Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյանը հայտարարություն է տարածել

Հոկտեմբեր 20,2016 13:36

Կարո Եղնուկյանի հայտարարությունը

Իշխանությունների կողմից իմ նկատմամբ արդեն 5-րդ տարին իրականացվող քաղաքական հալածանքը ունի խորը արմատներ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես Երևանի Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող իմ եռահարկ շինությունը անվճար տրամադրեցի Հիմնադիր խորհրդարանին և բոլոր այլ քաղաքացիական շարժումներին, ովքեր դրա կարիքն ունեցել են: Ավելին, ես ինքնս սկսեցի ակտիվ մասնակցություն ունենալ մի շարք քաղաքացիական նախաձեռնություններին, ինչը բնականաբար դուր չէր գալիս իշխանություններին:

Մաշտոցի պուրակի և «Ծածկած Շուկայի» հետ կապված քաղաքացիական նախաձեռնություններից հետո իրական հալածանքներ սկսվեցին իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ: Մի քանի օրվա ընթացքում երկու անգամ հարձակումներ եղան իմ երկու մեքենաների վրա, մի դեպքում դանակով պատառոտեցին չորս անվադողերը, մյուս դեպքում երկաթյա ծանր ձողով կոտրեցին մյուս մեքենայիս շարժիչի ծածկոցը և հայելիները: Հիմնադիր խորհրդարանին անդամակցելու համար հրկիզվեց իմ 3-րդ մեքենան, իսկ Բերձորի ահաբեկչությունների ժամանակ հիմնովին ջարդվեցին երեք մեքենաներս: Ավելի քան մեկ ամիս իմ լուսանկարով մեծ պաստառը՝ ատելություն, խտրականություն, թշնամանք, բռնություն հրահրող մակագրություններով փակցված մնաց Երևանի կենտրոնում «Ծածկած Շուկա»-յի ամենատեսանելի մասում:

Չնայած իմ բազմաթիվ բողոքներին ոչ մի պաշտոնյա չմիջամտեց այս ակնհայտ անօրինությանը և իշխանությունների կողմից հանցավոր անգործություն դրսևորվեց: Նույն ժամանակաընթացքում ինձ և ընտանիքիս անդամներին բազմաթիվ անգամներ հետապնդել են՝ վախի մթնոլորտ սերմանելու նպատակով: Այս բոլոր ահաբեկչությունները իմ նկատմամբ իրականացվել են իշխանությունների թողտվության և հովանավորության արդյունքում:

Վերջին ժամանակներում իմ մի շարք բարեկամներ և ծանոթներ հորդորում էին ինձ, որ Հայաստանում իմ ունեցվածքը վաճառեմ և գնամ ԱՄՆ, քանի դեռ այն ձեռքիցս չեն վերցրել: Նրանք ինձ ասում էին աղջիկներիդ մասին մտածի: Բնականաբար այս մարդկանցից մի մասը իրական բարի կամեցողներ են,սակայն մեծ մասը ինձ «մեսիջ» էին ուղարկում: Ինչպես ասում են առանց կրակ ծուխ չի լինում: Այս գործելաոճը բավականին տարածված է Հայաստանում, և նման ձևով վարվել են մի շարք սփյուռքահայ ներդնողների հետ:

Այսպիսով արդեն երկար ժամանակ է իշխանությունները պատրվակ էին փնտրում ազատվել ինձանից՝ չկա անձը չկա նաև պրոբլեմը թեզիսի համաձայն: Եվ քանի որ ես որևէ սև գործերի կամ ֆինանսական մութ պատմությունների մեջ խառնված չեմ եղել իշխանությունների համար դժվար էր ինձ մեկուսացնել կամ սահմանափակել: Սասնա ծռերի գործողությունները առիթ հանդիսացան ինձ մեկուսացնելու և պատժելու համար: Ինձ կեղծ և շինծու մեղադրանք առաջադրեցին: Քանի որ որևէ հանցավոր արարք ես չէի կատարել, ինձ մեղադրեցին հավաքի ժամանակ տեղեկատվություն հրապարակելու, համացանցով տեղեկություններ տարածելու, հանրահավաք կազմակերպելու և ռադիոկապով ապահովել ձգտելու մեջ: Չնայած ինձ նման արարքներ մեղսագրեցին, սակայն նախաքննական մարմինը որևէ ապացույց այդպես էլ չկարողացավ ներկայացնել: Ինձ մեղադրում են ոստիկան պատանդներին պահելուն աջակցելու մեջ, սակայն Սասնա Ծռերից որևէ մեկին ոստիկան պատանդներին պահելու մեջ չեն մեղադրել: Ինձ մեղադրում են զավթած շենք շինությունները պահելուն օժանդակելու մեջ, սակայն երբ Սասնա Ծռերի տղաները զենքերը վայր դրեցին և շինությունները ազատեցին, նրանց ոչ մեկին չմեղադրեցին նման մեղադրանքով: Փաստորեն հանցագործություն կատարողները չկան, սակայն ինձ մեղադրում են գոյություն չունեցող հանցագործներին օժանդակելու մեջ:

Դատարանները կալանք կիրառեցին և կալանքի ժամկետը երկարացրեցին առանց որևէ հիմքերի: Երբ պաշտպանս պահանջում էր, որ դատարանը կամ քննիչը մատնանշեն այն նյութը, որի հիման վրա քննիչը հանգել էր հետևության, որ ես կխոչընդոտեմ նախաքննությանը, դատավորը առանց կոնկրետ նյութ մատնանշելու ասաց, որ նյութը քրեական գործում է: Նույն հարցին քննիչը հայտարարեց, որ նյութեր կան բայց դրանք նախաքննական գաղտնիք են, դրա համար էլ չենք ներկայացնում դատարանին:

Դատարանը աննախադեպ բարձր գրավը մերժեց առանց որևէ պատճառաբանությունների: Անտեսվեց նաև 30-ից ավել պատգամավորների, իրավապաշտպանների և հեղինակավոր անձանց երաշխավորությունները և միջնորդությունները: Կալանքը ուղեկցվեց հարազատներիս հետ տեսակցությունների և հեռախոսազանգերի անօրինական սահմանափակումով:

Վերջերս ՀՀ Նախագահը նեղ շրջապատում իմ կարգավիճակի հետ կապված շփումների ժամանակ հայտարարել է, որ ես սպառնում եմ ազգային անվտանգությանը: Եթե կա նման ենթադրություն անելու որևէ թեկուզև աննշան հիմք, ապա թող բոլոր հիմքերը հրապարակվեն, եթե ոչ, նշանակում է, որ Նախագահը անձնական վրեժխնդրություն է դրսևորում: Բացի այն, որ Նախագահը խախտում է անմեղության կանխավարկածը, նա ինձ պատժելով վրեժխնդիր է լինում նաև եղբորիցս, ով «հանդգնել էր» մի քանի տարի առաջ Նյու-Յորքում, Կոլումբիայի համալսարանում քննադատել Նախագահին քաղբանտարկյալների մասով: Այստեղ Նախագահը ևս խախտել էր անմեղության կանխավարկածը և դեռ դատաքննությունը չավարտված ասել էր, որ Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել:

Այս ամենից հետո ավելի քան անհասկանալի է ԱՄՆ դեսպանի դիրքորոշումը, ով ներկայացնում է ԱՄՆ կառավարությանը: Ես դեսպանին բազմիցս խնդրել եմ, որ նա հայտարարությամբ հանդես գա՝ դատապարտելով, որ Հայաստանում չարաշահվում է նախնական կալանքը, այդ թվում նաև իմ նկատմամբ: Ես չէի ցանկանում, որ Դեսպանը իմ անմեղության մասին հայտարարություն անի, այլ բացառապես նախնական կալանքի: Ի դեպ այս մասին արդեն ԱՄՆ պետական դեպարտամենտը Հայաստանի մասին իր տարեկան զեկույցում արդեն նշել էր: Իր հերթին էլ դեսպանը ինձ ուղղված նամակում ևս նշել էր այս մասին:

Կալանքի ընթացքում դեսպանատան հետ իմ անմիջական կապը եղել է Հյուպատոսի տեղակալ Ադամ Քոլվինը, ով վերջին անգամ ինձ այցելեց հացադուլի հինգերրորդ օրը, սակայն անգամ չհետաքրքրվեց իմ առողջական վիճակով: Նա ինձ ասաց, որ մենք ի պաշտոնե չենք կարող նման հայտարարություն անել: Այս պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ հենց Դեսպանն է իր նամակով հայտնել ինձ և եղբորս, որ իրենք կարող են դատապարտող հայտարարությամբ հանդես գալ երեք դեպքերում.

1) Երբ մեղադրանքը և մեղսագրվող գործողությունները վկայում են, որ ես քաղաքական հալածյալ եմ,

2) Երբ խախտվել է իմ այնպիսի հիմնարար դատավարական իրավունք, (Due process) որը նախատեսված է Հայաստանի օրենքներով և միջազգային պայմանագրերով,

3) Երբ խտրականություն կա, իմ որպես ԱՄՆ քաղաքացու նկատմամբ:

Մենք այս երեք հանգամանքների մասին էլ բազմիցս բազմակողմանի փաստերով ապացուցել ենք և նամակներով դիմել Դեսպանին, և նրանից մինչև այսօր այդ փաստերից որևէ մեկի հետ կապված աննշան անհամաձայնություն չենք ստացել, բացառությամբ Միրոնովի գործի հանգամանքների, ինչի առընչությամբ ինձ կտրուկ ասել են Միրոնովի դեպքի հետ դու գործ չունես:

ԱՄՆ հյուպատոսը եղբորս հայտնել է, որ Դեսպանը իմ հարցով խոսել է նաև ՀՀ Նախագահի հետ, ով ասել է, որ Դեսպանի կողմից կատարված հայտարարությունը կվնասի և անօգուտ կլինի: Ավելին, Դեսպանը ինձ ուղղված իր նամակում նշում է, որ ինքը խորհրդակցել է իր թիմակիցների և Հայաստանի իշխանությունների հետ, թե ինչքանով է նպատակահարմար հայտարարություն անել իմ մասին: Հայտարարություն անելու կամ չանելու քննարկումները, ևս հերքում է այն միտքը, որ Դեսպանը իրավասու չէ նման հայտարարություն անել: Հարց է առաջանում եթե չէիք կարող հայտարարություն անել, ապա ինչու էիք քննարկում և ծանրութեթև անում այդ հարցը՝ հատկապես Հայաստանի պաշտոնյաների հետ: Այդ երբվանից է մոլորակի գերտերության դեսպանը (հանձինս ԱՄՆ կառավարությանը) իր որոշումների համար խորհրդակցում այլ պետության իշխանավորների հետ: Այս հանելուկին ավելացնենք ևս մեկը, որ այս քննարկումների ժամանակ Դեսպանը իր թիմակիցներով գտել է, որ իրենց հայտարարությունը անարդյունավետ կլինի և կվնասի ինձ: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Դեսպանը կարող է հայտարարություն անել, սակայն չի անում:

Ի վերջո այդպես էլ ինձ պարզ չեղավ, թե Դեսպանը բոլոր պաշտոնավորների հետ ինչ է խոսել իմ մասին, նրանք ինչ են ասել, որ Դեսպանը ելնելով իմ «շահերից» հայտարարություն չի անում: Դեսպանը ինձ ուղղված իր նամակում նշում է, որ ինքը հանդիպել է Գլխավոր դատախազին, ՀՔԾ-ի պետին, Արդարադատության նախարարին և ՄԻՊ-ին և իմ հարցը նրանց մոտ առաջ է քաշել: Սակայն դժբախտաբար Դեսպանը ինձ չի ասում, թե նրանք ինչ են ասել: Փաստորեն բոլորը խոսում են իմ շահերի մասին, բայց ես ոչ մի բանից տեղյակ չեմ:

Քանի որ նախնական կալանքի մասով հայտարարություն չեղավ, ես խնդրեցի, որ դեսպանը հանդես գա մարդասիրական տեսանկյունից, և հանդես գա գրավ կիրառելու խնդրանքով, հատկապես այն պարագայում, որ դատարանը կալանք էր կիրառել բացառապես այն բանի համար, որ զինված խմբի անդամները դեռևս չէին ազատել շինությունները: Այժմ բոլորովին այլ իրավիճակ է: Այս գրավ կիրառելու մարդասիրական քայլի մեջ, որևէ իրավական կամ քաղաքական միջամտություն չկա, սա բոլորովին անմեղ և արժանապատիվ քայլ էր: Սակայն Դեսպանը կրկին չարեց սա առանց որևէ պարզաբանման:

Վստահ եմ, որ Դեսպանը գիտակցում է, որ այս իշխանությունները հաշվեհարդար են տեսնում իմ նկատմամբ և նրանք ինձ պետք է պահեն կալանքի տակ, որքան ցանկանան: Դա կարող է ձգվել առնվազն 3 տարի (1 տարի նախաքննություն և երկու տարի դատաքննություն), այն էլ լավագույն դեպքում, եթե դատարանը ինձ արդարացնի, (վատագույն դեպքում ինձ սպառնում է 20 տարի ազատազրկում): Այս անարդարությունը խափանելու համար երկու ճանապարհ կա (քանի որ ցավոք իրավական ճանապարհով հարցի լուծման տարբերակը չի աշխատում): Մի տարբերակը նա է, որ Դեսպանը, հետևաբար նաև ԱՄՆ կառավարությունը հրապարակային հայտարարություն անի, որ իմ նկատմամբ կալանք ընտրելը և գրավ չկիրառելը անարդարացի է, և միաժամանակ ճնշում գործադրի իշխանությունների նկատմամբ, որ ինձ ազատ արձակեն, և երկրորդ տարբերակը, որ Հայաստանում իշխանափոխություն լինի և բոլոր քաղբանտարկյալները ազատ արձակվեն:

Դեսպանի կողմից այս հանգամանքը լավ իմանալով ոչինչ չանելը և նման դիրք բռնելը ինձ հուշում է, որ այստեղ առկա է քաղաքական դավադիր համաձայնություն:

Հուսով եմ, որ Դեսպանատունը կվերանայի իր մոտեցումը կընդունի արդար դիրքորոշում, ինչը համահունչ կլինի ամերիկյան դարեր շարունակ պահպանվող և կիրառվող արդարության, ազատության և հավասարության սկզբունքներին:

Քաղբանտարկյալ՝ Կարո Հակոբի Եղնուկյան

«Երևան Կենտրոն» ՔԿՀի կալանավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հետաքրքիր է, ոչ մի խօսք չկա այն ընկերներին մասին որոնք չասացին որ ետ վերադառնա ԱՄՆ, բնավ, այլ ընդհախկառակն, խորհուրդ տվին որ մի քիչ նվազ մխրճվի ծայրահեղ քաղաքականության մէջ, կամ գոնէ իր երեխաները հեռու պահէ արմատական քաղաքական գործողություններից, որպէսզի իրենց հայրենադարձությունը ապարդիւն չդառնա, չճահճանա այդ մութ փակուղիում, որպէսզի իրենց փողերով նաեւ կառուցողական բաներ անեն, գործեր հիմնեն – թեկուզ վնասո՛վ -, եւայլն., փոխանակ զանոնք – եւ իրենք զիրենք – վատնելու, մսխելու այս անհեթեթ ուղիում…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31