«Այս ծրագրի կարեւորագույն ուղերձը մեր երկրի այսօրվա իրավիճակի համարձակ ու շիտակ ախտորոշումն է՝ առանց ինքնախաբեության, առանց թաքցնելու՝ ինչ վիճակ ունենք երկրում: Բնականաբար, երբ ճիշտ ախտորոշում ես կատարում, դրանից էլ բխում են հնարավորինս ճշգրիտ ձեւակերպվելիք խնդիրները: Համարձակ ու հավակնոտ ծրագիր է եւ իրավիճակին լրիվ համարժեք»,- խորհրդարանում հրավիրած մամուլի ասուլիսում կառավարության ծրագիրն այսպես գնահատեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հիշեցնենք, ավելի վաղ ՀՅԴ-ական գործիչն ասել էր, որ քննարկումների ժամանակ ծրագրում 90 տոկոսով ներառվել են այն հարցերը, որոնց մասին Դաշնակցությունը տարիներ շարունակ խոսում էր, եւ որոնք տեղ են գտել ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության համաձայնագրում:
«Մենք իսկապես քննարկումներում ծրագրի դրույթներում տեսնում ենք կամք, վճռականություն, էներգիա, երկրում արդյունավետ կառավարում ապահովելու, իրական որակական փոփոխություն իրականացնելու վճռականություն: Այս ծրագիրը` իր խնդիրներով, նպատակադրումներով, ունենալու է Դաշնակցության ամբողջական աջակցությունը, եւ արդեն ընթացքում, ըստ կատարողականի, արդյունքների, կգա նաեւ գնահատելու ժամանակը»,- հավելեց ՀՅԴ քարտուղար Աղվան Վարդանյանը`հավելելով, որ իրենք ուզում են հավատալ, որ երկրում իսկապես բան է փոխվում, պետություն-հասարակություն-քաղաքացի հարաբերություններում նոր հիմք է դրվում. «Մնում է բոլորս փորձենք ոչ թե կողքի կանգնել, այլ մասնակից լինել, աջակցել, վստահության մթնոլորտ ստեղծել, որպեսզի իսկապես մեր երկրում մեր ցանկացած փոփոխությունները կատարվեն»:
Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ ներկայացված ծրագրում շատ նորարարական մոտեցումներ կան, մեթոդաբանական եւ ոճի տարբերություն կա նախորդ ծրագրերի համեմատ:
Կարդացեք նաև
Լրագրողների դիտարկումներին, որ այն ամենն, ինչ արձանագրված է այս կառավարության ծրագրում, նախորդ կառավարություններն էլ են հայտարարել համակարգային փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի եւ մնացյալ բաների մասին ու չեն հաջողել՝ Արմեն Ռուստամյանը հակադարձեց, որ այն մոտեցումը, որ իրենք զգացել ենք վարչապետի մոտ, իրենց ոգեւորել է. «Սրանք պարզ խոսքեր չեն»:
Ճշտող հարցին`հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ի լավատեսությունը Կարեն Կարապետյանի անձով է պայմանավորված, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Անձերը կարեւոր են: Վարչապետը շատ լավ հասկանում է, որ իրավիճակը ծանր է և իրենից ակնկալիքները մեծ են, և նա առաջացրել է այդ ակնկալիքները, որոնք մեզ համար շատ գնահատելի են: Հերթական անգամ հիասթափեցնելը ոչ մեկիս շահերից չի բխում, մանավանդ, որ էլ տեղ չկա հիասթափեցնելու»:
Արմեն Ռուստամյանը նաեւ հավելեց, որ ծրագրում ներառված դրույթները տանում են նրան, որ նպատակին չծառայող բոլոր օղակները կրճատվեն, ինչը կբերի ծախսերի կրճատման եւ համակարգի օպտիմալացման: «Գլխավոր հարցը, որ մենք տեսնում ենք, կառավարության ճյուղերի տարանջատումն է, որովհետեւ մենք բազմիցս ասել ենք, որ կա շփոթ, նույն պատասխանատվությունը կրում են տարբեր ճյուղեր: Կառավարություն անդամների լիազորությունները պետք է հստակեցվեն, դա կարեւոր հաստատում է»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը:
ՀՅԴ-ում դրական փոփոխություն են համարում ՏԻՄ մարմիններում սպասվող փոփոխությունները. «Նախկին շրջանների նման երկիրը պետք է խոշորացվի եւ ընտրությունները բոլոր տեղերում տեղի ունենան համամասնական ընտրակարգով: 950 կամ դրան մոտ տեղական ինքնակառավարման մարմինները շատ են Հայաստանի համար: Համայնքները պետք է խոշորանան»:
Կառավարության ծրագրի`կոռուպցիայի դեմ պայքարի դրույթի մասին էլ ՀՅԴ-ական պատգամավորն ասաց. «Մեզ համար գլխավոր ուղղություն է եղել այստեղ համակարգված դարձնել պայքարը, օրենսդրորեն ամրագրելով: Նաեւ նոր գաղափարներ կային՝ ապօրինի հարստացում, շահերի բախում, պետական գնումների ապարատում առկա խնդիրներ: Բավականին հստակ արձանագրված են այն քայլերը, որոնք պետք է կատարվեն այդ ուղղությամբ: Ծրագրում առկա են այն ռազմավարական խնդիրները, որոնք մենք նախապես ունեցել ենք համաձայնագրով»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ