Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը առաջընթաց քայլ է կատարում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանման, պաշտպանության և երաշխավորման ճանապարհին

Հոկտեմբեր 20,2016 11:30

Երևան, 20-ը հոկտեմբերի 2016թ. – Այսօր Հայաստանում տեղի ունեցավ «Աշխարհն առանց խոչընդոտների» խորագրով անդրանիկ միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացմանը: Գիտաժողովը համախմբել էր բազմաթիվ բարձրաստիճան գործընկերների՝ ազդարարելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների աջակցության, պաշտպանության և երաշխավորման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու վերջիններիս վճռականությունը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի գործընկերության կողմից կազմակերպված այս երկօրյա գիտաժողովի կայացմանն աջակցել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագիրը (ԿԲԻԾ):

Ակնկալվում է, որ գիտաժողովը նպաստելու է քաղաքականություն մշակողների և իրականացնողների միջև ազգային համաձայնության ամրապնդմանը ԱՀԿ ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման (ՖՄԴ) իրականացման հարցում, ինչն իր հերթին կազդի երկրում հաշմանդամության գնահատման և հաշմանդամություն ունեցող անձանց համար վերականգնողական ծառայությունների զարգացման վրա: Մասնակիցները կծանոթանան Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման ոլորտում արձանագրված ազգային և միջազգային լավագույն փորձին, կքննարկեն երկրում տարբեր հատվածների միջև համագործակցության ամրապնդման, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ու միջավայրային խոչընդոտների վերացմանն ուղղված միջոցառումները: Ինչպես նաև տեղի ունեցող սոցիալական բարեփոխումների շրջանակներում հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքների ավելի արդյունավետ հասցեագրումը:

Հաշմանդամություն ունեցող երեխաներն, անկասկած, հասարակության ամենախոցելի անդամներն են, քանի որ նրանց իրավունքների իրականացումը կախված է այլ անձանցից: Նրանց դպրոց հաճախելու, առողջապահական ծառայություններից օգտվելու կամ հասարակության մեջ իրենց ձայնը լսելի դարձնելու հավանականությունն ավելի փոքր է: Բացի այդ, իրենց հաշմանդամության պատճառով նրանք չարաշահման և բռնության ենթարկվելու մեծ ռիսկի տակ են: Ամբողջ աշխարհում, որպես կանոն, հաշմանդամություն ունեցող անձինք ունեն ավելի ցածր առողջական և կրթական ձեռքբերումներ, ավելի սահմանափակ տնտեսական հնարավորություններ և աղքատության ավելի բարձր մակարդակ: Այս հանգամանքն ավելի շատ պայմանավորված է այն խոչընդոտներով, որոնց հետ նրանք բախվում են առօրյա կյանքում, քան՝ հաշմանդամությամբ:

2006 թ.-ի դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան նոր թափ է հաղորդում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված միջազգային շարժմանը: Մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձինք բարեգործության, բուժօգնության և սոցիալական պաշտպանության «օբյեկտներ» դիտարկվելու փոխարեն ընկալվում են որպես իրավունքներ ունեցող «սուբյեկտներ», ովքեր ընդունակ են պաշտպանել այդ իրավունքները, կարող են ազատ և տեղեկացված ինքնուրույն որոշումներ կայացնել սեփական կյանքի վերաբերյալ, ինչպես նաև՝ հանդես գալ որպես հասարակության ակտիվ անդամներ:

ՀՀ կառավարությունը վավերացրել է Կոնվենցիան 2010 թ.-ին՝ ազդարարելով իր պատրաստակամությունը երաշխավորելու հաշմանդամություն ունեցող անձանց համընդհանուր մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների իրականացումը, ինչպես նաև՝ վերջիններիս համար քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին մասնակցելու հավասար հնարավորությունների ապահովումը: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 10-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ կառավարությունը 2016 թ.-ը հռչակել է Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի: 2016թ.-ի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի գործընկերության աջակցությամբ ՀՀ պետական ատյաններն աշխատանքներ են իրականացրել գոյություն ունեցող քաղաքականությունն ու օրենսդրությունը Կոնվենցիային համապատասխանեցնելու ուղղությամբ: Գիտաժողովը կօգնի ոչ միայն ընդգծել այս ոլորտում Հայաստանի արձանագրած հաջողությունները, այլև՝ փորձագետների լայն միջազգային ցանցի աջակցությամբ ռազմավարական ուղղություն մշակել այն աշխատանքների համար, որոնք դեռ պետք է իրականացվեն:

 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31