ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ ավելացված արժեք չստեղծող ծրագրերը պետք է վերանայեն: Պետական եւ օտարերկրյա ֆինանսավորմամբ գնումների ոլորտում բարեփոխումը պարզ եւ թափանցիկ գնումների համակարգ ստեղծելն է: Վարչապետն ասաց, որ կառավարությունը ներդնելու է պետական գնումների միասնական համակարգ, որը էլեկտրոնային Հայաստան կամ էլեկտրոնային կառավարում ծրագրի մի մասն է լինելու: Պետական կառավարման համակարգի բարեփոխումը երկրի զարգացման համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախապայման է: Նա ասաց, որ ամենօրյա աշխատանք է պետք՝ պետական աշխատողի կաբինետից դուրս:
Վարչապետի խոսքերով՝ «Տնտեսական վիճակի վերլուծությունը վկայում է, որ ստանդարտ գործիքակազմով եւ մեթոդներով չափազանց բարդ է զարգացում ապահովելը: Պետք է վեր հանենք եւ վերացնենք երկրում ներդրումների իրականացմանը եւ ձեռներեցության զարգացմանը խոչընդոտող բոլոր վարչարարությունն ու ավելորդ ընթացակարգերը»:
Կարեն Կարապետյանն ասաց, որ միջազգային ներդրողներին պետք է ապացուցեն, որ ՀՀ-ում ներդրումներ անելն ու բիզնես ծավալելը անվտանգ է եւ շահավետ: Նա նշեց, որ աշխարհում երջանիկ են համարվում այն երկրները, որտեղ կա ձեռներեցության համար անհրաժեշտ պայմաններ. «Կարեւորը նավթ, գազ ունենալը չէ, այլ՝ մարդկանց իրենց ստեղծագործ կարողությունների բացահայտման հնարավորություն ընձեռելը: Մեր առաջնային խնդիրը բիզնեսի համար ազատ եւ արդար մրցակցային միջավայրի ապահովումն է»:
Կարեն Կարապետյանն անդրադարձավ նաեւ հարկային-մաքսային համակարգերին եւ ասաց, որ այնպիսի խաղի կանոններ պետք է սահմանեն, որ օրինապահ հարկատուների համար ստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ. «Պետք է սկսենք իրականացնել հարկային եւ մաքսային աշխատողների կերպարի արմատական վերափոխման ծրագիրը: ՀՀ քաղաքացին պետք է իմանա՝ հարկային եւ մաքսային մարմինները ոչ թե իր կյանքը տնօրինում են, այլ՝ սպասարկում են իրեն»:
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց, որ սպասարկման որակը կբարելավեն եւ մեկ պատուհանի սկզբունքով՝ ամեն ինչ կանեն արագ սպասարկման համար:
Ինքնազբաղվածները պետք է ունենան գերարտոնյալ՝ հարկային մարմինների հետ շփումներից զուրկ հարկային կարգավիճակ: Միեւնույն ժամանակ ոչ օրինապահ տնտեսվարողը պիտի իմանա, որ ինքը տարբեր գործիքներով մոնիտորինգի է ենթարկվում եւ հարկերից խուսափելը չի կարող անհետեւանք մնալ. «Թե հարկային եւ մաքսային, թե այլ պետական մարմինների կողմից իրականացվող մոնիտորինգը պետք է խստագույնս լինի օրենքի սահմաններում: Անհետեւանք չի մնա իրավապահ մարմինների կողմից օրենքով սահմանված իրենց լիազորությունները գերազանցելու որեւէ դեպք»:
Վարչապետն ասաց, որ բիզնեսը շատ է դժգոհում այսպես կոչված հսկիչ գներից. «Այդ պրակտիկան էապես սահմանափակելու համար ներմուծման ժամանակ ոչ ռիսկային երկրներից արտահանման, հայտարարագրի փաստաթղթերի առկայության դեպքում ամբողջությամբ անցնելու են հաշիվ ապրանքագրերում նշված գներով մաքսազերծմանը, կրճատելու ենք այլ պետական մարմիններից պահանջվող տեղեկանքների թիվը»:
Վարչապետը գործարարներին ասաց, որ նրանց հնարավորություն է տրվում թեժ գծի միջոցով ուղիղ կապ հաստատել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ եւ վարչապետի հետ. «Վստահ եղեք՝ որեւէ դիմում անարձագանք չի մնա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ