Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Կարեն Կարապետյանը խոստացավ՝ շարունակելու ենք աղետի գոտու վերականգնման աշխատանքները, 2017-ին ամբողջովին ավարտելու ենք Գյումրի քաղաքի պետական բնակարանաշինական ծրագիրը:
Անդրադառնալով արտահանման խրախուսմանն ուղղված ծրագրերին՝ վարչապետն ասաց, որ 2017-ից ներդնելու են արտահանման կատարելագործված ապահովագրություն եւ արժութային ռիսկերի զսպման նոր գործիքներ: Փուլային կարգով նվազեցնելու են արտահանման ավելացված արժեքի հարկերը. «ՀՀ արտահանման մեջ մեծ կշիռ ունեցող հանքարդյունաբերությունը լիենլու է մեր ուշադրության կենտրոնում»:
Ձեռնարկությունների կողմից շուկան մեծացնող ավելացված արժեքի ստեղծման դեպքում բնական գազի հավելյալ ծախսի համար արտոնյալ սակագների միջոցով խթանելու են արտադրության աճը:
Վարչապետն ասաց, որ առաջին հայացքից կարելի է թվալ, որ կառավարության ծրագիրը տնտեսական միջոցառումների վրա է հիմնված, բայց այլ ոլորտների՝ արտաքին հարաբերություններ, սոցիալական խնդիրների մասին նույնպես ծրագրեր ունեն. «2017-ից սկսած պլանավորում ենք երեխայի ծննդյան միանվագ նպաստի, կենսաթոշակների եւ նպաստների վճարումն իրականացնել առցանց դիմումների հիման վրա, իսկ սոցիալապես խոցելի խմբերին աջակցել բնական գազի եւ էլեկտրաէներգիայի արտոնյալ սակագներով»:
Կարդացեք նաև
Առողջապահության ոլորտում կառավարության հիմնական նպատակն է հիվանդի՝ բուժհաստատության ընտրության հնարավորությունը մեծացնել, ինչը կնպաստի մատչելի գներով ծառայության որակի բարելավմանը. «Այդ նպատակով պետպատվերի շրջանակներում նախատեսում ենք բուժհաստատության կանխավճարային ֆինանսավորման համակարգից անցում կատարել հիվանդի բուժման առավել արդյունավետ եւ անհատականացված հետվճարային համակարգի»:
ԿԳ ոլորտում հատուկ ուշադրություն են դարձնելու գյուղական համայնքներում ապրող երեխաներին: Վարչապետի խոսքերով՝ «Բազմաթիվ տաղանդավոր մեր հայրենակիցները ծնվել եւ մեծացել են հենց գյուղերում եւ փոքր համայնքներում: Նրանց համար չստեղծելով որակյալ կրթության հնարավորություններ՝ մենք կկողոպտենք մեր ապագան»:
Վարչապետն ասաց, որ ամբողջ հանրապետությունում որակյալ տեսադասեր են նախաձեռնելու՝ միջազգային եւ հանրապետական լավագույն մասնագետների մասնակցությամբ:
Ելույթի վերջում վարչապետը կոչ արեց նրանց, որոնք անտարբեր չեն հայրենիքի նկատմամբ, մասնակից լինեն, աջակցեն եւ առաջարկություններ անեն. «Հրավիրում ենք բոլորին՝ մասնագետներին, ներդրողներին, արվեստագետներին, հողի մշակներին, գիտնականներին՝ մասնակցելու ՀՀ զարգացման ծրագրերի իրականացմանը՝ մեր երազած երկրի կառուցմանը»:
Վերջում խոստացավ՝ «աշխատանքում կլինենք անկեղծ, հետեւողական, քննադատություններին արձագանքող, ուշադիր եւ պատրաստակամ՝ բոլոր առողջ մտքերը կյանքի կոչելու»: Նա վստահեցրեց, որ քրտնաջան աշխատանքի դեպքում անպայման կհասնեն արդյունքի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Եթե իրականություն դառնան խոստումների գոնե կեսը շուտով կտրուկ կնվազի արտագաղթը իսկ հայրենադարձության ոլորտում նկատելի աճ կունենանք․
Այնպես եմ ուզեւմ հավատալ, որ վերջապես սկսվելու է…, որ եկել է երկրի փրկիչը. Միայն թե օգնեն, չխանգարեն….