Վերաքննիչ քրեական դատարանն այսօր աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով հետաձգեց «Ոտքի´ Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանի կալանքը երկարաձգելու դեմ բողոքի քննությունը: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 24-ին:
Դավիթ Հովհաննիսյանի պաշտպան՝ փաստաբան Հովիկ Արսենյանը, սակայն, հասցրեց հիմնավորումներ ներկայացնել, որ իր պաշտպանյալի դեմ առաջադրված մեղադրանքն ու կալանքի տակ պահելը անհիմն է:
«Հուլիսի 29-ին Սարի թաղում որեւէ զանգվածային անկարգություն տեղի չի ունեցել: Իմ պաշտպանյալը քրեական հետապնդման է ենթարկվում միայն նրա համար, որ երկու ոստիկանի հանձնարարվել է ցուցմունք տալ, թե իբր տեսել են, որ Դավիթ Հովհաննիսյանը քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ եւ դա էլ համարել են զանգվածային անկարգություն»,- ասաց փաստաբանը:
Պարոն Արսենյանը նկատեց, որ Սարի թաղի դեպքերով նույնիսկ քաղաքի ոստիկանապետին աշխատանքից ազատեցին, մի քանի ոստիկանների մեղադրանք է առաջադրվել ոչ իրավաչափ գործողությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքը խոչընդոտելու, գույքին վնաս պատճառելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար. «Ինչպես կբացատրեք, որ իմ պաշտպանյալի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ընդամենը երկու ոստիկանի ցուցմունքի հիման վրա»:
Կարդացեք նաև
Փաստաբանի խոսքով, մեղադրող դատախազն էլ որեւէ հիմնավորման հետ համաձայն չէ. «Որովհետեւ իրենք այդպես են ցանկանում, իրենց այդպես է հանձնարարված: Ինձ հարց են տալիս՝ նոր կառավարության շունչը երեւո՞ւմ է, թե՞ ոչ, չի երեւում, չի էլ երեւալու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ