Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևն ընդամենը ժամանակ է ձգում՝ նախապատրաստվելով լայնածավալ պատերազմի. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 20,2016 12:24

Ղարաբաղյան բանակցային գործընթացում վերջին ամիսներին հաստատված ժամանակավոր դադարի պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը հայտնվել է աննախադեպ դիվանագիտական մեկուսացման մեջ։

Նման պայմաններում, երբ նորից սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, թվում է, թե հակառակորդի հանդեպ ռազմաքաղաքական եւ դիվանագիտական առավելություն ձեռք բերած Հայաստանն իր հերթին կանգնել է ստեղծված բարենպաստ իրավիճակն օգտագործելու եւ Ադրբեջանին բանակցային զիջումների դրդելու խնդրի առաջ։

Մինչդեռ Հայաստանին ձեռնտու չէ ինչպես Ադրբեջանի դիվանագիտական մեկուսացումից դուրս գալը, այնպես էլ խնդրի լուծումը նորից պատերազմական գործողությունների վերսկսման հետ կապելու հեռանկարը։ Ուստի հայկական կողմը չի կարող անտարբերությամբ անցնել այն իրողության առջեւ, որ Վ.Պուտինի ստամբուլյան այցից հետո եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան ժամանելուց առաջ թուրք-ադրբեջանական դիվանագիտությունը աննախադեպ ակտիվություն է դրսեւորում Ղարաբաղի հարցում։

Ավելին՝ այդ ակտիվությունն իր արձագանքն է ստացել նաեւ ռուսական դիվանագիտության առաջին դեմքերի շրջանում, ինչը մեր երկրում առաջացրել է որոշակի անհանգստություն։

Սակայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի երեւանյան նստաշրջանի հետ կապված անցուդարձը ցույց տվեց, որ պաշտոնական Մոսկվան բարդ երկմտանքի մեջ է հայտնվել. մի կողմից՝ հակադրվելով ստատուս քվոյի մասին ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը, փորձում է ցույց տալ, որ ինքն ի վիճակի է առանձնաբար փոխել այն, մյուս կողմից էլ՝ Երեւանում իր դեսպանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբում իր ներկայացուցչի միջոցով «ջրում է» նման տպավորությունը։

Նման պայմաններում Ադրբեջանի նախագահն իր հերթին սկսում է բացել փակագծերը եւ մեսիջներ ուղարկել ինչպես Երեւանին, այնպես էլ Մոսկվային։ Հասկանալի է, որ մեզ հետ հեռակա խոսակցության մեջ Ալիեւը, պատերազմի նոր սպառնալիքները Ղարաբաղին ինքնավարություն տալու խոստումների հետ զուգորդելուց բացի, այլ տարբերակ չունի։ Մյուս կողմից էլ ռուսական մեդիադաշտի ներկայացուցիչների հետ իր խոսակցությունների միջոցով «չի բացառում» ԵԱՏՄ-ին Ադրբեջանի ինտեգրվելու հավանականությունը։

Սա ցույց է տալիս, որ ադրբեջանական դիվանագիտությունը արտաքուստ փորձում է շարունակել ռուսական գործոնը իր կողմը թեքելու այն խաղը, որը մի պահ նրան հաջողություն էր խոստանում՝ ապրիլյան «քառօրյա պատերազմին» հետեւած առաջին ամիսներին, երբ թվում էր, թե ուր որ է Ռուսաստանի միջոցով Ալիեւը հասնելու է հինգ շրջանների վերադարձին՝ Ղարաբաղում ռուսական զորքերի տեղակայման դիմաց։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31