Հոկտեմբերի 20-ին մեկնարկեց «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, որը հոկտեմբերի 20-22-ը կանցկացվի Երևանում, իսկ 23-24-ը՝ Ստեփանակերտում:
Համաժողովը կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարությունը Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի և Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ:
Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը նվիրված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակին:
Համաժողովին բացման արարողությանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանը, ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք:
Կարդացեք նաև
Ընթերցվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որը ներկայացրեց Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը, որում մասնավորապես ասված էր. «Ջերմորեն ողջունում եմ Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներին, կազմակերպիչներին և հյուրերին: Ուրախ եմ, որ լրագրողները հերթական համաժողովը հրավիրել են հայրենիքում:
Խորհրդանշական է, որ ներկա համաժողովը նվիրված է հայկական երկու հանրապետությունների անկախության 25 ամյակներին և տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Հայաստանում իրականացվում են հիմնարար և համակարգային բարեփոխումներ: Այս համատեքստում յուրովի է իմաստավորվում նաև համաժողովի խորագիրը՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք»: Մեկնարկելով Երևանում՝ համաժողովն աշխատանքները շարունակելու է մեր արդար պայքարի ու նորագույն հաղթանակների միջնաբերդում` Արցախ աշխարհում:
Հայ մամուլնը սկսվեց «Ազդարարով», որ հայրենի հողի վրա չէր տպագրվում: Այս իրողությունն ինքնին արտացոլումն էր մի պատմական իրավիճակի, որ չէր կարող նախանձելի համարվել: Այնուհետև մեր լրատվության պատմությունը հարստացավ բազմահազար լրատվամիջոցներով և դարձավ հայ մշակույթի, այդ թվում՝ քաղաքական մշակույթի հայելին: Հայկական լրատվամիջոցները թե՛ Հայրենիքում, և՛ աշխարհի բոլոր ծագերում եկեղեցու և դպրոցի հետ միասին եղել և մնում են հայ ոգու ու ինքնության պահպանման հիմնասյուները»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնության խոսքը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Նաթան արք. Հովհաննիսյանը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհակալություն հայտնեց աշխարհի 31 երկրից համաժողովին մասնակցելու ժամանած 140 լրագրողներին: Նախարարը կարևորեց համաժողովի համար ընտրված թեման՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք», որի շրջանակներում կհնչեն զեկույցներ ու կծավալվեն քննարկումներ: «Անցնող ապրիլյան պատերազմին մենք համահայկական լրատվադաշտի համերաշխ և միասնական աշխատանքի ականատեսը դարձանք: Այս համաժողովի նպատակը համահայկական տեղեկատվական դաշտի ընդլայնումն ու կատարելագործումը պետք է լինի, լրատվական ներուժի համախմբումը և արդյունավետ կիրառումը Հայաստանի զարգացման, ՀՀ միջազգային վարկանիշի բարձրացման, Սփյուռքում հայապահպանության, համահայկական հիմնախնդիրների լուծման գործընթացում»,- ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը:
Առաջին նիստի թեման էր «Համահայկական տեղեկատվական միասնական ցանցի ձևավորման կառուցակարգերը և լրատվամիջոցների համագործակցության ուղիները ճգնաժամային պայմաններում»:
Նիստը վարեցին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը (Կանադա), «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը (Լիբանան), «Հայրենիք» շաբաթաթերթի խմբագիր Արարատ Ղուկասյանը (Իսպանիա):
Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հանդես եկավ «Ճգնաժամային տեղեկատվությունը և հայկական լրատվադաշտը» թեմայով:
«Նոյյան տապան» մեդիա հոլդինգի տնօրեն Տիգրան Հարությունյանն անդրադարձավ համահայկական տեղեկատվական ցանցի ձևավորման փուլերին և արդի պայմաններում զարգացման առանձնահատկություններին:
Չեխիայի «Օրեր» ամսագրի թղթակից Աննա Կարապետյանն ներկայացրեց տեղեկատվական անվտանգության մարտահրավերներն ու հրատապ խնդիրները:
Լիբանանի Հայ երիտասարդաց ընկերակցության մամլո և տեղեկատվության պատասխանատու Ահարոն Շխրտմյանն անդրադարձավ հայ մամուլի համազգային հայեցակարգի մշակման անհրաժեշտությանը:
Առաջին նիստի վերջին զեկույցը «Արմենպրեսս» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանինն էր: Նա ներկայացրեց «Լրատվության ապագան: Ժամանակակից լրատվական միտումները` համահայկական տեղեկատվական միասնական ցանցի ձևավորման համատեքստում» թեման:
Համաժողովը ուղիղ հեռարձակվում է համացանցով, ինտերակտիվ է․ աշխարհի տարբեր երկրներից հայ լրագրողները մասնակցում են համաժողովի աշխատանքներին համացանցի միջոցով:
Մինչ համաժողովի բացումը տեղի ունեցավ «Սրբուհի Տյուսաբ» նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը:
Մարումն իրականացրին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: Մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում:
2016 թվականի հոկտեմբերի 20-ին «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ դրեց 1 նամականիշ՝ նվիրված արևմտահայ գրող, հրապարակախոս, հայ առաջին վիպասանուհի Սրբուհի Տյուսաբի 175-ամյակին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ