Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիշել՝ պետական պաշտոնյաները իրենց պաշտոնները ժառանգած պետեր չեն, այլ՝ ընդամենը ծառայողներ». Կարեն Կարապետյան

Հոկտեմբեր 20,2016 12:51

«ՀՀ կառավարության նպատակն է հանրապետությունում բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեքի՝ ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, ապագայի նկատմամբ լավատեսությունը»,- այսպես ԱԺ-ում կառավարության ղեկավարը՝ Կարեն Կարապետյանը ներկայացրեց կառավարության նոր ծրագիրը:

Նա հայտարարեց. «Մենք պետք է ամեն ինչ անենք՝ կայուն եւ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող միջին խավ շարունակաբար ձեւավորելու եւ փայփայելու համար: Միայն բոլորիս շահագրգիռ եւ միասնական ջանքերի շնորհիվ հնարավոր է լուծել մեր առջեւ կայացած խնդիրները: Կառավարությունը պետք է առաջնորդի այդ ջանքերը: Բարեփոխումները պետք է սկսենք հենց կառավարությունից: Մենք պետք է նոր շունչ հաղորդենք տեղական ինքնակառավարման մարմիններին՝ դրանք դարձնելով ժամանակակից, ճկուն եւ արդյունավետ: Այդ համակարգերը ասես սանիտարական մաքրման ենթարկելով՝ պետք է հասնենք նրան, որ նվազագույն ծախսերով ապահովենք առավելագույն արդյունավետություն»:

Կարեն Կարապետյանը խոսեց նաեւ պետական համակարգում կոռուպցիայի մասին՝ նշելով, որ դրա մասին շատ են խոսում. «Ես վստահ եմ, որ հասարակությունը կզգա համապատասխան ազդակները»:

Նա ասաց, որ կառավարության պետական մարմինները պետք է ունենան իրենց գործն անելու բավարար լիազորություններ, բայց եւ՝ համապատասխան պատասխանատվություն:

Կարեն Կարապետյանը խոսեց նաեւ մեկ պատուհանի սկզբունքից, ասաց, որ պետական կառավարման մարմինները պետք է ոչ թե աշխատողների համար զբաղվածություն ապահովեն, այլ քաղաքացիներին ծառայություն մատուցեն, եթե այդ ծառայությունները արդյունավետ չեն, թանկարժեք են՝ պետք է վերանան, կամ փոխակերպվեն. «Կարեւոր է հիշել՝ պետական պաշտոնյաները իրենց պաշտոնները ժառանգած պետեր չեն, այլ՝ ընդամենը ծառայություն մատուցողներ են: Կարեւոր է, որ պետական մարմինների դուռը թակելով՝ քաղաքացիները նորմալ ծառայություն ստանան: Սա մշակույթ է, որի համար ժամանակ է պետք, բայց պետք է քայլեր կատարել այսօրվանից»:

Կարեն Կարապետյանն ասաց, որ բազմաթիվ ծրագրեր վերանայելու կարիք ունեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31