Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագիրը, որը այսօր խորհրդարանը կսկսի քննարկել, ընդհանրական գնահատելու դեպքում կարող ենք արձանագրել, որ այս փաստաթուղթը հատկապես աչքի է ընկնում նրանով, որ դրանում գրեթե իսպառ բացակայում են չափելի տվյալները։
Օրինակ՝ տնտեսության զարգացմանը վերաբերող բաժիններում հնարավոր չէ գտնել կոնկրետ թվով արտահայտված ցուցանիշ, որը նոր կառավարությունը խոստանում է վեց ամսում կամ մեկուկես տարում իրագործել։
Վերցնենք Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրը, դրանում սեւով սպիտակի վրա գրված էր. «2014-2017 թվականների ընթացքում նպատակադրում է՝
1.զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում՝ համախառն ներքին արդյունքի միջնաժամկետ՝ 5 տոկոս աճի միջոցով,
Կարդացեք նաև
2.նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում՝ մինչեւ 65.000 դրամի,
3.աղքատության կրճատման ապահովում՝ 10 տոկոսային կետով»։
Այսինքն՝ ըստ վերը բերված տվյալների՝ կարող ենք հստակ ասել, որ նախորդ կառավարությունն իր ծրագրով խոստացված ցուցանիշները այդպես էլ չի ապահովել։ Սակայն Կարեն Կարապետյանի կառավարությունն ավելի խորամանկ մոտեցում է կիրառել՝ լիքը սիրուն բառեր, խոստումներ են գրել՝ առանց չափելի տվյալների, որպեսզի երբեւէ հնարավոր չլինի ասել՝ դուք խոստացել էիք այսքան աճ կամ աղքատության այսքան կրճատում, բայց դրանք չեք ապահովել։
Իհարկե, առանձին դեպքերում ծրագրում կոնկրետ թվեր են նշված, որոնք իրենց բնույթով անվնաս են, եւ դրանց կատարել-չկատարելու արդյունքում հաստատ հարցեր տվողներ չեն լինի։ Օրինակ՝ խոստանում են 2017 թվականին 150 համայնքներ միավորել 18 փնջի մեջ, այլ կերպ ասած՝ շարունակել համայնքների խոշորացումը։ Հասկանալի է, չէ, որ այս խոստման կատարումը մեծ հաշվով կառավարությունից բացի ոչ մեկին չի հետաքրքրելու։ Իսկ կառավարությանն էլ հետաքրքիր է, քանի որ այդ ծրագրի անվան տակ միջազգային դոնորներից դրամաշնորհներ եւ վարկեր են ստանալու։
Կառավարության ծրագրի մի շարք բաժիններում, օրինակ՝ սոցիալական քաղաքականության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլ, բերված «խոստումներն» այնպիսին են, որ Կարեն Կարապետյանը ոչ թե ծրագիրն
ընդունելու հաջորդ օրը, այլ մինչեւ այդ կարող է հայտարարել, որ դրանք իրագործել է։ Կենաց-խոստումների առանձնահատկությունը հենց դրանում է կայանում, այն արտաբերելու հենց հաջորդ պահին մարդը կարող է ասել, որ ինքն իր խոստումն իրագործել է։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում