«Ֆրանսիայում այդ գործընթացը բավականին երկար ժամանակ խմորվեց: Որոշումն ուղղակիորեն առնչվում է քաղաքական գործընթացների հետ: Արեւմտյան աշխարհն իր հարաբերությունները Թուրքիայի հետ որակապես նոր մակարդակի վրա է դրել՝ հաշվի առնելով իրավիճակը Սիրիայում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ֆրանսիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, ասաց Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:
Նրա դիտարկմամբ՝ հաշվի առնելով նաեւ Գերմանիայի Բունդեսթագի համապատասխան որոշումը, կարելի է ասել, որ գործընթացը շարունակական է. «Մեր համոզմամբ՝ երրորդ կողմերի, ինչպես օրինակ Ֆրանսիայի եւ Գերմանիայի դիրքորոշումները, ներկայացնելով կարեւորություն, բավարար չպետք է լինեն խնդրի լուծման համար: Տրամաբանությունը հուշում է, որ Թուրքիան եւ Հայաստանը մի օր պետք է իրար հետ նստեն եւ այս խնդիրը լուծելու կամք դրսեւորեն»:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ լծակներով Թուրքիան կարող է պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ: «Պատժամիջոցներ կիրառելը գնալով դժվար է դառնում, քանի որ առաջատար խաղացողների առարկայական շահերը թելադրում են՝ լինել գործակցության մեջ: Ուստի եկեք մենք չմտածենք այդ պատժամիջոցների մասին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ