Ի՞նչ է ուզում անել կառավարությունը, ի՞նչ խնդիրներ է դնում իր առաջ, ի՞նչ լուծումներ է առաջարկում այդ խնդիրների համար եւ այլն։ Ծրագրից ակնհայտ է դառնում, որ ի տարբերություն նախորդների, այս կառավարությունը գիտակցում է, որ իրավիճակը լուրջ է: Սակայն թե ինչու է լուրջ, որն է դրա հիմնական պատճառը, ծրագրում, ճիշտն ասած, այնքան էլ չի երեւում։
Եթե փորձենք փնտրել ու ձեւակերպել, թե ինչն է խանգարում մեր տնտեսությանը զարգանալու համար, ապա թերեւս անվիճելի է, որ կառանձնացվի երկու հիմնական խոչընդոտ՝ կոռուպցիա եւ տնտեսության գերկենտրոնացում (այլ բառերով՝ մոնոպոլիզացիա)։ Կառավարությունը ընդունո՞ւմ է, որ սրանք հիմնական խոչընդոտներն են. Եվ եթե ընդունում է, ապա ուզո՞ւմ է վերացնել դրանք։ Եվ եթե ուզում է, ապա ինչպե՞ս է դա անելու։
Փորձենք գտնել այս հարցերի պատասխանները։
Միանգամից նշենք, որ մեր տնտեսության մոնոպոլիզացիան կառավարության ծրագրում ընդհանրապես առանձնացված չէ որպես լրջագույն խնդիր։ Կան, իհարկե, դրույթներ, որոնք «մի թեթեւ» շոշափում են այդ խնդիրը։ Բայց՝ շատ «թեթեւ»։ Ծրագրում ընդամենը նշված է, որ պետք է «վերլուծել եւ վերաիմաստավորել զարգացման մասին մեր պատկերացումներն ու մոտեցումները… մրցակցության ու մրցունակության վերաբերյալ»։ Եվ ըստ էության՝ վերջ։
Կարդացեք նաև
Ծրագրում նույնիսկ չի էլ արձանագրված, որ մեր տնտեսությունը գերկենտրոնացված է՝ մոնոպոլիզացված է, որ երկրի տնտեսության մեծ մասը կենտրոնացած է մի քանի մոնոպոլիստների ու օլիգարխների ձեռքում, որ բիզնեսի ու քաղաքականության սերտաճումը արդեն հնարավորինս ամենաբարձր մակարդակի վրա է։ Այդ մասին ընդհանրապես ակնարկ չկա։
Կարո՞ղ է արդյոք այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյային կամ նրա մտերիմ հովանավորյալին պատկանող բիզնեսի հետ մրցել սովորական, շարքային գործարարը։ Իհարկե չի կարող։ Կարո՞ղ է արդյոք առանց այդպիսի մրցակցության տնտեսություն զարգանալ։ Բնականաբար՝ ոչ։ Սրանք աքսիոմատիկ դրույթներ են, ու ժամանակակից աշխարհում դա այլեւս ապացուցման կարիք չունի։ Բայց կառավարությունը դա նույնիսկ չի նկատում, գոնե ձեւականորեն չի էլ արձանագրում այդ խնդիրը։ Եվ ուրեմն, նման խնդիր կառավարության համար չկա:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Հիմա դուք ծրագիր եք ուզում? թե? դատավճիռ…