեց.

«Հայաստանի վերջին երեք վարչապետերը խոսել են մենաշնորհի դեմ պայքարի մասին, իրենց արտահայտած մտքերը շատ նման են իրար, բայց այս 7-8 տարիներին որևէ իրական պայքար ես չեմ տեսել այս ոլորտում: Հակառակը, մենաշնորհն ավելի է զարգացել»:

Նա որպես օրինակ բերեց շաքարավազի ներմուծումը. «Եթե 2000-ականներին այդտեղ մենաշնորհը եղել է 70 տոկոս, ապա այժմ հասել է 99 տոկոսի: Ներկայումս կա շաքարավազ ներմուծող երեք ընկերություն՝ «Ալեքս Գրիգը», որը 98 տոկոս է, մնացածը «Կոկա կոլա» եւ «Պեպսի» ընկերություններն են, դրանք էլ ներմուծում են ոչ վաճառքի, այլ իրենց արտադրության մեջ օգտագործելու համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31